Իրանը շարունակում է մեծացնել իր պաշտպանական կարողությունները
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է. «Պաշտպանական հնարավորությունները, հատկապես Իրանի հրթիռային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և այն կշարունակվի ազգային անվտանգության պահանջներից ելնելով, իսկ քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների կողմից տարածավող լուրերը չեն կարող ազդել դրա շարունակականության կասեցման վրա»:
Երեքշաբթի օրը Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բին Ալավիի հետ ունեցած հանդիպման ժամանակ Թեհրանում Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Իրանը զգուշացնում է Եվրոպային ՀԳՀԾ-ի հարցի շուրջ չենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից տարածվող սադրանքներին:
Տարածաշրջանի երկրներում և Իրանի սահմանների մոտ օդային, ցամաքային և ծովային ռազմաբազաների տեղակայումը ուղղված է Իրանի անվտանգության դեմ։ Այդ ամենի հետևում կանգնած է ԱՄՆ-ն՝ իր տարածաշրջանային քաղաքականության իրականացման նպատակով:
Հաշվի առնելով այդ սպառնալիքները, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշակել եւ իրականացրել է իր պաշտպանական դոկտրինը եւ ռազմական ծրագրերը::
Հրթիռային պաշտպանության ծրագրի հարցով Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի հետ Եվրոպայի մերձեցման մասին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Եվրոպացիները չպետք է խոսեն ամերիկացիների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Իրանի պաշտպանական ուժը և տարածաշրջանում Իրանի ներկայությունը, քանի որ մենք բացարձակապես չենք ընդունում Եվրոպայի մերձեցումը ԱՄՆ-ի ագրեսիայի հետ»:
Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարար Ամիր Հաթամին նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա որեւէ մեկին վնասել երկրի պաշտպանական ուժերը:
Իրանը օգտագործելով ութամյա սրբազան պաշտպանության փորձը, այժմ ռազմածովային, ցամաքային և տիեզերա-ռազմաօդային տեխնիկայի ոլորտներում մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակում է գտնվում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է արել տարածաշրջանի երկրներին համագործակցել անվտանգության ապահովման ոլորտում և պատրաստ լինել դիմակայել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության դեմ դավադրություններին և սպառնալիքներին:
Յուսեֆ Բին Ալավիի հայտարարությունն այդ կապակցությամբ բավական ուշագրավ է: Նա, Իրանին լավ հարևան բնութագրելով, բարձր է գնահատել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում ԻԻՀ-ի դերը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բին Ալավին ասել է. «Որոշ երկրներ սարսափում են ԻԻՀ-ի պաշտպանական ու հրթիռային քաղաքականությունից, սակայն դրա համար որևէ պատճառ գոյություն չունի, քանի որ տարածաշրջանում տիրող նման ճգնաժամային պայմաններում Իրանն իրավունք ունի իր երկրի անվտանգության համար ռազմական հզորություն ունենալ»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է, որ յուրաքանչյուր երկրի հրթիռային ծրագրերը և պաշտպանության խնդիրները կապված են այդ երկրի հետ։ Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չի բանակցում իր պաշտպանական կարողությունների վերաբերյալ, քանի որ դա կապված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ: