Իրանը զգուշացրել է Եվրոպայի անկարողության կապակցությամբ
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եթե Թեհրանը համոզվի, որ Եվրոպան անկարող է կատարել իր հանձնառությունները կամ փորձում է շահարկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հրաժարվելու փաստը՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ապա կվերանայի իր արտաքին քաղաքականությունը»:
ՀԳՀԾ-ի նկատմամբ ներկայացված հավանական տարբերակների և Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հայտարարությունը հուշում է այն կարմիր գծերի մասին, որոնք կտրականապես և հստակ ներկայացվել են Իրանի կողմից ՝ Միջուկային համաձայնությունում մնալու համար:
ՀԳՀԾ-ի հեռանկարի համար այսօր երկու հավանականությունների մասին է խոսվում:
Առաջին հավանականությունը՝ Անվտանգության խորհրդի բանաձևերի և Իրանի համար ՀԳՀԾ-ից բխած շահերի երաշխավորման շրջանակում միջուկային համաձայնության շարունակումը պայմանավորված է Իրանի և Եվրամիության բանակցային գործընթացում ՀԳՀԾ-ին չառնչվող հարցերի բացակայությամբ: Այս ուղղությամբ քայլերը պահանջում են Եվրոպայի կողմից քաղաքական ու տնտեսական անկախ գործունեություն:
Իսկ երկրորդ հավանականության դեպքում, խոսքը գնում է Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու փաստի շահարկման և ԱՄՆ ճնշումների դեմ իր հանձնառությունների կատարման գործում Եվրոպայի անկարողության մասին: Այդ հարցին անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն իր խոսքերում:
Վերլուծաբանների համոզմամբ, ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության, նոր կարգավիճակ է, որն ուղղակի առնչվում է վերոնշյալ երկու հավանականություններին:
Այս նոր կարգավիճակը քաղաքական ու տնտեսական երկու կողմեր ունի, նաև ընդգրկում է Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը հաստատած ՝ վերահսկող միակ կառույց ՄԱԳԱՏԷ-ի օրենքների շրջանակում Իրանի օրինական իրավունքները:
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի համաձայն ԻԻՀ-ի կողմից ուրանի հարստացման ծրագրի օրինականացմանը, Ալի Շամխանին հավաստիացրել է.«ՀԳՀԾ-ի միջազգային գործարքի շրջանակում Իրանի միջուկային ծրագրի շարունակման եղանակն արդեն պարզվել է և միջուկային բանակցությունների փակված դոսիեն երբեք չի բացվելու »:
Քաղաքական առումով միջուկային գործարքից հրաժարվելու համար ԱՄՆ-ի կողմից ներկայացվել է Իրանի տարածաշրջանային դերակատարության և Իրանի հրթիռային պաշտպանության մասին պատրվակը: Այդ անհիմն խոսքերը կրկնել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Երկուշաբթի օրը Մայք Պոմպեոն անհիմն հայտարարություններ կատարելով ասել է .«ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը խստացնելու է Իրանի դեմ ֆինանսական աննախադեպ պատժամիջոցները և կանխելու է տարածաշրջանում Իրանի ազդեցությունը, խանգարելու է Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերին»:
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հերքելով Պոմպեոի միջամտողական ու վիրավորական խոսքերը , մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Չնայած աշխարհի բոլոր երկրների ընդդիմություններին, ԱՄՆ-ի կառավարությունը ոտքի տակ է դրել իր միջազգային , իրավական ու քաղաքական հանձնառությունները: Վաշինգտոնը իրավասու չէ որոշումներ ընդունել Իրանի նման մեծ երկրի համար, որն ամբողջությամբ հարգել է իր պարտավորությունները:
Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի զգուշացումները կարելի է գնահատել այդ շրջանակում: Քանի որ առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ի փոփոխական կարգավիճակում, չի բացառվում Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի քաղաքականության կրկնության հավանականությունը: