Մամուլի տեսություն 22-02-2017
Սրբազան հայրը մասնակցել է Պաղեստինին նվիրված միջազգային համագումարին և հանդիպել է Իսլ. Հեղափոխության առաջնորդի հետ:
Այսօր իրանական թերթերի , այդ թվում Ալիք հայատառ օրաթերթի ուշադրության կենտրոնում են եղել Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանմանը նվիրված համագումարը և քաղաքագետների վերլուծություններն այդ մասին : Իրանական թերթերում մեծ տեղ են գտել նաև Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ծավալված թեմաները,ոմանց թեկնածության առաջադրումը և ներքին, տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր:
Ալիք
Սրբազան հայրը մասնակցել է Պաղեստինին նվիրված միջազգային համագումարին և հանդիպել է Իսլ. Հեղափոխության առաջնորդի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ փետրվարի 21-ին մեկնարկել է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության 6-րդ համագումարը:
Համագումարին հրավիրված էին նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, Թեhրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ Արք․ Սարգսյանը ու տարբեր կրոնների հոգևոր առաջնորդները։
Բացման հանդիսավոր արարողությունից առաջ, Իսլ. Hեղափոխության առաջնորդ այաթ. Ալի Խամենեին պատվո սրահում, առանձին-առանձին ողջունել է իրեն սպասող հյուրերին:
Իսլ. Հեղափոխության առաջնորդին ջերմորեն ողջունել է Սրբազան հայրը, որին ուղեկցում էր Տ. Արիստակես քհնյ. Շահմիրյանը: Թեմակալ առաջնորդն այաթ. Խամենեիին է փոխանցել Արամ վեհափառի ջերմ ողջույններն ու բարեմաղթությունները: Իսլ. Հեղափոխության առաջնորդը գոհունակությամբ լսել է Վեհափառ հայրապետի իրեն ուղղած ողջույնն ու բարեմաղթությունները և խնդրել Սրբազանից, որ իր փոխադարձ ողջույնները փոխանցի Արամ վեհափառին և մեր ժողովրդին: Վերջում Սրբազան հայրը իր և ողջ իրանահայության հարգալից բարեմաղթություններն է փոխանցել այաթ. Խամենեիին՝ ցանկանալով նրան երկար եւ իմաստուն ղեկավարություն։
Բացման պաշտոնական հանդիսության ավարտին Սրբազան հայրը հանդիպել է Լիբանանի և Սիրիայի խորհրդարանների նախագահների, Իսլ. Հեղափոխության առաջնորդի գրասենյակի պատասխանատու հոջ. Գոլփայեգանիի և խորհրդաժողովին մասնակից այլ հյուրերի հետ:
Քեյհան
Պաղեստինցիները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին
Պաղեստինի բռնահարված ժողովուրդը պետք է շնորհակալություն հայտնի ԱՄՆ-ի նոր նախագահին: Ինչո՞ւ: Հարցին պատասխանում է Քեյհան թերթի հոդվածագիրը, նշելով՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետը և ԱՄՆ նախագահն անցած շաբաթ Սպիտակ Տանը ունեցած առաջին հանդիպումից հետո, մասնակցել են մամլո ասուլիսի: Դոնալդ Թրամփն ասել է,որ ինքը դեմ է Իսրայելի ու պաղեստինցիների միջև հարցը «երկու պետություն» սկզբունքով լուծելու տարբերակին»:Իսկ Նեթանյահուն էլ հավակնել է թե Իսրայելի ռեժիմը պետք է իշխի ամբողջ տարածաշրջանում ու չի կարող իր կողքին տեսնել Պաղեստին անունով մի անկախ երկիր: Որոշ վերլուծաբաններ այդ մամլո ասուլիսը որակել են Պաղեստինի հակամարտությունը «երկու պետություն» սկզբունքով լուծելու տարբերակի թաղման արարողություն: Սիոնիստական ռեժիմը քաջ գիտակցում է,որ պաղեստինյան անկախ պետության ստեղծումը կհանգեցնի այդ կեղծ ռեժիմի փլուզմանը: Մյուս կողմից սիոնիստները երբեք միջազգային օրենքով որևէ քայլ չեն արել: Փաստորեն միայն դիմադրության շնորհիվ սիոնիստների «Նեղոսից մինչև Եփրատ» տարածվող պետության ստեղծման երազանքը վերածվել է մղձավանջի ու նահանջ պարտադրել նրանց: Պաղեստինն ամբողջությամբ պատկանում է պաղեստինցիներին և այդ գաղափարից նահանջելը ավելի հանդուգն կդարձնի օկուպանտ սիոնիստներին:
Շարղ
Օբամայի բացակայությամբ դավադրություն ընդդեմ Իրանի
Մյունխենի անվտանգության համաժողովը քողազերծեց Իրանի դեմ նյութված տարածաշրջանային դավադրությունը և ապացուցեց,որ Սաուդյան Արաբիան և Իսրայելը դաշնակիցներ են ու մեծ նախագիծ են մշակում Իրանի դեմ և առերևույթ Իրանի բարեկամի դերում հանդես եկող Թուրքիան էլ ակտիվ դերակատարություն ունի Իրանի դեմ ուղղված սադրիչ գործողություններում: Պարոն Էրդողանը մի քանի օր առաջ այցելեց Սաուդյան Արաբիա և Բահրեյն ,որտեղ նա և այդ երկրների ղեկավարները միասին մշակել են այդ դավադրությունը: Այդ տարածաշրջանային սադրանքը նորություն չէ, բայց Իրանի նկատմամբ Թրամփի թշնամությունը պատճառ է դարձել ,որ այս երկրի տարածաշրջանային մրցակիցներն ու թշնամիները համարձակվեն իրենց նկրտումները արագորեն բացահայտել:
News.am
Die Presse․ «Բրեքսիթը» կարող է փոխել ԵՄ-ի արտաքին քաղաքական կողմնորոշումը
«Բրեքսիթը» կփոխի ԵՄ արտաքին քաղաքական կողմնորոշումը։ ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրերը կամ այսօր ենթարկվում են ստուգման՝ Ceta-ի նման, կամ էլ առհասարակ սառեցվում են ՝ TTIP-ի նման։ Եկել է ժամանակը, որ ԵՄ-ն նոր ուղի ընտրի իր առեւտրային քաղաքականության մեջ։ Վերջերս արված հետազոտության մեջ, որի հեղինակները Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի փորձագետներն են, առաջարկվում է վերադառնալ Լիսաբոնից Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածք ստեղծելու՝ հին մտահղացմանը»,- գրում է Die Presse-ը։
Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Գաբրիել Ֆելբերմայերի կարծիքով, այդ մտահղացման մեջ երկու անվիճելի առավելություն կա ։ «Նախ մեր հաշվարկներով, նման համաձայնագրից բոլորը միայն կշահեն»,- ասել է փորձագետը։ Բանն այն է, որ Ռուսաստանի, ինչպես եւ մյուս նախկին խորհրդային հանրապետությունների տնտեսությունը, ուժեղ կախման մեջ է հումքի արտահանումից, իսկ եվրոպացիները արտահանում են ավտոմեքենա, տեխնիկա ու պարենամթերք։
Պարզ ասած՝ «մեկի մոտ էներգիա է, մյուսների մոտ նոու հաու»։
Երկրորդ, պարզաբանում է պրոֆեսորը, նման համաձայնագրերը կնպաստեն Մոսկվայի հետ ոչ հասարակ հարաբերությունների հարթմանը։ «Քանի որ Ռուսաստանի ու ԵՄ-ի միջեւ մաքսային տուրքերն ու սակագները առայսօր բարձր են, այստեղ անելիքներ շատ կան», ասվում է հոդվածում։
Ռուսաստանի կողմից առեւտրային սահմանափակումների ներդրումը, շարունակում է հեղինակը, կապակցված են ոչ միայն ուկրաինական հակամարտության ու դրան հաջորդած հակառուսական պատժամիջոցների հետ։ Ռուսաստան- ԵՄ առեւտրի ծավալների կրճատումը ավելի շատ պայմանավորված է նավթի գների անկումով ու Ռուսաստանի տնտեսական անկումով, քան պատժամիջոցներով, համարում են Ifo–ի վերլուծաբանները։
Ռուսաստանի ու ԵՄ-ի միջեւ լարվածության հնարավոր թոթափումը օգտակար կլինի նաեւ Ավստրիային, ասվում է հոդվածում։ Դա վերաբերում է ոչ միայն զբոսաշրջությանը, այլեւ ավտոարտադրողներին, մեքենաշինական ոլորտին նաեւ սննդի արդյունաբերությանը։
Ifo-ի գնահատականով, միասնական տնտեսական տարածքից բոլորից շատ կշահեին Բալթյան երկրները, Ֆինլանդիան ու Իտալիան։