Նշանակվել է Հայաստանի նոր վարչապետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34612-Նշանակվել_է_Հայաստանի_նոր_վարչապետը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նոր վարչապետ է նշանակել Կարեն Կարապետյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 08:25 Asia/Tehran
  • Նշանակվել է Հայաստանի նոր վարչապետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նոր վարչապետ է նշանակել Կարեն Կարապետյանին:

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում փոխարինել է Հովիկ Աբրահամյանին: Հովիկ Աբրահամյանն անցած հինգշաբթի օրն իր հրաժարականը ներկայացրեց, որպեսզի ՀՀ նախագահը նոր կառավարություն ձևավորելու առիթ ունենա: 2014 թվականի ապրիլ ամսից Հայաստանի վարչապետի պաշտոնը վարող Հովիկ Աբրահամյանը խոստովանելով երկրի քաղաքական ու տնտեսական խնդիրների կարգավորման հարցում իր անկարողությոնը նախորդ շաբաթ հրաժարվեց իր պաշտոնից: Երևանում գտնվող ռուսական աղբյուրների հաղորդման համաձայն, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցում դերակատար են եղել նաև անցած հուլիսին ՀՀ ոստիկանության ուժերի ՊՊԾ գնդի տարածքի գրավման դեպքն ու դրան հաջորդած հակապետական հանրահավաքներն ու անհանդարտությունները: Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում տեղեկացնելով իր հրաժարականի մասին ասաց, որ այդ քայլին է դիմում, որպեսզի հող նախապատրաստի ազգային միասնականության վերականգնման ուղղությամբ նոր կառավարություն ձևավորելու համար:

Մինչև ՀՀ վարչապետ նշանակվելը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահությունը վարող Հովիկ Աբրահամյանը 2014 թվականի ապրիլին այդ պաշտոնում փոխարինեց Տիգրան Սարգսյանին: Թոշակառության ֆոնդի հետ կապված բողոքների պատճառով վեց տարի վարչապետի պաշտոնը վարած  Տիգրան Սարգսյանը պարտավորվեց հրաժարական ներկայացնել:

21-րդ դարի սկզբին Հայաստանի տնտեսական մեծ աճը 2009 թվականից այս կողմ սկսեց նվազել և 2014 թվականին իջավ 3.2 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի անկումը վերջին տարիներին շարունակվել է: Միևնույն ժամանակ վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների ու հատկապես խոցելի խավերի կենցաղային մակարդակը խիստ անկում է ապրել:

Վերջին մեկ տասնամյակում Հայաստանի իշխանությունները ուղղակի հարկեր գանձելու, սուբսիդները կրճատելու և աշխատավարձերի ու թոշակների չափը նվազեցնելու միջոցով փորձել են կարգավորել երկրի տնտեսական վիճակը, ինչը առթել է ժողովրդի բողոքը:

Նման պայմաններում նոր վարչապետ նշանակելով, ՀՀ նախագահը տնտեսական վիճակի կարգավորման և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման   նոր փուլ  է սկսում:

Հիշեցնենք, որ ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը տարիներ վարել է «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նա շուրջ մեկ տարի Երևանի քաղաքապետի պաշտոնը վարելուց հետո անձնական պատճառներով հրաժարական ներկայացրեց և տեղափոխվելով Ռուսաստան, ստանձնեց «Գազպրոմ Բանկ»-ի առաջին տեղակալի պաշտոնը:

  Հայաստանի Սահմանադրության համաձայն,  նոր վարչապետը 20-օրյա ժամկետում ձևավորելու է նոր կառավարության կազմը և իր ծրագիրը ներկայացնելու է ՀՀ ԱԺ-ին:

Անկասկած Հայաստանի նոր կառավարության գլխավոր ծրագրերից են լինելու տնտեսական ներքին ու ֆինանսական խնդիրների կարգավորումը և տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնումը: