Փաշինյանի առաջարկով նշանակվեցին ՀՀ նոր ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը
ՀՀ վարչապետի առաջարկով, աշխատանքից ազատվեցին ՀՀ ոստիկանպետն ու ԱԱԾ տնօրենը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով աշխատանքից ազատեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց գնդապետ Վալերի Օսիպյանը: Նա ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված երեքշաբաթյա բողոքի շարժման ընթացքում մշտապես եղել էր բողոքարարների կողքին:
ՀՀ վարչապետն ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը, ԱԱԾ տնօրեն նշանակեց Արթուր Վանեցյանին և նրանից պահանջեց աշխատել երկրում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ:
Փաշինյանի քայլերը վկայում են այն մասին, որ նա փորձում է փոփոխության ենթարկել անցած տասնամյակների ընթացքում ձևավորված իշխանության շրջանակները: Իշխանական այդ շրջանակները ստեղծվում են գլխավոր պաշտոնատար անձանց շուրջը և պատճառ են դառնում, որպեսզի նրանց աշխատանքը սեփական շահերի կողմն ուղղորդվի, այնպես որ նույնիսկ իշխանությունից հեռանալուց հետո էլ նրանց ազդեցությունը նկատելի է լինում:
Իշխանության ղեկին Սերժ Սարգսյանի երկարաժամկետ ներկայությունն էլ պատճառ էր դարձել, որ նա կարողանա իշխանական նման շրջանակներ ստեղծել: Կարելի է ասել, որ նա իշխանության ղեկին տասնամյա ներկայության ընթացքում առիթ է ունեցել հօգուտ իրեն ձևավորել որոշում կայցնող զգայուն կենտրոնները և այսօր երբ արդեն հեռացել է իշխանությունից, այս անհատների միջոցով հնարավորություն ունի ազդեցություն գործադրել որոշումների ընդունման գործընթացի վրա:
Միևնույն ժամանակ, կամա թե ակամա, մարդիկ ընտելանում են այն ընթացակարգին, որին բազմիցս հետևել են և Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակում փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է փոխել նաև այդ անձանց ու ընթացակարգերը: Ավելի վաղ, մտահոգություններ են հնչեցվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իշխանությունն իր մենաշնորհը դարձնել և նրա գլխավորությամբ Հայաստանում բողոքի շարժումը այդ նպատակի իրագործման պատրվակ է ծառայել:
Հետևաբար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենվելով Հայաստանի քաղաքացիական հասարակության վրա և գիտակցելով որպես ՀՀ վարչապետ իր պարտականությունը, իրականացնի բողոքող հասարակության պահանջները: Նա առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում պիտի կառույցային լուրջ փոփոխություններ իրականացնի, ինչը Հայաստանի քաղաքացիական հասարակության առավել հզորացմամբ խթան կհանդիսանա այդ երկրում առկա խնդիրների դեմ պայքարի համար: