Թուրքիայի նկատմամբ Եվրամիության երկրների հակասական դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59624-Թուրքիայի_նկատմամբ_Եվրամիության_երկրների_հակասական_դիրքորոշումները
Թուրքիայում Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի անցկացումից հետո, եվրոպական պետությունները հակասական դիրքորոշումներ են որդեգրել Եվրամիությունում այդ երկրի անդամակցության հեռանկարի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 08:35 Asia/Tehran
  • Թուրքիայի նկատմամբ Եվրամիության երկրների հակասական դիրքորոշումները

Թուրքիայում Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի անցկացումից հետո, եվրոպական պետությունները հակասական դիրքորոշումներ են որդեգրել Եվրամիությունում այդ երկրի անդամակցության հեռանկարի կապակցությամբ:

Ավստրիայի կանցլեր՝ Քրիստիան Քերնը կարևորել է Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցումը: Երկուշաբթի օրը նա ընդգծել է, որ հաշվի առնելով Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքները, Անկարան շատ հեռու է ժողովրդավարական արժեքներից ու Եվրոպայի ստանդարտներից:

Իսկ Չեխիայի արտգործնախարար՝ Լյուբոմիր Զաորալեկը հավաստիացրել է, որ նկատի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայում քաղաքական փոփոխությունների ժամանակը եկել է, Անկարան ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Չեխիայի կարևորագույն գործընկերն է մնալու:

Թվում է, թե Եվրամիության ղեկավարների համար մեծ գլխացավանք է դարձել ոչ միայն այդ միությունում Թուրքիայի անդամակցելը, այլև նոր Թուրքիայի նկատմամբ դիրքորոշվելու շուրջ տարաձայնությունները ևս մեծ խնդիր են առաջացրել Եվրոպայի համար: Իրականում այսօր երկու տարբեր դիրքորոշումներ կան այդ հարցի շուրջ: Մի կողմում Եվրամիության այն երկրներն են, որոնք լավ հարաբերություններ չունեն Անկարայի հետ և այսօր ոչ միայն պնդում են նախկին դիրքորոշումները, այլև համոզված են, որ այս փոփոխություններով Թուրքիան կատարելապես հեռանում է Եվրամիությունից: Այդ երկրներին գլխավորում է Ավստրիան, որը խիստ դեմ է Էրդողանի քաղաքականություններին: Այսօր հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական ու դատական համակարգում Էրդողանի նկատի առած փոփոխությունները, այս երկրները Եվրամիությունում ոչ մի տեղ չեն տեսնում Թուրքիայի համար, որովհետև այդ փոփոխությունները կատարելապես դեմ են եվրոպական արժեքներին ու սկզբունքներին: Հատկապես որ Էրդողանը մտադիր է իրագործել մի շարք նոր օրենքներ, այդ թվում վերականգնել մահապատիժը, ինչը հակասում է եվրոպական արժեքներին: Ավելի վաղ, Եվրամիությունը Թուրքիային զգուշացրել էր, որ այդ որոշման իրագործումը վերջ կդնի Եվրամիությանը Թուրքիայի միանալու գործընթացին: Իսկ կան նաև եվրոպական երկրներ, որոնք հակված են ԱՄՆ-ի կողմը և Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու Վաշինգտոնի քաղաքականության շրջանակում, կողմ են Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանը: Այդ երկրներից է Չեխիան:

Այս ուղղությամբ Չեխիայի արտգործնախարարը վերջերս ունեցած ելույթում ընդգծել է փախստականների մասին 2016 թ. մարտին ստորագրված պայմանագրի պահպանումը և Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության գործընթացի շարունակվելը: Ամեն դեպքում Եվրամիության երկրների մեծ մասը կողմ են ավելացնել Թուրքիայի վրա ճնշումը և պակասեցնել Անկարա-Բրյուսել  երկկողմ հարաբերությունները: