Մամուլի տեսություն 30-04-2017
Այսօր Իրանում նշում են Պարսից ծոցի ազգային օրը: Պարսից ծոցը կմնա Պարսից ծոց:
Այսօր ապրիլի 30-ը Իրանում Պարսից Ծոցի ազգային օրն է: Այս թեմային են անդրադարձել իրանական թերթերը,որոնց գլխավոր խորագիրն եղել է«Պարսից ծոցը կմնա Պարսից ծոց»: Այսօր նաև Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի վերաբերյալ արձագանքները, Փխենյան-Վաշինգտոն միջուկային մենամարտը և Իրանի ծանրամարտի ու տեկվանդոյի ազգային հավաքականների արձանագրած հաջողությունները Ասիայի առաջնության մրցություններում։
Նշենք,որ Իրանի նախագահի թեկնածուները ապրիլի 28-ին ուղիղ եթերում անցկացրել են հեռուստաբանավեճերի ծրագրված երեք փուլերից առաջինը։ Նախագահի վեց թեկնածուները հերթով պատասխանել են հաղորդավարի ու իրենց մրցակիցների հարցերին։ Թեկնածուները բացատրել են իրենց դիրքորոշումները ամենատարբեր հարցերի շուրջ՝ բնակարանաշինությունից սկսած մինչև սոցիալական խնդիրներ։ Հեռուստաբանավեճերի երկրորդ փուլը կկայանա մայիսի 5-ին։
Ալիք
Ժորժիկ Աբրահմյան. «Կառավարությունն ակտիվ գործունեություն է ծավալել արտաքին ներդրումների հոսքն ապահովելու համար»
Որոշակի բացթողումներով հանդերձ, Դոկտ. Ռոհանիի կառավարության գործունեությունն ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել: «Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով 11-րդ կառավարության գլխավոր ձեռքբերումներին, Ժորժիկ Աբրահամյանն առանձնացրել է արտարժույթի փոխանակման գների եւ սղաճի կարգավորումը՝ նշելով, որ կառավարությունը շատ լավ է աշխատել հատկապես սղաճի կարգավորման գործում:
Խոսելով տնտեսության ոլորտում արտաքին ներդրումների ներգրավման մասին, Ժորժիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն ակտիվ գործունեություն է ծավալել արտաքին ներդրումների հոսքն ապահովելու համար»։
«Արժեհամակարգի պահպանումը ենթադրում է որոշակի սահմանափակումներ: Չի կարելի հենց այնպես բացել երկրի դռները, որպեսզի արտասահմանյան կապիտալը ներարկվի մեր տնտեսության մեջ»,- նշել է Ժորժիկ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ մեր տեսլականը դիմադրողական տնտեսության իրագործումն է, որպեսզի այն բավարարի երկրի եւ ժողովրդի պահանջները. «Անհրաժեշտ է կարգավորել մի շարք խնդիրներ, որպեսզի կառավարությանը հաջողվի առավել արդյունավետ աշխատել տնտեսության ոլորտում»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ տեւական լճացումից հետո անգամ կես տոկոսանոց տնտեսական աճը կարելի է դրական տեղաշարժ համարել:
Ղանուն
Միջուկային մենամարտ
«Միջուկային մենամարտ» խորագրով հոդվածում Ղանուն թերթն անդրադարձել է Հյուսիսային Կորեայի ատոմային գործունեությանը և Փխենյան-Վաշինգտոն հակամարտություններին, որոնք նոր փուլ են թևակոխել:
Թերթը գրում է.«Մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում գրել էր,որ նախագահի աշխատանքն ավելի բարդ է, քան ինքը կարծում էր։
«Ես սիրում էի իմ նախկին կյանքը։ Այնքան բան էր կատարվում: Այստեղ աշխատանքն ավելի շատ է, քան այն ժամանակ։ Կարծում էի՝ ավելի հեշտ կլինի», - նշել է ԱՄՆ նախագահը։Թրամփը հավելել է, որ կարոտում է ինքնուրույն մեքենա վարելը։ «Ես սիրում եմ վարել։ Սակայն ես այլևս չեմ կարող ինքնուրույն վարել», - գրել է ԱՄՆ ղեկավարը։
Նա նաև նշել է,որ միջազգային հարաբերությունների բեմում ղեկն իր ձեռքից դուրս է եկել և որոշակի ծրագիր չունի Հյուսիսային Կորեային դիմակայելու համար:
Թերթում կարդում ենք .-Երեկ հենց այս էջում գրեցինք,որ Հյուսիսային Կորեան հստակորեն հայտարարել է,որ հինգ միլիոն ատոմային ռումբով երկրի երեսից կվերացնի ԱՄՆ-ին,իսկ ժամեր անց հայտարարվեց,որ ձախողել է Փխենյանի բալիստիկ հրթիռի փորձարկումը: Այժմ Թրամփը չգիտե ինչպես վերաբերվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ,որը խախտել է իր անդորրը ,իսկ Չինաստանի օգնության դիմելն էլ չնպաստեց հարցի լուծմանը,քանի որ Պեկինը հայտարարել էր, որ չի պատրաստվում ենթարկվել Վաշինգտոնին:
Ռեսալաթ
Շարունակվում է Վիեննա-Անկարա առճակատումը
Ավստրիայի և Թուրքիայի միջև առճակատումը նոր փուլ է մտել: Ավստրիայի կանցլեր՝ Քրիստիան Քերնը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերջին զարգացումները: Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովին առընթեր նա անդրադարձել է Բրեքզիթի հարցին ընդգծելով,որ պետք է դադարեցնել ԵՄ-ի կողմից Անկարային ուղղված ֆինանսական աջակցությունը: Նա նաև ասել է,որ անընդունելի են Թուրքիայի քաղաքական իրադարձությունները: ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կողմից Օրենքի իշխանության սկզբունքների խախտումը և լրագրողներին ճնշելը ընդունելի չեն:
Yerkir.am
Հռոմի պապը կոչ է արել միավորել ջանքերը՝ «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: Այդ մասին Պապը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ գտնվում էր ապրիլի 29-ին պատմական այցով, գրում է «AFP»-ն:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ելույթ է ունեցել աշխարհի առաջատար իսլամական ուսումնական հաստատություններից մեկում՝ Ալ Ազհար համալսարանում:
Հռոմի պապը, որը մասնակցում է Կահիրեում ընթացող Խաղաղության միջազգային կոնֆերանսին, զգուշացրել է նաև պոպուլիզմի վտանգների մասին միջազգային կայունության համար:
News.am
Ինչպիսի՞ն կլինեն արտասահմանյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակազմի որոշման հետեւանքները
Շաբաթվա սկզբին Foreign Policy-ն հայտնել էր զարգացող երկրներին տրամադրվող օգնության ծախսերը կրճատելու Թրամփի վարչակազմի մտադրության մասին՝ վկայակոչելով Պետքարտուղարության բյուջեի 15-էջանոց փաստաթուղթը: Օգնության կրճատումը նախատեսված է 2018-ի ֆինանսական տարում եւ առնչվում է նաեւ Հայաստանին ու հետխորհրդային մյուս երկրներին:
Նույնիսկ ԱՄՆ օգնության ներկայիս ծրագրի քննադատները, օրինակ՝ Քարնեգի հիմնադրամից Ռիչարդ Սոկոլսկին, այս որոշման հետեւանքով շոկի մեջ են, նշում է The Christian Science Monitor-ը: Նրա խոսքով՝ սա սխալ մոտեցում է, քանի որ «ոչ մեկը ճիշտ հարցադրում չի կատարում, թե պաշարներն ինչպես են կապված մեր նպատակների հետ»:
Պարբերականը հայտնում է, որ Պետքարտուղարության գրասենյակի ֆինանսավորումը, որը պատասխանատու է օգնության ծրագրման եւ մոնիթորինգի համար, կկրճատվի 44,2 տոկոսով:
Պետքարտուղարությունից հրաժարվել են հրապարակված տվյալները մեկնաբանելուց: Սակայն The Christian Science Monitor-ը ներկայացրել է Պետքարտուղարության նախկին աշխատակցի խոսքը, որի համաձայն՝ Թրամփի վարչակազմում որոշ մարդիկ կարծում են, որ մյուս երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը բարեգործություն է, եւ ԱՄՆ-ը ոչինչ չի ստանում, այլ միայն փողը քամուն է տալիս:
Մինչդեռ կրճատումներն առանձնապես չեն ազդի ամբողջ բյուջեի վրա, քանի որ արտասահմանյան օգնությունը՝ ներառյալ ռազմական օգնությունը ԱՄՆ բյուջեի միայն մեկ տոկոսն է կազմում, եւ կրճատումներով հնարավոր է տնտեսել ընդամենը 0,15 տոկոս:
Դրանից զատ, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, արտասահմանյան օգնությունն ավանդաբար եղել է Վաշինգտոնի միջազգային ներկայության երեք սյուներից մեկը՝ ռազմական ներկայության եւ դիվանագիտության հետ:
The Christian Science Monitor-ը նշում է, որ արտասահմանյան օգնության կողմնակիցները հույս ունեն, որ Կոնգրեսը մեծ չափի գումարներն այնքան էլ հեշտ չի տրամադրի անբացատրելի նպատակների համար եւ կվերականգնի զարգացման օգնության գոնե որոշ մասը: