Եվրամիությունը պարգևատրել է ԱՊՀ արևմտամետ երկրներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53269-Եվրամիությունը_պարգևատրել_է_ԱՊՀ_արևմտամետ_երկրներին
Եվրախորհրդարանը հաստատել է  Վրաստանի  և Ուկրաինայի քաղաքացիների համար մուտքի արտոնագիրը վերացնելու մասին օրինագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 15:37 Asia/Tehran
  • Եվրամիությունը պարգևատրել է ԱՊՀ արևմտամետ երկրներին

Եվրախորհրդարանը հաստատել է  Վրաստանի  և Ուկրաինայի քաղաքացիների համար մուտքի արտոնագիրը վերացնելու մասին օրինագիծը։

Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները  2017 թվականի հունիսից հնարավորություն կունենան ԵՄ-ի տարածք (ԵՄ-ի բոլոր անդամ երկրներ) մուտք գործել և երեք ամիս մնալ այնտեղ առանց մուտքի վիզայի։

Եվրամիությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում օրակարգում է դրել Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման ծրագիրը:

Նախքան ԵՄ-ի նոր որոշումը, միայն Մոլդովան էր հարգել այս միության չափանիշները և ներառվել  առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու ծրագրում: Ռուսաստանից առանձնանալու և Արևմուտքին միանալու համար մեծ ջանքեր գործադրած  Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար չեղարկելով վիզային ռեժիմը, փաստորեն Եվրամիությունը  պարգևատրել է այդ երկու արևմտամետ երկրներին:

Եվրամիությունը 2009 թվականին նախկին ԽՍՀՄ-ի վեց երկրներին առաջարկեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: Նախագիծը մշակվել էր նախկին ԽՍՀՄ վեց հանրապետություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հետ  Եվրամիության մերձեցման համար: Ծրագրի նպատակն էր հայտարարվել՝ օրենքների և քաղաքատնտեսական կողմնորոշումների ներդաշնակեցումը:

Ըստ ծրագրի՝ քաղաքատնտեսական պայմանների բարելավումն այդ երկրներին հնարավորություն կտա ընդլայնել իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ: Արևելյան գործընկերության ծրագրի մաս է կազմում այդ երկրների քաղաքացիների համար Եվրամիության տարածք մուտք գործելու արտոնագրի վերացումը: Իսկ ծրագրի անդամ վեց երկրները պարտավոր են անվտանգության ավելի խիստ  միջոցներ ձեռնարկել սահմանների վերահսկման, կազմակերպված հանցագործությունների  և թրաֆիքինգի դեմ պայքարի համար:

Վերջին տարիներին Բելառուսի հետ ԵՄ-ի տնտեսական հարաբերությունները հասել են նվազագույնի և Բելառուսը, ինչպես Հայաստանը նախընտրում են իրենց հարաբերությունները պահպանել ՌԴ-ի հետ և միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Ուկրաինան ևս, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք, հանկարծակի որոշում ընդունելով, սառեցրեց իր անդամակցությունը  «Արևելյան գործընկերություն» ծրագրին:

2013 թվականին Լիտվայում, «Արևելյան գործընկերություն» ծրագրի վերջին նիստում, Յանուկովիչի՝ այդ ծրագրից դուրս գալու կապակցությամբ տարաձայնություններ առաջացան, որից հետո 2014 թվականի հունիսին Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց «ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր»-ը:

Եվրամիությունը արևմուտքի ընդհանուր քաղաքականության շրջանակում Ռուսաստանի մերձավոր երկրների հետ ասոցացման նպատակով առաջադրեց Արևելյան գործընկերություն ծրագիրը: Բայց Ուկրաինան իր 46 միլիոն բնակչությամբ և մարդկային ու բնական ռեսուրսներով ունի հատուկ նշանակություն: Իսկ Վրաստանը արևմտամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալով, մեծ ցանկություն դրսևորեց արևմտյան կառույցներին՝ մասնավորապես ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու համար և այս կողմնորոշումը շարունակվում է Վրաստանի նոր կառավարության կողմից: Այդիսկպատճառով Եվրամիությունը Թբիլիսիի կառավարությանը ևս քաղաքական ու տնտեսական պարգև է շնորհել՝ հավանություն տալով այդ երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագիրը վերացնելու մասին օրինագծին: