Թուրքիայի վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահի հետ
Մոսկվա այցելության շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը հանդես է եկել երկու երկրի հարաբերությունների վերականգնման ցանկությամբ:
Հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին, Յըլդըրըմն ասել է, որ դրանք «փորձության» են ենթարկվել, սակայն փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ հաջողվել է հաղթահարել դժվար իրավիճակը։ ՌԴ նախագահը հույս է հայտնել ,որ Անկարայի հետ Մոսկվայի հարաբերությունները կվերականգնվեն բոլոր ուղղություններով:
Թուրքիայի վարչապետի Ռուսաստան այցը կարելի է համարել առաջիկայում այդ երկրի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցի սկզբնակետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքի, թռչնամսի ու մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները:
Ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման միջադեպից հետո, Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելել է Ռուսաստան: 2016 թ. Օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մեկնեց Մոսկվա` ներողություն խնդրելու և ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնելու համար: Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, Թուրքիայի վարչապետի ՌԴ կատարած այցը մեծ նշանակություն ունի : Հատկապես, որ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կրկին անգամ հայտնվել են նոր բարդությունների առջև: Այլ խոսքով՝ Թուրքիայի վարչապետն այնպիսի ժամանակահատվածում է այցելել Ռուսաստան, երբ սառել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է ծագել: Յըլդըրըմի այցի շրջանակում քննարկվել են երկու երկրի միջև ողջ առևտուրը ռուսական ռուբլով և թուրքական լիրայով իրականացնելու հարցը, Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը, ռուս-թուրքական ճգնաժամից հետո հարաբերությունների կարգավորմանն ուղղված մի շարք խնդիրներ և զբոսաշրջային ու էներգետիկ ոլորտում ընդլայնված համագործակցությանն առնչվող հարցեր:
Ակնկալվում է, որ Յըլդըրըմի այցը Մոսկվա կարագացնի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և կվերականգնի երկու երկրի առևտրա-տնտեսական հարաբերությունները, քանզի Թուրքիայի համար մեծ նշանակություն ունի ՌԴ-ի հետ տուժած հարաբերությունների վերականգնումը և տնտեսական մեծ վնասների հատուցումը ,որը մի քանի միլիարդ դոլար է գնահատվում: Մյուս կողմից այդ այցը կարող է առթել ԵՄ-ի հակազդեցությունը: Անկարան ակնկալում է, որ ԵՄ-ի դռները վերստին կբացվեն Թուրքիայի առջև: Ամեն դեպքում Անկարան փորձում է հավասարակշռել իր քաղաքականությունն ու հարաբերությունները տարածաշրջանում:
Չնայած Թուրքիան բուռն ցանկություն ունի, որ Մոսկվան արագ վերացնի Անկարայի դեմ սահմավնած մեկամյա պատժամիջոցները, բայց Ռուսաստանի համոզմամբ դա ժամանակ կպահանջի: ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովն 2016 թ. սկիզբին հայտարարել է.«Մենք բազմիցս կրկնել ենք միշտ շատ հեշտ է փչացնել հարաբերությունները, բայց դրանց վերականգնումը դժվար գործ է»: Զախարովայի այս հայտարարությունը նշանակում է,որ Անկարան չպետք է շտապի Մոսկվայի կողմից պատժամիջոցների չեղարկման հարցում: