Մամուլի տեսություն 28-06-2018
Եվրոպացիները բանակցում են ԱՄՆ-ի կառավարության հետ, որպեսզի եվրոպական ընկերությունները բացառվեն Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից:
Ջավան
Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական լիարժեք պատերազմը
Եվրոպացիները բանակցում են ԱՄՆ-ի կառավարության հետ, որպեսզի եվրոպական ընկերությունները բացառվեն Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից: Ճապոնիան ու Հարավային Կորեան էլ նույն ուղղությամբ են ընթանում, բայց ամերիկացի մի պաշտոնատար, որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունն ասում է, որ առաջիկա չորս ամիսների ընթացքում Իրանից նավթ գնող բոլոր երկրների վրա ճնշում են գործադրելու, որպեսզի գործադրման հանձնեն Իրանի նավթի վաճառքի զրոյացման նախագիծը, որը ինչպես հաղորդել է «Սպուտնիկ»-ը նպատակ ունի անդամալույծ անել Իրանի տնտեսությանը և ինչպես իրանցի պաշտոնատարներն են ընդգծում Թեհրանի դեմ տնտեսական պատերազմ է հայտարարելու:
Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու նախագիծն առաջին անգամ 2013 թվականի օգոստոսին ներկայացվեց Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի կողմից, որը կառավարվում է հանրապետական միլիարդատերեր և ԱՄՆ-ում Իսրայելի գլխավոր հովանավորները համարվող Շելդոն Ադելսոնի ու Փոլ Սինգերի կողմից: Այս նախագիծը հենց այն ժամանակ էլ ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս և մասնավորապես Հնդկաստանի ու Հարավային Կորեայի կողմից լուրջ արձագանքների արժանացավ և ի վերջո Իրանի և 5+1 խմբի միջև բանակցություններ սկսվելով հանվեց օրակարգից: Այսօր՝ 7 տարիներ անց, ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է ՀԳՀԾ-ից և այս նախագիծը կրկին շրջանառության մեջ դրվելու մասին ոչ-պաշտոնական շշուկներ են տարածվել: Թեհրանում տնտեսական վիճակը անկայուն է և դոլարի ու մյուս արտարժույթների դիմաց ռիալի փոխարժեքն իջել է նվազագույն մակարդակին, սակայն Թրամփի կառավարությունը, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելուն հաջորդած շաբաթներում հռետորաբանությամբ էր զբաղված այդ մասին որևէ հստակ դիրքորոշում չի կատարել: Սա Թեհրանում գտնվող և Թրամփի ու նրա կառավարության հոգեբանությանը ծանոթ քաղաքական դիտորդների համար միայն մեկ իմաստ կարող է ունենալ և դա այն է, որ «ԱՄՆ-ի կառավարությունը կուլիսներում Իրանի տնտեսության հավասարակշռությունը խանգարելու ուղղությամբ ջանք է գործադրում»:
Իրանցի պաշտոնատարները դեռ որևէ հայտարարություն չեն կատարել այն մասին, թե ԱՄՆ-ի այս նախագիծը չեզոքացնելու համար ինչ նախագիծ ունեն ու ինչպես են արձագանքելու դրան, բայց առանց որևէ կասկածի նման մեկ նախագծի Թեհրանի պատասխանը վեր է լինելու սոսկ տնտեսական պատասխան լինելուց:
Քեյհան
Դիմակայում ենք միջազգային ամենավտանգավոր չարագործներին ու խուլիգաններին. Եմենի Անսարալլահ
Ալ-Հուդայդա ռազմավարական նշանակությամբ նավահանգստի դեմ Սաուդյան-ամերիկյան կոալիցիայի ոտնձգությունը ձախողել է: Դա ի տես այն բանի, որ Եմենի ժողովուրդը դեմ հանդիման է կանգնած սաուդացիներից, էմիրեթցիներից, ամերիկացիներից, ֆրանսիացիներից, բրիտանացիներից ու ահաբեկչական շատ խմբերից կազմված ճակատին: Դա հաստատել է Եմենի Անսարալլահի խոսնակը: Անսարալլահի խոսնակ Մոհամմեդ Աբդեսալամը հայտարարել է. «Եմենը դիմակայում է ամենավտանգավոր կոալիցիային, որտեղ համախմբված են աշխարհի խուլիգանները: Աշխարհի ամենավտանգավոր խուլիգանների հետ առճակատման ընթացքում Եմենի դիմադրությունը դրական ազդեցություն է գործելու ոչ միայն Պաղեստինի հարցի, այլ ողջ տարածաշրջանի վրա»:
Աբդելսալամի ընդգծմամբ տարածաշրջանի ժողովուրդներն երախտապարտ կլինեն Եմենի ժողովրդին, քանի որ նրանց հեռու է պահել սաուդական-ամերիկյան-սիոնիստական ագրեսիայից ու եթե այս դիմադրությունը չլիներ այս զոռբայությունն ու ագրեսիան շատ ավելի խիստ կլիներ»:
Երեքշաբթի օրը Սաուդյան կոալիցիայի հրամանատարներից մելը բացահայտելով դիակները հրկիզելու ոտնձգիչ ուժերի վայրագությունները հաստատեց նրանց խուլիգանությունը:
Միևնույն ժամանակ Եմենի ժողովուրդը ցույց կազմակերպելով այդ երկրի մայրաքաղաք Սանըայում ու Ալ-Հուդայդա նավահանգստում դատապարտեց Ալե Սաուդի ու նրան հրամանատարության ներքո գտնվող ուժերի ռազմական ոտնձգությունը: Ցուցարարները դատապարտելով Եմենում բնակելի տարածքների դեմ սաուդացիների ու էմիրեթցիների հարձակումներ և խաղաղ քաղաքացիների սպանությունը պահանջեցին վերջ տալ Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ հարձակումներին:
Ի դեպ, ՄԱԿ-ը Արաբիայի անունը կրկին ներառելով երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում հայտարարեց, որ սպանվել կամ հաշմանդամ են դարձել շուրջ 1300 եմենցի երեխաներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը մի հաղորդագրությամբ Արաբիայի կոալիցիայից բացի երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում է ներառել նաև Եմենի փախստական կառավարության ուժերին ու Ալ-Ղաիդա խմբին:
Հրապարակ
Վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է. հնարավոր է՝ Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է։ Լուրեր կան, որ հնարավոր է Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեեւ նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին։ Լուրեր կան նաեւ, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան։
«Եվրոպա, ԱՄՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ։ Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է Իրան այցելել։ Ի դեպ, Իրան է մեկնելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեզ ասացին, որ «վերջնական ժամկետները ճշտվում են»։ Իսկ առաջիկայում՝ հուլիսի 11-12-ին, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի օրակարգում առանցքային ուշագրավ հարց կա՝ ՆԱՏՕ-ն քննարկելու է ռուսական ագրեսիայի զսպման հարցը»:
News.am
Խուսափեք Սաակաշվիլիի թույլ տված սխալներից. ԱՄՆ նախկին դեսպանի կոչը ՀՀ իշխանություններին
Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետեւում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները:
«Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում եւս բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, ներառյալ Transparency International -ը:
«Երկար տարիներ մենք քննադատել ենք կառավարությանը: Նախկին իշխանությունները չունեին քաղաքական կամք՝ փոփոխություններ իրականացնելու համար»,- նշում է Transparency International-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
Հայաստանում կոռուպցիայի կարեւոր օղակներից է օլիգարխիկ տնտեսական համակարգի ու պետական հատվածի սերտաճումը, որը գործում էր շուրջ 35 տոկոս ստվերային տնտեսության պարագայում: Դրա մասին է վկայում Transparency International-ի զեկույցը: Վերլուծաբան Քեն Յալովիցը եւս առանձնացնում է սերտաճման խնդրի արդիականությունը:
«Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը: Սա կարեւոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է Վրաստանում եւ Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը:
Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձեւական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձեւավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ:
Դեսպան Յալովիթցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից:
«Սաակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին եւ կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետեւում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսեւորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը: