Մամուլի տեսություն 10-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42091-Մամուլի_տեսություն_10_11_2016
Այսօրվա ԱՄՆ-ն ժառանգորդն  է այն դեպքերի,որոնք տեղի են ունեցել 21-րդ դարի սկզբից ի վեր: Այդ թվում են Իրաքի ու Աֆղանստանի դեմ իրականացված հարձակումները  և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 16:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-11-2016

Այսօրվա ԱՄՆ-ն ժառանգորդն  է այն դեպքերի,որոնք տեղի են ունեցել 21-րդ դարի սկզբից ի վեր: Այդ թվում են Իրաքի ու Աֆղանստանի դեմ իրականացված հարձակումները  և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:

 «Ջամե Ջամ»

Թրամփը ժառանգել է  կորուսյալ հեգեմոնիա

«Ջամե Ջամ»  թերթը գրում է.-Այսօրվա ԱՄՆ-ն ժառանգորդն  է այն դեպքերի,որոնք տեղի են ունեցել 21-րդ դարի սկզբից ի վեր: Այդ թվում են Իրաքի ու Աֆղանստանի դեմ իրականացված հարձակումները  և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Փաստորեն այսօր ԱՄՆ նորընտիր նախագահը ժառանգել է բազում խնդիրներ ու մարտահրավերներ:

Քաղաքական առումով կարելի է ասել ,որ 20-րդ դարի համեմատությամբ ԱՄՆ-ն այլևս չունի քաղաքական հեղինակություն ու ազդեցություն: 21-րդ դարում երկրները այլևս չընդունեցին  ԱՄՆ-ի հեգեմոնիան: Արդյունքում վերջին մեկ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ն հարկադրված է եղել ցանկացած քայլի դիմելու համար կոալիցիա կազմել: Սկսած հակաիրանական շրջափակումներից մինչև Իրաքի ու Աֆղանստանի դեմ իրականացված հարձակումները:

Տնտեսական առումով, նախորդ դարի  50-ական և 60-ական թթ.-երին աշխարհի տնտեսության մոտ 60 տոկոսը պատկանում էր ԱՄՆ-ին, իսկ այժմ ընդամենը 23 տոկոսն է պատկանում այդ երկրին և ամերիկյան դոլարն այլևս անցյալի նման հզոր չէ:

Ռազմական առումով՝ ԱՄՆ-ն Խորհրդային միության փլուզումից հետո, փոխեց իր ռազմավարությունը և վերածվեց աշխարհի գերտերության: Բայց 21-րդ դարում իրականացնելով Իրաքի ու Աֆղանստանի պատերազմները և մեծ դեր ունենալով  ահաբեկչության ձևավորման մեջ կորցրեց իր գերակայությունը:Կարելի է ասել, որ Դոլալդ Թրամփը  վերոնշյալ երեք ոլորտներում  բազում մարտահրավերների առջև է կանգնելու»,-գրում է Ջամե Ջամը:

«Ռեսալաթ»

Բեռլին-Անկարա առճակատումը շարունակվում է 

Ռեսալաթ թերթը գրում է-Անկարա-Բեռլին առճակատումը սրվել է։ Եվրոպական երկրների քաղաքացիները պահանջում են կտրուկ վերաբերմունք ցուցաբերել Էրդողանի կառավարության քայլերի նկատմամբ։ Թուրքիայի ԱԳ նախարար՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է-«Ցավոք սրտի, Գերմանիան Թուրքիայի կողմից չէ, մշտապես ընդունում է հակաթուրքական նախաձեռնություններ։ Մենք հարցում ենք ուղարկել՝ պահանջելով հանձնել PKK շուրջ 4000 անդամի, սակայն նրանք ոչ մեկին չեն արտահանձնել։ PKK-ն Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքում գումար է հավաքում իր ահաբեկչական գործունեության համար և գերմանական կառավարությունը շատ լավ գիտի այդ մասին»,- ասել է նախարարը։Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Գերմանիա են մեկնում նաև գյուլենականները։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ ասել է, որ վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են դիվանագիտական ջանքեր և երկկողմանի երկխոսություն։Սրան առավել  որոշ եվրոպացի դիվանագետներ պահանջում են դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները։Գերմանիայի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը դեմ է Թուրքիային։

--- 

News.am

The Washington Post Ինչպիսի՞ն է լինելու Թրամփի արտաքին քաղաքականությունը

Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ կանխատեսումներ անելը բարդ է ՝ հաշվի առնելով նրա անփորձությունը, սակայն ամենայն հավանականությամբ նա կձգտի անել այն, ինչ խոստացել է իր նախընտրական քարոզչության ընթացքում։Այս մասին գրում է The Washington Post»–ի վերլուծաբան Դեւիդ Իգնատիուսը։

«Վերջին մեկ տարում ճամփորդելով արտասահմանում, ես ավելի քան տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից մտահոգություն եմ լսել Թրամփի թեկնածության կապակցությամբ։ Նրան անփորձ ու անհուսալի քաղաքական գործիչ են համարում, որը կարող է խախտել ԱՄՆ-ի ավանդական պարտավորություններն ու դաշինքները»,- գրում է վերլուծաբանը։

Նրա կարծիքով,հիմք ընդունելով Թրամփի հայտարարությունները, նրա արտաքին քաղաքականության կենտրոնում լինելու են ԱՄՆ ազգային իրական շահերը ու արտասահմանում թանկարժեք նախաձեռնություններից հրաժարվելը։

Վերլուծաբանը ներկայացնում է մի քանի փոփոխություն, որոնց հետ կարող է բախվել ԱՄՆ-ն։ Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք հնարավոր է կլավանան։ Ընտրապայքարի ընթացքում Թրամփը ասում էր, որ կարո՛ղ է աշխատել նախագահ Պուտինի հետ, ու համաձայն չէ այն կասկածների հետ, որ ռուս հաքերները միջամտում են ընտրությունների ընթացքին։

Թրամփը նաեւ առաջարկում էր ԻՊ դեմ պայքարում միավորել ջանքերը Ռուսաստանի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Նա նաեւ խոստացել է ուժեղացնել ԻՊ դեմ ամերիկյան պայքարը ու փոխարինել այն գեներալներին, որոնք նրա կարծիքով բավականաչափ ռազմատենչ չեն։

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Թրամփը մտադիր է ճնշում գործադրել եվրոպական դաշնակիցների վրա, որպեսզի նրանք ավելի շատ վճարեն իրենց անվտանգության համար։ Սակայն,ըստ հոդվածագրի, Թրամփը դժվար թե լուծարի ՆԱՏՕ-ն։ Թրամփի հաղթանակը կարող է Եվրոպայում ուժեղացնել աջ ու ազգայնական հայացքներ արտահայտող քաղաքական գործիչների հանդեպ միտումները։

Ասիայում առեւտրի պայմանները փոխելու փորձը, վերանայելով համաձայնագրերն ու ստիպելով Չինաստանին արժեզրկել իր արժույթը, Թրամփի ծրագրերի հաջորդ կետն է։ Բարդ է կանխատեսել, թե ինչ կտա գլոբալիզացման նկատմամբ այս ռազմատենչ մոտեցումը։ Շատ վերլուծաբանների կարծիքով Թրամփի պրոտեկցիոնիստական հռետորաբանության հավանական հետեւանքը գլոբալ տնտեսական անկումն է լինելու, գրում է Իգնատիուսը։

Շատ վերլուծաբանների կարծիքով, այդքան բացահայտ հայտարարելով ամերիկյան շահերի առաջնահերթության մասին՝ Թրամփը կարող է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին դրդել նոր գործարքների դարձած Ռուսաստանի ու աճող Չինաստանի հետ։

«Գլոբալիզացիան չեղարկելը հնարավոր չի թվում, բայց այդ համակարգում Ամերիկայի լիդերությունը խարխլելը բավականին հեշտ կլինի», -ամփոփում է հեղինակը։

---  

 

News.am

Le Temps Դոնալդ Թրամփը «Մոլոտովի կոկտեյլ» է՝ մարդու կերպարանքով

«Ամերիկյան ընտրական գիշերվա կեսերին հանկարծ հնարավոր դարձավ այն հեռանկարը , որ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը»,- գրում է Ստեֆան Բյուսսարը շվեյցարական Le Temps թերթում։

«Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նյույորքցի միլիարդատերը քարոզարշավում ավելի քիչ գումար է ներդրել, քան նրա դեմոկրատ մրցակցուհին։ Նա չուներ այն քաղաքական մեքենան , որին կարող էր ապավինել Հիլարի Քլինթոնը։ Նա չուներ անթիվ անհամար կամավորներ, որոնք գնում ու բախում էին դռներ, համոզելով ընտրողներին գնալ ընտրությունների։ Բայց կարծես նրան հաջողվել է համոզել ամերիկացիների մեծ մասին գալ ընտրատեղամասեր ու արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը երկրում գոյություն ունեցող քաղաքական, մեդիա ու տնտեսական էլիտաների հանդեպ»,- համարում է հոդվածագիրը։

«Նրա սիրելի զենքը Թվիթերն է,- շարունակում է Բյուսարը,- Սոցցանցի օգնությամբ, որի համար նա ոչինչ չի վճարում, նա կարողացել է միավորել երկրով մեկ առաջացող դժգոհության տարատեսակ բռնկումները։ Շատերը մտածում էին՝ արդյոք նա ունակ է իր «Թվիթեր» բաժանորդներին իրական ընտրողների վերածել։ Հաշվի առնելով համալսարանական դիպլոմ չունեցող սպիտակամորթ ընտրողների ուժեղ համախմբումը՝ կարծես թե կարողացել է»։

«Ոչ նրա կոպիտ խախտումները , ոչ նրա գռեհիկ արտահայտություններն ու քամահրական վերաբերմունքը կանանց նկատմամբ կարծես ի վիճակի չեն կանգնեցնել Թրամփին։ Կինոռեժիսոր Մայքլ Մուրը , որը վերջերս նկարահանել է «TrumpLand–ը հօգուտ Հիլարի Քլինթոնի» վավերագրական ֆիլմը, Դոնալդ Թրամփին բնութագրում էր, որպես «Մոլոտովի կոկտեյլ՝ մարդկային կերպարանքով», «միջնամատ՝ ուղղված բոլոր էլիտաներին»,- ասվում է հոդվածում։

«Դեմոկրատների համար այս երեկոն աղետի էր համազոր։ Շատ քիչ շանսեր են մնում, որ նրանք մեծամասնություն կստանան սենատում։ Ու եթե Հիլարի Քլինթոնը ձախողի Սպիտակ տունը նվաճելու իր երկրորդ փորձը ( նա 2008-ին էլ է փորձել), ապա Ամերիկան կարթնանա տրոհված։ Կստեղծվեն երկու Ամերիկաներ, որտեղ պատկերացումների ու առաջնայնությունների տարբերությունները հասցված կլինեն ծայրահեղությունների։ Դա ոչ մի լավ բան չ խոստանում»,- կանխատեսում է Բյուսսարը։