Իրանը կարևորել է միջուկային զինաթափման համար լուրջ միջոցների ձեռնարկումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87876-Իրանը_կարևորել_է_միջուկային_զինաթափման_համար_լուրջ_միջոցների_ձեռնարկումը
ՄԱԿ-ի միջազգային անվտանգության ու զինաթափման նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն պահանջել է լուրջ քայլեր ձեռնարկել միջուկային զինաթափման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 08:17 Asia/Tehran
  • Իրանը կարևորել է միջուկային զինաթափման համար լուրջ միջոցների ձեռնարկումը

ՄԱԿ-ի միջազգային անվտանգության ու զինաթափման նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն պահանջել է լուրջ քայլեր ձեռնարկել միջուկային զինաթափման ուղղությամբ:

Նա նշել է, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել՝ Միջին Արևելքում միջուկային զենքից զերծ տարածաշրջան ստեղծելու համար:

Երկուշաբթի օրը, Նյու-Յորքում կայացած զինաթափման հանձնաժողովի նիստում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը, Խոշռուն ասել է.«ՀԳՀԾ-ն միակողմանի ճանապարհ չէ և բոլորը պետք է հարգեն իրենց հանձնառությունները»:

Այս օրերին միջուկային զենքի տերերը վերանորոգում են իրենց սպառազինությունը և շարունակում են սպառազինական մրցակցությունը, ինչը սպառնում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը:

ԱՄՆ-ը 1945թ. ատոմային հարձակում իրականացրեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, սպանելով հարյուր հազարավոր մարդկանց և բնակլիմայական ահավոր հետևանքներ թողնելով: ԱՄՆ-ը այսօր օրակարգում է դրել միջուկային զենքերի նոր սերնդի արտադրությունը և նախկին զենքերի վերանորոգումը: Հետևաբար ԱՄՆ-ի հայտարարությունը, թե այդ երկրին մտահոգում է միջուկային զենքի տարածումը, կեղծ է: «Եվրո Նյուզ»-ին տված հարցազրույցում, ամերիկացի մտավորական Նոամ Չամսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը տարածաշրջանում և աշխարհում միջուկային մեծ սպառնալիք են համարվում: Նա հավաստիացրել է, որ միջազգային սոցհարցումների համաձայն, աշխարհի տարբեր երկրների բնակիչները ԱՄՆ-ին համարում են համաշխարհային խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգը:

Իր ելույթում նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ռազմամոլական քաղաքականությունների պատճառով չի իրականացել միջուկային զենքից զերծ Միջին Արևելք նախագիծը, Խոշռուն ասել է.«Զինաթափման հանձնաժողովը պետք է Սիոնիստական ռեժիմին պարտադրի միանալ միջուկային զենքերի չտարածման դաշինքին և իր միջուկային աշխատանքներն իրականացնել ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրության շրջանակներում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը մտադիր է գործնական քայլեր իրականացնել միջուկային զինաթափման բանակցությունների համար:

Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի փորձագետ Մարք Ֆինոդի կարծիքով, հավանաբար Գութերեշը Անվտանգության խորհրդի թիվ 1887 բանաձևից է օգտվելու աշխարհում միջուկային զինաթափման մասին իր նախագծի առաջմղման համար:

2009թ. սեպտեմբերի 24-ին, ձայների մեծամասնությամբ վավերացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1887 բանաձևը, միջազգային փաստաթուղթ է՝ անվտանգության ու խաղաղության պահպանման, միջուկային զենքի չտարածման ու զինաթափման համար:

ԻԻՀ տեսանկյունից, միջուկային զինաթափման նպատակների կատարյալ իրագործման համար, այդ զենքերը ոչնչացնելու լուրջ կամք է պահանջվում:

2011թ. ապրիլին, զինաթափման թեմայով Թեհրանում կայացած համագումարում, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, համագումարին հղած իր ուղերձում ասել է.«Մենք պիղծ ենք համարում այդ զենքերի օգտագործումը և մարդուն այդ զենքերի վտանգից ազատելը բոլորի պարտականությունն ենք համարում»: