Մամուլի տեսություն 06-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93276-Մամուլի_տեսություն_06_06_2018
Եվրոպայի ներդրման բանկը (EIB) մերժեց ԱՄՆ-ի պատժամիջոցները կանխելու նպատակով Իրանի հետ առևտրական գործարք կնքելու ԵՄ-ի առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2018 07:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-06-2018

Եվրոպայի ներդրման բանկը (EIB) մերժեց ԱՄՆ-ի պատժամիջոցները կանխելու նպատակով Իրանի հետ առևտրական գործարք կնքելու ԵՄ-ի առաջարկը:

Մեհր

Եվրոպայի ներդրման բանկը մերժեց Իրանի հետ փոխանակումների նախագիծը

 

Եվրոպայի ներդրման բանկը (EIB) մերժեց ԱՄՆ-ի պատժամիջոցները կանխելու նպատակով Իրանի հետ առևտրական գործարք կնքելու ԵՄ-ի առաջարկը:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԱՄՆ-ի ճնշման ներքո Եվրոպայի ներդրման բանկը մերժեց ԱՄՆ-ի պատժամիջոցները կանխելու և 2015 թվականի միջուկային համաձայնությունը պահպանելու նպատակով Իրանում առևտրի համար ԵՄ-ի ներկայացրած առաջարկը: Այս բանկն իր ներդրումների խոշոր տոկոսն ապահովում է ԱՄՆ-ի միջոցով:

ԵՄ-ի բանկային բազուկի դիմադրությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց Իրանի հետ իր առևտրական կապերը պաշտպանելու ԵՄ-ի կարողությունն ինչ աստիճան սահմանափակ է:

Ակնկալվում է, որ այսօր՝ չորեքշաբթի, Եվրոհանձնաժողովը վավերացնի Իրանի հետ հաստատված առևտրական հարաբերությունները պաշտպանելու նպատակով Եվրոպայի ներդրման բանկին խրախուսող ԵՄ-ի ծրագիրը: Այս բանկը մինչ այսօր որևէ առևտրական հարաբերություն չի ունեցել Իրանի հետ:

Այս քայլը խորհրդանշական արժեք կարող է ունենալ, քանի որ եվրոպացի պաշտոնատարների համոզմամբ, դա Իրանի պահանջներին բավարարություն տալու համար ամենահեշտ միջոցը կարող է լինել և ապացուցում է, որ այդ միությունը հավատարիմ է մնում միջուկային համաձայնությանը:

ԵՄ-ի վեց դիվանագետներ, եվրոպացի պաշտոնատարներ ու նաև «Ռոյտերզ»-ի աղբյուրները հայտարարել են, որ Եվրոպայի ներդրման բանկում սրվում են մտահոգություններն այն կապակցությամբ, որ Եվրոհանձնաժողովի ծրագրի գործադրմամբ կարող են վտանգվել այդ բանկի մի քանի միլիարդ դոլարի հասնող ներդրումները:

ԵՄ-ի մի դիվանագետ ասել է. «Այս բանկը դժգոհ է Եվրոհանձնաժողովի նախագծից, քանի որ իր հիմնադրամների համար կապիտալ է ներգրավում ԱՄՆ-ից»:

Որպես աշխարհում գլխավոր վարկ ստացողներից մեկը Եվրոպայի ներդրման բանկն անցած տարի աշխարհի կապիտալի շուկաներում պարտատոմսեր վաճառելով ներգրավեց 56,4 միլիարդ եվրո կամ 66 միլիարդ դոլար: Հիշյալ բանկը մտահոգ է նրանից, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները կարող են փախցնել պարտատոմսերը գնողներին:

«ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել այս բանկի վրա, որպեսզի Իրանում ներդրում չկատարի և ազդարարում է դրա հետևանքների կապակցությամբ»,-հայտարարել է ԵՄ-ի պաշտոնատարներից մեկը:

ԵՄ մեկ այլ դիվանագետ ասում է. «Դա բնավ հեշտ գործ չի լինելու: Եվրոպայի ներդրման բանկը միանշանակ տեղյակ է այն վտանգների մասին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ունենալ իր աշխատանքների համար»:

Եվրոհանձնաժողովը «Ռոյտերզ»-ին հղած հաղորդագրությամբ հայտարարել է. «Այս նախագիծն Իրանում ներդրում կատարելու հնարավորություն կստեղծի բանկի համար, սակայն Եվրոպայի ներդրման բանկը պարտավոր չի լինելու որևէ քայլ ձեռնարկել»:

Իրանի անունը մարտ ամսին ավելացվեց Եվրոպայի ներդրման բանկի հետ համագործակցության պայմանները լրացնող երկրների ցանկին: ԵՄ-ն ցականում է, որ մինչև նախքան օգոստոսի 6-ը, երբ վերականգնվելու են ԱՄՆ-ի պատժամիջոցներն, այս բանկի ու Իրանի միջև դրամային փոխանցման նախագիծը գործադրման հանձնվի:

Օբամայի պաշտոնավարության շրջանում Սպիտակ տան նախկին պաշտոնյաներից համարվող Ռիչարդ Նեֆյուն ասում է. «Իրանի հետ այս բանկի կապերը խանգարելու համար ԱՄՆ-ի վարչակազմը ճնշման հզոր լծակներ ունի և նույնիսկ այդ կապակցությամբ բանկի դեմ պատժամիջոցներ գործադրելու կարիք չի զգացվելու»:

Նրա ընդգծմամբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այնքան միատարր են, որ շատ քիչ այն հավանականությունը, որ եվրոպացիները կարողանան իրենց ներկա կառույցների օգնությամբ Իրանի հետ բանկային համագործակցություն ծավալել:

«Եթե նրանք իրապես հակված են նման քայլի, պիտի ստեղծեն ԱՄՆ-ի հետ որևէ առնչություն չունեցող անկախ կառույցներ ու հետո ԱՄՆ-ի պատժիչ քայլերի դիմաց պաշտպանեն այդ հաստատություններին»,-հայտարարել է Նեֆյուն:

 

 

Ժողովուրդ

ՀՀԿ-ն՝ օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին. ԱԺ ղեկավարությունը կփոխվի՞

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաեւ օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկա օրերին մի քանիսը եւս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի:

ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված է 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ:

ԱԺ կանոնակարգ-օրենքը նաեւ սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ասել է թե` իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար. համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի:

Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մարդիկ դուրս չգան, միեւնույն է, հնարավոր է ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ` ՀՀԿ խմբակցության որոշումների դեմ: Սպասենք նոր զարգացումներին»:

 

Արմենպրես

ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը. Շարմազանով

 

Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի ընդունմանը: Այդ մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն  իրականացվի և անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը: 

Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ այն «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր»: «Այս ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը: Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը՝ չկան»,- ասաց Շարմազանովը՝ ավելացնելով, որ կառավարության ծրագրում տարբեր ոլորտների առնչությամբ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր:

«Մեր հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, որովհետև այս կառավարության փաստաթղթում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ սա ամենակարևորագույն փաստաթուղթն է: Այնտեղ չկա ռազմավարություն»,- նկատեց ԱԺ փոխնախագահը: