Մամուլի տեսություն 14-05-2017
Նախագահական ընտրությունների կապակցությամբ Մայիսի 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպվել էր խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական կյանքի ակտիվիստները, ազգային մարմինների և միությունների ներկայացուցիչները, իրանահայ մամուլի ներկայացուցիչներն ու տարբեր ոլորտների մասնագետներ:
Ալիք
Դոկտ. Կարեն Խանլարյանի նախաձեռնությամբ՝ նախագահական ընտրությունների կապակցությամբ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների կապակացությամբ, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանի նախաձեռնությամբ, երեկ՝ մայիսի 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպվել էր խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական կյանքի ակտիվիստները, ազգային մարմինների եւ միությունների ներկայացուցիչները, իրանահայ մամուլի ներկայացուցիչներն ու տարբեր ոլորտների մասնագետներ:
Խորհրդակցական հանդիպման նպատակն էր դոկտ. Կարեն Խանլարյանի կողմից մշակված իրանահայության պահանջների փաթեթի քննարկումը, որը նախատեսվում է ներկայացնել նախագահության բոլոր 6 թեկնածուներին:
Հանդիպման սկզբում դոկտ. Խանլարյանը նախ ներկայացրեց հանդիպման նպատակը։ Ապա Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանն անդրադառնալով թեկնածուների նախընտրական շտաբների կողմից իրանահայության հետ հանդիպման ցանկություններին նշեց. «Հարգելով ժողովրդի անհատական որոշումը, որպես իրանահայ կառույց, մտածում ենք այնպես ընթանալ, որ հստակ կողմնորոշում չցուցաբերենք եւ հիմնականում կենտրոնանանք պաշտպանելու մեր իրավունքները, այն առանցքային իրավունքները, որը գիտենք, որ Իրանի քաղաքական դաշտում բխելով Իրանի Սահմանադրական օրենքից, կծառայի հօգուտ մեզ: Ուստի՝ հանդես ենք գալիս դրական չեզոքությամբ եւ արձագանգել ենք թեկնածուների մեզ հետ հանդիպման ցանկությանը»,ասաց Ռոբերտ Բեգլարյանը:
Ռեսալաթ
Մակրոնը շարունակում է իր երթը
Մակրոնը խաղաղ օրեր է թիկունքում թողնում։ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Մակրոնն ստացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 66,06 տոկոսը՝ մեծ առավելությամբ շրջանցելով «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 33,94 տոկոսը։Ներկայումս Մակրոնը յուրահատուկ դիրք ունի իր երկրում։ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո քաղաքական գործիչները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, որի նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է, և քաղաքական ուժերը վերջին ճշգրտումներն են կատարում: Խորհրդարանում Մակրոնը հենարանի, կամ ինչպես ինքն է արտահայտվել, «ուժեղ մեծամասնության» կարիք ունի` արդյունավետ կառավարում իրականացնելու կամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 11-ին և 18-ին։ Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Մակրոնի կուսակցությունը կարող է շահել ձայների 29 տոկոսը, իսկ Ֆրանսիայի «Հանրապետական» և «Ազգային ճակատ» կուսակցությունները ձայների 20 տոկոսը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը հայտնել է այն 428 թեկնածուների անունները, որոնք կուսակցության կողմից մասնակցելու են երկրի խորհրդարանական ընտրություններին։ Ցուցակում ներկայացված թեկնածուների կեսը կանայք են։ Նշում են, որ ընտրված նախագահը բացարձակ մեծամասնության կարիք ունի, որպեսզի կարողանա առաջ տանել իր կոշտ բարեփոխումները։
Tert.am
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին Էմանուել Մակրոնի կուսակցության ցուցակով առաջադրվել է երեք հայ
Ֆրանսիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին երեք ֆրանսահայ է մասնակցելու, ինչը, ըստ ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի, բացառիկ երևույթ է: Երեք թեկնածուներն էլ՝ Պասկալ Շամասյանը, Գիյոմ Գասպարյանը և Դանիել Կազարյանը, Արման Ավագյանի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի կողմից օրերս հիմնադրված «Առաջ Հանրապետություն» քաղաքական ուժի կազմում են հանդես գալու: Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կին, որի ամուսինը հայ է՝ Նաթյա Էսայանը. «Ասում են՝ ծագումով պաղեստինցի է, բայց ամուսինը հայ է»:
Շարղ
Շարղ թերթը գրում է.«ԻԼԻՊ-ը ջլատվել է :Անկում է ապրել այդ ահաբեկչական խմբավորման կեղծ մայրաքաղաքը: Ազատագրվել են Մոսուլի բոլոր թաղամասերը: Ծայրահեղականներն այլևս ոչ մի տեղ չունեն այդ քաղաքում: Աբուբաքր Բաղդադին փախել է Իրաքից:
Սաուդյան Արաբիայի թագավորը երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ՝ Էմանուել Մակրոնի հետ: Հեռախուսազրույցի ընթացքում նա հույս է հայտնել ,որ Ռիադ-Փարիզ համագործակցությունը կնպաստի աշխարհի խաղաղությանը: Նա Մակրոնին շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել Պակիստանի վրա հարձակման պատասխանատվությունը:
Մայիսի 13-ին Հորդանան գետի արևմտյան ափին տեղի են ունեցել քաղաքային խորհուրդների ընտրությունները», գրում է Թեհրանում լույս տեսնող Շարղ օրաթերթը:
News.am
Մուրատ Եթքին․ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները հեռու են կատարելությունից․ Hurriyet Daily News
Թուրքիայի հարաբերությունները հարեւանների՝ այդ թվում Հայաստանի հետ ամենեւին էլ լավ վիճակում չեն։ Այս մասին ասվում է Hurriyet Daily News թուրքական թերթի սյունակագիր Մուրատ Էթքինը։
Նրա խոսքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունում վերջերս շատ հաղթանակներ, նույնիսկ փոքր հաջողություններ չեն եղել։ Վերջին հաջողությունը եղել է ԵՄ-ի հետ միգրանտների մասին գործարքը, որը կնքվել է 2016-ի մարտին, ու հենց այդ գործարքը թույլ չի տալիս, որ Անկարայի ու Բրյուսելի հարաբերություններն այսօր ավելի վատանան։ «2016-ի պետհեղաշրջման անհաջող փորձից հետո մահապատիժը վերականգնելու՝ Էրդողանի համառ ձգտումը ասես դառնահամ բալ լինի Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ խնդիրների տորթի վրա», գրում է հեղինակը։
Ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերություններին, ապա վերլուծաբանի կարծիքով, դրանք կսառեցվեն մինչեւ սեպտեմբեր, երբ Գերմանիայում ընտրություններ կանցկացվեն։ Ռուսաստանի հետ էլ դեռ խնդիրներ կան՝ չնայած հարաբերությունների բարելավմանը։ Մոսկվայի հետ խնդիրները զգալիոեն անդրադառնում են Թուրքիայի տնտեսության վրա, մանավանդ զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների։
«Թուրքիայի հարաբերությունները հարեւանների՝ Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Հունաստանի ու Հայաստանի հետ, հեռու են կատարելությունից։ Անկարան լավագույն հարաբերություններ ունի Պարսից ծոցի երկրների ՝ օրինակ Կատարի ու Քուվեյթի հետ, եւ ավելի տնտեսական ուղղվածության հարաբերություններ Ճապոնիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ»,- համարում է հոդվածագիրը։
Եթքինը հարց է բարձրացնում՝ արդյոք արտաքին քաղաքականության հարցերում Էրդողանին կօգնի հանրաքվեի միջոցով ապահովված համախմբումը։ Նրա կարծիքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին Աբդուլահ Գյուլի ու ԱԳ նախարար Ալի Բաբաջանի օրոք։ Դա մասնավորապես տեղի է ունեցել Աբդուլա Օջալանի կալանավոումից ու Թուրքիային ԵՄ անդամակցության թեկնածու հայտարարելուց հետո։ «Նախագահ Էրդողանն ու ԱԳՆ-ի վերջին երկու ղեկավարները՝ Ահմետ Դավութօղլուն ու Մեվլյութ Չավուշօղլուն այնքան հաջողակ չէին, որքան պահանջում էին նրանց բավականին հավակնոտ նպատակները։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմա լճացման վիճակում է։ Էրդողանի ու Թրամփի միջեւ հանդիպումը պատկերացում կտա այն մասին, թե դեպի ուր են զարգանալու հարաբերությունները, բայց մենք գուցե ստիպված կլինենք սպասել, մինչեւ Գերմանիայում ընտրություններից հետո ավելի լավ գաղափար կհայտնվի»,- ամփոփում է հեղինակը: