Մամուլի տեսություն 29-01-2017
Բրիտանիայի վարչապետն այցելել է Անկարա: Նա նոր բարեկամներ է որոնում:
Շարղ
Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից մեկ օր անց Թերեզա Մեյը ուղևորվեց Թուրքիա
Բրիտանիայի վարչապետ՝Թերեզա Մեյը երեկ ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումից հետո, անմիջապես ուղևորվեց Անկարա հանդիպելու Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և այդ երկրի վարչապետ՝ Բինալի Յըլդըրըմի հետ:Այնուամենայնիվ Բրիտանիայի վարչապետը ձգտում է իր երկրի հարաբերություններն ամրապնդել աշխարհի մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի Թուրքիայի ու Լեհաստանի ղեկավարների հետ այն էլ այն դեպքում երբ ԵՄ-ում իր գլխավոր դաշնակիցների, մասնավորապես Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ Լոնդոնի հարաբերությունները մթագնել են: Վերլուծաբանների կարծիքով ներկայումս և՛ Էրդողանը և՛ Թերեզա Մեյը խնդիրներ ունեն Եվրոպայի հետ: Թուրքիան քանի տասնամյա ջանքեր է գործադրել ԵՄ-ին անդամակցելու համար, սակայն չի հաջողել,իսկ մյուս կողմից Թերեզա Մեյը և շատ բրիտանացի ընտրողներ ևս համոզված են ,որ ԵՄ-ից դուրս գալն իրենց օգտին է :
---
Ալիք
7 երկրների քաղաքացիներին վիզա տրամադրելու Թրամփի արգելքը պայմանավորված է նրա բիզնես շահերով.
Ալիք օրաթերթը հղում անելով Tert.am-ին գրել է.-Էթիկայի հարցով ամերիկացի փորձագետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքում ուշադրություն են հրավիրել հետևյալ փաստի վրա,նշելով,որ վերջինս միգրացիոն պատժամիջոցներ է սահմանել 7 մուսուլմանական երկրի նկատմամբ, որոնցից և ոչ մեկում բիզնես-նախագծեր չի իրականացնում:Այս մասին կարծիք է հրապարակել ԱՄՆ-ի Հանրային ռադիոյի կայքը` ընդգծելով, որ Թրամփը նշանակալի առևտրային շահեր ունի Թուրքիայում, Ադրբեջանում, Ինդոնեզիայում, Արաբական Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում: Աղբյուրի հաղորդմամբ` նրա դուստր Իվանկան 2015-ին ևս խոսում էր Քաթարում լայն գործարար հնարավորությունների մասին: Քննադատները պնդում են, որ Թրամփը Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը կապում է ահաբեկչական սպառնալիքների հետ` քողարկելու համար Սաուդյան Արաբիային և Թուրքիային, որոնք ահաբեկչության սեփական պատմությունն ունեն:
---
Ալիք
5 տարի դադարից հետո, առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ Հալեպում
Հալեպցի ֆուտբոլասեր երկրպագուները 5 տարի դադարից հետո, Հալեպում հնարավորություն ունեցան դիտելու «Ալ-Էթեհադ» և «Ալ-Հուռիե» թիմերի բարեկամական հանդիպումը:
Հանդիպումը, որը տեղի ունեցավ Հալեպի՝ «Ալ-Էթեհադ» մարզադաշտում ավարտվեց 2:1 հօգուտ «Ալ-Էթեհադ»-ի: Հատկանշական է որ, ողջ հանդիպման ընթացքում զինված ոստիկանները, հսկողության տակ էին առել մարզադաշտը:
Սա 2012 թվականից ի վեր, Հալեպում կայացած առաջին մարզական միջոցառումն էր, որն անցավ հանդիսատեսի բուռն ոգևորությամբ:
---
Ռեսալաթ
Զիգմար Գաբրիելի նոր պաշտոնը
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հրամանագրով՝ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը, որը Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա ընտրություններում, ազատվել է երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից։ Գերմանիայի արտաքին գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել փոխկանցլեր և էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Բրիգիտտա Ցիպրիսը։ Անգելա Մերկելը 4-րդ անգամ իր թեկնածությունն է առաջադրել կանցլերի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիշյալ նախարարների նշանակման արարողությանը ներկա էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա շնորհավորել է Զիգմար Գաբրիելին նոր նշանակման կապակցությամբ:
---
Galatv.am
Ամեն ինչ չէ, որ հարթ է ՆԱՏՕ-ի արեւմտյան անդամների եւ Թուրքիայի միջեւ
«Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում Արեւմուտքի երկրները եւ Թուրքիան, որը պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայի հետ, ավելի ու ավելի քիչ են վստահում միմյանց»,- Le Figaro թերթում գրում է լրագրող Իզաբել Լասերը:
«Ամեն ինչ չէ, որ հարթ է ՆԱՏՕ-ի արեւմտյան անդամների եւ Թուրքիայի միջեւ: Վաշինգտոնում առանձին պահպանողական շրջանակներ պահանջում են Թուրքիային հեռացնել դաշինքից: Միեւնույն ժամանակ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները, այդ թվում Սամիլ Թայարը, Հյուսիսատլանտյան դաշինքն անվանում են «ահաբեկչական կազմակերպություն» եւ կոչ են անում շրխկացնել դուռը»,- ասվում է հոդվածում:
«Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները նման են ընտանեկան զույգի պատմությանը, որտեղ յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին աջակցության բացակայության համար»,- մեկնաբանում է Բայրամ Բալջին՝ փարիզյան Միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետը:
«Առավել մեծ անհանգստություն է առաջացնում պուտինյան Ռուսաստանի հետ մերձեցումը, չէ՞ որ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին համարում է իր գլխավոր թշնամին,- ասում է Բալջին: -Մոսկվան եւ Անկարան կարող են համաձայնագիր կնքել Սիրիայում ինչ-որ անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը կխոչընդոտեր «Ժողովրդավարական միություն» կուսակցության քրդերին այնտեղ ինքնիշխան շրջան ստեղծելու համար: Փոխարենը Անկարան կարող էր հանել Ռուսաստանի դաշնակցի՝ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու վետոն: Այդ համագործակցությունը նոր փուլի է անցել, երբ ռուսաստանյան ինքնաթիռները վերջերս հարվածներ հասցրեցին՝ աջակցելով Թուրքիայի հարձակմանը Սիրիայի հյուսիսում: Այդ օրվանից ՆԱՏՕ-ից հարց են տալիս. «Թուրքիան գտնվո՞ւմ է դաշինքը փոխելու ուղու վրա, որպեսզի փոխարինի ԱՄՆ-ին Ռուսաստանով եւ հրաժարվի արեւմտյան ինտեգրումից»:
«Թուրքիայի կողմից նույնպես բավականաչափ պահանջներ կան: Անվստահությունն այսօր չի առաջ եկել: Թուրքերը միշտ զգացել են, որ անհրաժեշտության դեպքում դաշինքի մյուս անդամները չեն ապահովի իրենց անվտանգությունը»,- շարունակում է Բայրամ Բալջին:
«Վերջին տարաձայնություններն առաջացել են Սիրիայում տիրող իրավիճակից: Թուրքերը մեղադրում են Արեւմուտքին սիրիացի քրդերին ռազմական աջակցություն տրամադրելու մեջ: Սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիան իրեն լքված է զգում Արեւմուտքի երկրների կողմից: Պետական հեղաշրջման փորձից հետո Արեւմուտքի երկրները դադարել են կարեկցել Անկարային»:
«Արեւմուտքի թուլությունը, ռազմավարական տեսլականի եւ թափանցիկ քաղաքականության բացակայությունը, ինչը խորացնում է տարածաշրջանային ճգնաժամը… ահա թե ինչն է դրդում Անկարային հապշտապ նոր դաշինքներ փնտրել: Թուրքերը մտերմանում են նրանց հետ, ովքեր ամենաուժեղն են: Ռուսաստանի հետ մերձեցումը հիմնված է հուսահատության վրա: Հնարավո՞ր է, որ տարաձայնություններն ավարտվեն Թուրքիայի հեռանալով: Դրան դեռ շատ կա: Թուրքիան մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի ամրոցը, նրա երկրորդ բանակը՝ զինծառայողների քանակով»,- գրում է Լասերը:
Շատ փորձագետներ կարծում են, որ Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը փոխարինելու համար չէ: «Միակն, ինչը նրանց մոտեցնում է, Արեւմուտքին դիմադրելն է»,- ասում է վրացի փորձագետ Թոռնիկե Գորդաձեն: «ՆԱՏՕ-ից հեռանալու դեպքում Թուրքիան կդառնա առավել անվերահսկելի, իսկ դրանում հետաքրքրված չէ ոչ ոք»,- կարծում է Գորդաձեն:
«Այդպե՞ս է արդյոք այդ ամենը՝ մասամբ կախված է Դոնալդ Թրամփի անկանխատեսելի բնավորությունից»,-եզրափակում է Լասերը:
Աղբյուր՝ Le Figaro
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան