Իրան-Եվրոպա բանկային համագործակցությունը ՝ գործառույթը և ակնկալիքները
Ապրիլի 28-ին Իրանի դիվանագիտական ու բանկային տնտեսության ոլորտի պատասխանատուների ու տնօրենների, նաև եվրոպական երկրներից նույն ոլորտի գործիչների ներկայությամբ Թեհրանում մեկնարկել է Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարը:
Համագումար, որի գլխավոր առանցքներն են եղել ՀԳՀԾ-ի իրականացման ճանապարհին ԱՄՆ-ի խափանումները և գործարքներում դոլարին եվրոյով փոխարինելու հավանականության քննարկումը:
Այս տեսանկյունից, համագումարի անցկացումը հարմար առիթ է՝ այդ ոլորտի մարտահրավերներն ու գործառույթները վերլուծելու համար:
Այդ կապակցությամբ Իրանի և Շվեյցարիայի առևտրի պալատի նախագահ Շարիֆ Նեզամ Մաֆին ասել է. «Ցավոք, Թրամփի քաղաքականության հետ կապված մտահոգության պատճառով և տուգանվելու վախից, եվրոպական երկրները նախընտրում են զինվել համբերությամբ»:
ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքի համաձայն՝ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2018 թվականի մայիսի 12-ը ժամանակ ունի որոշում ընդունել հակաիրանական պատժամիջոցների սառեցումը երկարաձգելու մասին: Թրամփը զգուշացրել է, որ եթե ՀԳՀԾ-ն փոփոխության չենթարկվի, ապա ԱՄՆ-ը դուրս է գալու համաձայնագրից: ԱՄՆ պետայրերը հայտարարում են, թե Վաշինգտոնը ոչ թե ՀԳՀԾ-ն փոխելու հարցում բանակցության է ձգտում, այլ ցանկանում է Թեհրանի հետ լրացուցիչ համաձայնության գալ ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հետ կապված տարաձայնությունների վերացման համար եվրոպացիների քաղաքական բանակցությունները դեռևս արդյունք չեն ունեցել:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ասել է.«Եվրամիությունը մեծ քայլեր է արել Իրանի հետ բանկային հարաբերությունների ճանապարհից խոչընդոտները վերացնելու ուղղությամբ և պետք է իր ջանքերը շարունակի մինչև խոչընդոտների ամբողջական վերացումը։ Նման գործելակերպը կարող է մյուս եվրոպական բանկերին ուղղորդել համագործակցել Իրանի հետ»:
Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարում Աննե Մարի Ֆենդեր Հեյդենն ասել է. «Իրանը պետք է համոզված լինի, որ շահել է եվրոպական բանկերի վստահությունը և նրանք մուտք են գործել Իրանի հետ տնտեսական համագործակցության ոլորտ»:
Թվում է, որ եվրոպացի պետայրերը պետք է կանխեն ԱՄՆ-ի վերտարածաշրջանային առևտրական պատժամիջոցները, այն է՝ 1980-ականներին նախկին խորհրդային միության հարցում իրականացրած քայլերը: Այն օրերին գործող օրենքի համաձայն, եթե որևէ անհատ կամ ընկերություն հարգեր ԱՄՆ վերտարածաշրջանային պատժամիջոցները, դա նշանակում էր Եվրոպայի օրեքնների ոտնահարում: Եվրոպայի այդ դիրքորոշման արդյունքում, ամերիկացիները զիջեցին իրենց դիրքերը:
Եվրոպացիները պետք է համոզվեն որ Եվրոպայում դոլարային համակարգը կարելի է փոխարինել եվրոյի համակարգով , որպեսզի աշխարհի տնտեսական, բանկային ու ֆինանսական համակարգում նվազի ԱՄՆ-ի ուժը:
ԱՄՆ-ի ճնշումների հարցում զիջումները եվրոպական բանկերն արդարացնում են նրանով, որ իրենց վախեցնում է Թրամփի ոչ-թափանցիկ քաղաքականությունը, որի հետևանքով արտասահմանյան պետություններն ու ընկերությունները չեն կարողանում ազատ ընտրություն կատարել Իրանի հետ հարաբերություններում: Մինչդեռ միջբանկային խոչընդոտների վերացումն անհրաժեշտություն է , որը կարող է երկկողմ առևտրի լուծում լինել: Այժմ պետք է տեսնել, թե այդ ուղղությամբ եվրոպական բանկներն ինչպիսի քայլեր են անելու: