Բացահայտումներ՝ Ադրբեջանում արևմուտքի լրտեսական գործունեության վերաբերյալ
Ռազմական հարցերով ռուս փորձագետը տեղեկացրել է Ադրբեջանում հազար ամերիկացի լրտեսների հետևողական ու կենտրոնացված գործունեության մասին:
Ադրբեջանական Մոդերատոր ինտերնետային կայքէջի փոխանցմամբ՝ «Քաղաքական ազատության կենտրոնի» վերլուծաբան և ռազմական հարցերի փորձագետ Բորիս Դեժերլիվսկին հրապարակել է մի հոդված, որում նա գրել է.«Ադրբեջանում գտնվում են ԱՄՆ-ի հազար լրտեսներ և 2016 թվականի ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած պատերազմը Ադրբեջանում ԱՄՆ լրտեսական ցանցի գործունեության արդյունքն էր»:
Ռուս փորձագետը նշել է.«ԱՄՆ-ն և արևմուտքը լրտեսների միջոցով իրենց ամբողջ ջանքերն ի գործ են դրել, որպեսզի կանխեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի ու Ռուսաստանի ջանքերի հաջողությունը»:
Ավելի վաղ, Բաքվի որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին Ադրբեջանում Բրիտանիայի լրտեսական գործունեության մասին: Ըստ տեղեկատվության՝ լրտեսությունն իրականացնում է բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը:
Հաղորդումների համաձայն՝ «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության գործակալները, ներկայանալով մզկիթներում, կրոնական շրջանակներում և հասարակական վայրերում, վերահսկում են Ադրբեջանի մուսուլման ժողովրդի աշխատանքները: Բաքվում իսլամականներին պատկանող որոշ լրատվամիջոցներ քողազերծել են Ադրբեջանում Իսրայելի ռեժիմի լրտեսական գործունեությունը:
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Բաքվի պաշտոնյաները մեծ հավատ են ընծայում արևմուտքին՝ մասնավորապես ԱՄՆ-ին և համոզված են, որ ինչքան ավելի շատ այդ երկրի կառավարությունն ու ժողովուրդը մոտենան արևմուտքին, իրենց խնդիրներն ավելի հեշտ կկարգավորվեն:
Բաքվի պաշտոնատարների այդ նույն սխալ մոտեցման պատճառով, Իլհամ Ալիևի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և Ադրբեջանի ռազմական ու անվտանգության կառույցների աշխատակիցների գլխավոր մասը կամա-ակամա գտնվում է արևմտյան, մասնավորապես` ամերիկան կազմակերպությունների վերահսկողության տակ:
ԱՄՆ-ն ուսուցողական ծրագրերի անվան տակ ներգրավում է Ադրբեջանի պաշտոնյաներին ու քաղաքացիներին:
«Քաղաքական ազատության կենտրոնի» վերլուծաբան և ռազմական հարցերի փորձագետ Բորիս Դեժերլիվսկին հայտարարել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանի հազար քաղաքացիներ վերապատրաստվել են ԱՄՆ-ում և ներգրավվել են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ցանցում: Նրանք ներկայումս աշխատանքի են ընդունվել Ադրբեջանի պետական կարևոր կառույցներում, բայց փաստացի ծառայում են ԱՄՆ-ին:
Այդ մեթոդով ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ադրբեջանի բանակի ռազմական հրամանատարներին ներգրավել են իրենց ուսուցողական ու վերապատրաստական ծրագրերում և նրանց ենթարկել իրենց ազդեցությանը: Կասկած չկա, որ Ադրբեջանում օտարների ցանկացած լրտեսական գործունեություն կվնասի այդ իսլամական երկրի կառավարությանն ու ժողովրդին: Ադրբեջանում Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի լրտեսական աշխատանքները այդ երկրի ազգային շահերին վնասելուց բացի, նաև հակակշռի տակ են առել այլ երկրների հետ Բաքվի հարաբերությունները: