Մամուլի տեսություն 07-08-2016
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակումը պատերազմական ոճրագործություն է:
Համշահրի
Միջազգային կազմակերպություններ.«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակումը պատերազմական ոճրագործություն է»
«Բժիշկներ առանց սահմանների» և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունները համատեղ հաղորդագրություն հրապարակելով մարդկային աղետ և պատերազմական ոճրագործություն են որակել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդի շրջափակումը:
Հաղորդագրության մեջ ասված է.«Այդ շրջափակման հետևանքով փակվել են Եմենի ժողովրդին հումանիտար օգնություններ հասցնելու օդային ու ծովային ուղիները: Այդ շրջափակումները բացասական խիստ ազդեցություն են թողել Եմենի խաղաղ քաղաքացիների վրա,որոնք տառապում են տիրող ծանր ճգնաժամի պատճառով: Փաստորեն Սաուդյան կոալիցիան Եմենի ժողովրդին քաղցած պահելը որպես պատերազմական եղանակ է օգտագործում»:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն ընդգծել է.«Ապրանքների ներմուծման ճանապարհին կիրառված սահմանափակությունները բացասաբար են ազդել Եմենի առողջապահական իրավիճակի վրա և այդ երկիրը չի կարողանում լիովին հայթայթել բուժկենտրոնների անհրաժեշտ դեղերը:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս հայտարարել է,որ արաբական կոալիցիան Եմենում տնտեսական ու կենսական հիմնակառույցները թիրախ դարձնելով խախտել է միջազգային օրենքները: Այդ կազմակերպությունը հայտարարել է.«Ռիադը Եմենին ծովային, ցամաքային ու օդային շրջափակման ենթարկելով փաստորեն շրջափակել է նաև լրագրողներին , արտասահմանցիներին և մարդու իրավունքների ոլորտում աշխատող ակտիվիստներին: Այս առնչությամբ Ամերիկյան Politiko պարբերականը գրել է.«Ոտնձգիչ ուժերը կանխարգելում են լրագրողների մուտքը Եմեն: Որոշ լրագրողներ հայտնել են ,որ մաքսանենգ ճանապարհով կարողացել են նավով հասնել Եմեն»:
Սաուդյան Արաբիան 2016 թվականի մարտին ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ կազմեց կոալիցիա և օդային հարձակումներ սկսեց Եմենի վրա ,այդ երկրի վտարանդի նախագահ՝ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին իշխանության բերելու պատճառաբանությամբ:
Այդ ոտնձգության հետևանքով զոհվել են մոտ 7 հազար և վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ ,այդ թվում երեխաներ ու կանայք: Սաուդյան Արաբիայի ռեժիմը ՄԱԿ-ի կողմից մեղադրվել է եմենցի երեխաների 60 տոկոսին սպանելու և այդ երկիրը ռմբակոծելու մեջ:
---
Armradio.am
Մոսկվան Բաքվին եւ Երեւանին «պատրաստի դեղատոմսեր» չի պարտադրում
Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրել Ղարաբաղյան խնդրի կարգավորման «պատրաստի դեղատոմսեր», Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության կողմերի ցանկացած առաջարկություն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օգոստոսի 8- ին նախատեսված Բաքու իր այցից առաջ՝ ադրբեջանական պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ մենք ամենեւին չենք փորձում Ադրբեջանին եւ Հայաստանին պարտադրել պատրաստի դեղատոմսեր։ Կողմերը պետք է ինքները պայմանավորվեն, առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ։ Սա մեր հաստատուն դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ փոխզիջումը «նշանակում է գտնել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջեւ լավագույն հավասարակշռությունը։ Մոսկվան իրեն հաշիվ տալիս է, թե ինչպիսի պատասխանատվություն է դրված Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության ուսերին՝ ասել է Պուտինը։
«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որի դեպքում չեն լինի ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ, կլինեն փոխզիջումներ, որոնք ձեռնտու են ցանկացած կողմին, օգուտները պարզ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հասարակական կարծիքի համար։ Իր հերթին Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի կարգավորման այնպիսի տարբերակին, որը կբավարարի ներքաշված բոլոր կողմերին, մյուս միջնորդների հետ հանդես կգա կարգավորման երաշխավոր»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կապում են պատմական խորը արմատները, ռազմավարական հարաբերությունները, աշխարհագրական մերձությունը։ «Դրա համար մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի հարեւան տարածաշրջան վերադառնա խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն մարդիկ զոհվել, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական կապերը։ Դրա համար անում ենք ամեն հնարավորը»,- շեշտել է Պուտինը։
Միաժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան չի փորձում մենաշնորհել ԼՂ խնդրի կարգավորումը։ «Երբեմն լսում ենք, որ Ռուսաստանը փորձում է մենաշնորհել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված աշխատանքը, մի կողմ հրել մյուս միջնորդներին։ Դա մոլորություն է։ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ղարաբաղյան թեմայով եռակողմ գագաթաժողովները, որոնք եղել են քսանից ավելի, օրգանապես լրացվում են այս հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերով»,- շեշտել է ՌԴ նախագահը։
NEWS.am
Հույն փորձագետ. Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Իրանից Եվրոպա բեռնափոխադրումները, Թուրքիան շրջանցելով, կարող են առավել անվտանգ եւ էկոլոգիապես մաքուր լինել
NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Հունական պլանավորման եւ տնտեսական հետազոտությունների կենտրոնի (KEPE) տրանսպորտային տնտեսության փորձագետ Թեոդոր Ցեկիրիսը՝ մեկնաբանելով Սեւ ծովով Եվրոպա բեռնափոխադրումների երթուղու մշակման վերաբերյալ Հայաստանի եւ Իրանի տրանսպորտի նախարարների բանակցությունները: Պլանավորվում էր երկու փորձնական կոնտեյներ ուղարկել՝ փոխադրման օպտիմալ գինը հաշվարկելու համար:
Փորձագետի խոսքով՝ Թուրքիան շրջանցող այդպիսի երթուղով մուլտիմոդալային բեռնափոխադրումները, հնարավոր է, առավել անվտանգ են եւ էկոլոգիական (քանի որ օգտվում են երկաթուղուց եւ ծովային տրանսպորտից): Ինչ վերաբերում է Բուլղարիային եւ Հունաստանին, ապա երկուսն էլ բավարար թողունակություն ունեն, այդ թվում՝ հունական Ալեքսանդրուպոլիս եւ բուլղարական Բուրգաս նավահանգիստների միջեւ երկաթուղային հաղորդակցության շնորհիվ:
«Եթե խոսենք նույն երթուղով գազի փոխադրման մասին, ապա այն առայժմ այնքան էլ մրցունակ չէ, եւ Մերձավոր Արեւելքից մատակարարումների ամենաիրատեսական եղանակը ծովային փոխադրումն է: Եվ այս հարցում կարեւոր կետ կարող է լինել հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստում սեղմված գազի նախագծվող տերմինալը, որտեղից գազը կարելի է փոխադրել Եվրոպա: Բայց եթե խոսում ենք բեռնափոխադրումների մասին, ապա Իրանով, Հայաստանով եւ Վրաստանով երթուղին շատ խոստումնալից է»,- նշում է Ցեկարիսը: