Մամուլի տեսություն 13-04-2017
Այսօր Իրանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը հասել է 439-ի:
Ջամե Ջամ
Այսօր 439 հոգի իրենց թեկնածությունն են առաջադրել Իրանի նախագահական ընտրություններում
ԻԻՀ ընտրությունների շտաբի քարտուղար Ալի Փուր Ալի Մոթլաղը հայտնել է, որ մինչև թեկնածուների արձանագրման ժամկետի երկրորդ օրվա ավարտը 287 թեկնածուներ ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը, որոնցից 13-ը կանայք են: Վերջին տվյալների համաձայն՝ առաջադրված թեկնածուների թիվը հասել է՝ 439-ի։
Երեկ ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադի նեժադը, որը երկիրը ղեկավարել է 2005-ից 2013 թվականներին, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Երրորդ օրվա առաջին ժամերին իրենց թեկնածությունն առաջադրած ամենահայտնի դեմքերից են. Մուստաֆա Հաշեմիթաբան, որը Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության օրոք ղեկավարում էր երկրի մարզական ոլորտը և«Սիեասաթե ռուզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ալի Յուսեֆի Փուրը։
Նախագահական ընտրությունների մասնակիցների անունների գրանցումը սկսվել է երկուշաբթի ու տևելու է 5 օր:
Նախագահի պաշտոնի համար պայքարողների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլի 27-ին:ԻԻՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին։
Ջամե Ջամ
«Iran Air»-ը վերջնականացրել է «ATR»-ի հետ պայմանագիրը
«Iran Air»-ը վերջնականացրել է «ATR 72-600» տիպի 20 ինքնաթիռի գնման մասին «ATR» ընկերության հետ պայմանագիրը: Պայմանագիրը նախատեսում է, որ իտալա-ֆրանսիական ընկերությունը մինչ 2018 թվականի ավարտը «Iran Air»-ին կհանձնի 20 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ: Պայմանագիրն արժենալու է 400 մլն. դոլար: Առաջին 4 ինքնաթիռները «Iran Air»-ին կհանձնվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Ռեսալաթ
Անկարայի պատրանքները Դամասկոսում
Թուրքիայի իշխանությունները ,որպես Սիրիայում թաքֆիրական ահաբեկչության գլխավոր հովանավորներ, դրական են գնահատել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա հարձակումը: Դա այն դեպքում ,երբ Սիրիայում Թուրքիան պարտություն է կրել և թուրքական իշխանությունները մեծ գին են վճարելու թաքֆիրականներին հովանավորելու համար:Այս շրջանակում է գնահատվում Բաշշար Ասադի դեմ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը:
Նշենք,որ առանձին հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Բաշար Ասադի իշխանությանը պետք է վերջ դրվի և, եթե Ասադը իր կամքով չի ցանկանում հեռանալ իշխանությունից, անհրաժեշտ ամեն քայլ պետք է արվի նրա իշխանությունը տապալելու համար: Չավուշօղլուն նաև նշել է Սիրիայի տարածքում անվտանգության գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին:Նա զարմանալիորեն դարձյալ պնդում է,որ պաշտոնական Դամասկոսը քիմիական զենքեր ունի իր տրամադրության տակ:
Շարղ
Ավարտվել են Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները
Թուրքիան ավարտել է թուրք-սիրիական սահմանին մի պատի կառուցման աշխատանքները:Թուրքիան սահմանային պատը կառուցել է մաքսանենգ բանդաների և Սիրիայի պատերազմից անօրինական կերպով փախստականների մուտքը այդ երկիր կանխելու համար: Պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Պաշտոնական Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:Գերմանիայի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան,որ մինչև 2016 թվականի նոյեմբեր ամիսը, մոտ երեք միլիոն սիրիացիների ապաստան էր տվել, ԵՄ-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում փակեց իր սահմանը: Ավելի վաղ Եվրոպան Թուրքիային քննադատում էր իր սահմանները չվերահսկելու պատճառով,քանզի համոզված էր,որ ծայրահեղական իսլամիստները կարող են Թուրքիայի տարածքով մտնել Սիրիա և միանալ ԻԼԻՊ-ին:
Ալիք
Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ
Հղում անելով News.am-ին Ալիք օրաթերթը գրել է․-« Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից։
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Հայաստանը լավագույնս է համապատասխանում անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակի չափանիշներին.
«Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն վերապրած պետություն է, հայ ազգը իր պատմության ընթացքում փախստական է եղել եւ հենց այդ համատեքստում կարեւոր է, որ Հայաստանն իր դռները բացել է Մերձավոր Արեւելքի փախստականների առջեւ»:
Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի խոսքով, ֆինանսական ծանր վիճակում գտնվող Հայաստանը, որը չի խուսափել փախստականներ ընդունել, արժանի է օգնության.
«Մենք կոչ ենք անում հատկացումների հանձնաժողովին 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանը անվտանգ գոտի դարձնելու համար: Այդ գումարները պետք է հատկացվեն Հայաստանի կառավարությանը, փախստականներին օգնելու համար»:
«Դա խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ փախստականների բարեկեցության մեջ հսկայական ներդրում է լինելու: Հայաստանում ծախսված 40 միլիոն դոլարը կրկնակի արդյունք կտա, քանզի նույն թվով փախստականներ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ընդունելը շատ ավելի ծախսատար կլինի»,- նշում է Արամ Համբարյանը:
News.am
The Guardian. Օտար պետությունները կարող էին միջամտել «Բրեքսիթ»-ի քվեարկությանը
«Օտար երկրների՝ օրինակ Ռուսաստանի կամ Չինաստանի կառավարությունները կարող էին ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նախօրեին միջամտել ընտրողների գրանցման կայքի աշխատանքի դադարեցմանը»,-հայտնել է Բրիտանիայի խորհրդարանի հատուկ կոմիտեն։ Այս մասին հայտնում է Ռաջիվ Սիալը բրիտանական The Guardian թերթում։ Պարբերականը գրում է, որ «Համայնքների պալատի պետկառավարման ու սահմանադրական հարցերով հանձնաժողովի զեկույցը խորը մտահոգություն է հայտնում՝ «Բրեքսիթի» մասին անցած տարվա քվեարկությանը օտարերկրյա ազդեցության վերաբերյալ չհաստատված մեղադրանքների կապակցությամբ»։
Հեղինակը հիշեցնում է, որ «կառավարությունը ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի ժամանակ ստիպված է եղել երկարացնել գրանցման վերջնաժամկետը, քանի որ կառավարական կայքը հունիսի 7-ին՝ գրանցման ավարտից 100 րոպե առաջ դադարել էր աշխատել։ Կայքի աշխատանքի դադարեցումը մտավախություններ էր առաջացրել, որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող էին զրկվել քվեարկելու իրավունքից»։
Այն ժամանակ, կառավարությունը հայտնել էր, որ կայքը «կանգնել» է «օգտատերերի աննախադեպ քանակի պատճառով, քանի որ ավելի քան 500 հազար մարդ փորձում էր գրանցվել վերջին օրը»։
Սակայն զեկույցում ասվում է, որ «կան նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ կայքը շարքից հանել է բոտնեթների՝ վնասակար ծրագրային ապահովումով վարակված համակարգչային ցանցի գործածումով DDoS հարձակումը»։ Նման հարձակման «առանցքային ցուցիչները, խորհրդարանականների խոսքով, «ընտրված ժամանակն ու օգտատերերի քանակի հարաբերական ցուցանիշներն են»։
Նաեւ զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան կիբերակտիվությունը հասկանում են գերազանցաբար տեխնիկական կողմից ու համակարգչային ցանցերի տեսակետից։ Իսկ օրինակ Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործում են կոգնիտիվ մոտեցում, որի հիմքում զանգվածների հոգեբանության ու մարդկանց օգտագործելու ուղիների ըմբռնումն է։ «Ակնհայտ է,որ ընտրություններին ու հանրաքվեներին միջամտելու հարցում կիբերհարձակման մասին տարբեր պատկերացումներ կան՝ մի կողմից որպես զուտ տեխնիկական ֆենոմեն, իսկ մյուս կողմից՝ համակարգչային շրջանակներից դուրս եկող երեւույթ՝ հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով»,- մեջբերում է հոդվածագիրը զեկույցի եզրակացություններից մեկը։