Եվրոպացիները շարունակում են քննադատել փախստականների ճգնաժամի հետ կապված Թուրքիայի բռնատուրք պահանջելը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i8404-Եվրոպացիները_շարունակում_են_քննադատել_փախստականների_ճգնաժամի_հետ_կապված_Թուրքիայի_բռնատուրք_պահանջելը
Փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի վերջին համաձայնության հանդեպ Եվրոպացի ղեկավարների քննադատությունները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2016 08:00 Asia/Tehran
  • Եվրոպացիները շարունակում են քննադատել փախստականների ճգնաժամի հետ կապված Թուրքիայի բռնատուրք պահանջելը

Փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի վերջին համաձայնության հանդեպ Եվրոպացի ղեկավարների քննադատությունները շարունակվում են:

Չեխական հանրապետության նախագահը Թուրքիային մեղադրել է ԵՄ-ից բռնատուրք պահանջելու մեջ:

Չեխական հանրապետության նախագահ Միլուշ Զեմանը երեքշաբթի օրը Պրահայում իր լեհ պաշտոնակից Անդրեյի Դուդայի հետ հանդիպման ժամանակ քննադատելով փախստականների ճգնաժամի հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնությունն, ասել է. «Փախստականների մուտքը Հունաստան սահմանափակելու համար, Թուրքիան բռնատուրք է պահանջում ԵՄ-ից»:

«Փախստականների մուտքը սահմանափակելու համար ԵՄ-ի կողմից Թուրքիային ներկայացված նախնական առաջարկը պարունակում էր երեք միլիարդ եվրո օժանդակություն, սակայն Թուրքիան այսօր վեց միլիարդ եվրո է պահանջում»,-ասել է Զեմանը:

Չեխական հանրապետության նախագահը նաև հայտարարել է, որ փախստականների թվի հավելումը դեպի Եվրոպա ծրագրավորված ներխուժում է և Եվրոպայից պիտի արտաքսել փախստականներին ու ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին:

Հիշեցնենք, որ գլխավորապես Սիրիայից, Իրաքից ու Աֆղանստանից մեկ միլիոն փախստականներ 2015 թվականին մուտք են գործել Եվրոպա: Շուրջ 136 հազար փախստականներ այս տարի Թուրքիայի տարածքով մուտք են գործել Հունաստան:

Սա ի տես այն բանի, որ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երեքշաբթի օրն ընդգծեց, որ փախստականների հարցով Թուրքիայի հետ համագործակցության հարցում բռնատուրք չի վճարելու այդ երկրին: Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ Փարիզը կատարելու է ոչ ավել ոչ պակաս 30 հազար փախստականներ ընդունելու իր պարտավորություն: «Անկարայի հետ համագործակցությունը պիտի լինի միջազգային և եվրոպական իրավունքների ու հատկապես Ժնևի կոնվենցիայի շրջանակներում և փախստականների իրավունքները պիտի հարգվեն ». ասել է նա: Վալսի ընդգծմամբ, փախստականների հարցով Թուրքիայի հետ համաձայնությունը չի կարող փոխարինել ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերությունների ուղղությամբ ներկայումս գործող շրջանակներին:

Կիպրոսի նախագահը հակառակել է փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնությանը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անասթասիադեսը երեքշաբթի օրը ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկի հետ հանդիպումից հետո ասել է. «Անկարային տրված խոստումների պատճառով Կիպրոսը չի պատրաստվում հաստատել փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնագիրը»: Հանդիպումից հետո Դոնալդ Թուսկը նշել է, որ այս համաձայնության որոշ կետերի օրինական հիմքերի շուրջ աշխատանք պիտի տանել: Նա ընդգծել է, որ Թուրքիային ներկայացված առաջարկը, որ մշակվել է Գերմանիայի համագործակցությամբ , ԵՄ բոլոր 28 անդամների կողմից հաստատվելու համար որոշ բարեփոխումների կարիք ունի: Այս հայտարարությունը կատարվել է այն պայմաններում, երբ այս համաձայնությունը վերջնական տեսքի բերելու համար ԵՄ-ի ու Թուրքիայի նիստը նախատեսված է գումարել առաջիկա հինգշաբթի և ուրբաթ ՝ Բրյուսելում: Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կայացած համաձայնության նախագծի հիման վրա Անկարան պարտավորվել է ընդունել Հունաստանից Թուրքիա վերադարձվող փախստականներին: ԵՄ-ն էլ համաձայնել է Թուրքիա վերադարձվող յուրաքանչյուր փախստականի դիմաց ընդունել Թուրքիայի կողմից հաստատված մեկ սիրիացի փախստականի: Համագործակցության դիմաց Թուրքիան պահանջել է թափ հաղորդել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին և ընդհանուր հաշվով վեց միլիարդ եվրո ֆինանսական օժանդակություն ստանալ այս միությունից: Ի դեպ, Թուրքիայի քաղաքացիները պիտի կարողանան առանց վիզայի երթևկել Շենգենյան պայմանագրին անդամ երկրներում:

Այս պահին շուրջ երկու միլիոն 700 հազար սիրիացի փախստականներ են բնակվում Թուրքիայում: