Մամուլի տեսություն 30-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95016-Մամուլի_տեսություն_30_06_2018
Ուղղակի այն օրերում, երբ ԱՄՆ-ն մտադիր է բոյկոտի ենթարկել Իրանին բենզինի վաճառքը, ԻԻՀ նախագահի ներկայությամբ շահագործման հանձնվեց «Պարսից Ծոցի Աստղ» գազային կոնդենսատների զտարանի երկրորդ բլոկը: Այս զտարանը կարող է Իրանին անխոցելի դարձնել բենզինի բոյկոտի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 08:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-06-2018

Ուղղակի այն օրերում, երբ ԱՄՆ-ն մտադիր է բոյկոտի ենթարկել Իրանին բենզինի վաճառքը, ԻԻՀ նախագահի ներկայությամբ շահագործման հանձնվեց «Պարսից Ծոցի Աստղ» գազային կոնդենսատների զտարանի երկրորդ բլոկը: Այս զտարանը կարող է Իրանին անխոցելի դարձնել բենզինի բոյկոտի դիմաց:

Ջավան

Նախահարձակում բենզինի բոյկոտին

 

Ուղղակի այն օրերում, երբ ԱՄՆ-ն մտադիր է բոյկոտի ենթարկել Իրանին բենզինի վաճառքը, ԻԻՀ նախագահի ներկայությամբ շահագործման հանձնվեց «Պարսից Ծոցի Աստղ» գազային կոնդենսատների զտարանի երկրորդ բլոկը: Այս զտարանը կարող է Իրանին անխոցելի դարձնել բենզինի բոյկոտի դիմաց:

«Պարսից Ծոցի Աստղ» զտարանը գազային կոնդենսատների զտման համար օրական 360 հազար բարել թողունակությամբ նախագծված առաջին զտարանն է, որի կառուցումն իրանական 2006 թվականին սկսվեց Բանդար Աբբասի ներկա զտարանի հարևանության մեջ գտնվող 700 հեկտար տարածության վրա: Զտարանը կառուցվել է բենզինի, հեղուկ գազի ու ջեթի վառելիքի արտադրման համար: Զտարանի կերը ավելի քան 485կմ երկարությամբ խողովակագծի միջոցով ապահովվում է Հարավային Փարս գազադաշտից: «Պարսից Ծոցի Աստղ» զտարանի շահագործմամբ Իրանի նավթամթերքի օրական արտադրաչափը համալրվելու է 35 միլիոն լիտր բենզինի և 14 միլիոն լիտր դիզվառելիքի արտադրմամբ:  

Այս զտարանում արտադրվելու են նաև օրական 4 միլիոն լիտր գազային կոնդենսանտ, 3 միլիոն լիտր ջեթի վառելիք և 130 տոննա ծծումբ: «Պարսից Ծոցի Աստղ»-ի գործադիր տնօրենի ընդգծմամբ այս պահին զտարանում օրական արտադրվում է «Յուրո 4» և «Յուրո 5» ստանդարտով 24 միլիոն լիտր բենզին, որը մինչև տարեվերջ բարձրանալու է 36 միլիոն լիտրի: Ազգային այս մեծ նախագծի տնօրենները լիահույս են, որ երկիրն այս տարի բենզինի արտադրման բնագավառում ինքնաբավ կդառնա և տարվա երկրորդ կեսին բենզինի արտահանման հնարավորություն կստեղծվի:

«Խաթամ-ալ-Անբիա» զորակայանի հրամանատար զորավար Էբադելլահ Աբդոլլահին «Պարսից Ծոցի Աստղ» զտարանի երկրորդ բլոկի շահագործման հանձնվելու հանդիսության ժամանակ անդրադառնալով այն կետին, որ «Պարսից Ծոցի Աստղ»-ն աշխարհում գազային կոնդենսատների ամենամեծ զտարաններից է համարվում, 11-րդ և 12-րդ կառավարությունների գերակայությունները հստակ ու կարևոր բնութագրեց և հայտարարեց. «Կարևոր քայլերից մեկը Հարավային Փարսի երեք բլոկների շահագործումը և սահմանային 7,3 միլիարդ խորանարդ մետր ջրերի սանձումն էր»:

Նա նկատելով, որ «Պարսից Ծոցի Աստղ» զտարանի նախագծման, սարքավորումների ապահովման, կառուցման ու շահագործման աշխատանքների ավելի քան 80 տոկոսն իրականացվել է ներքին ուժերի ու հնարավորությունների միջոցով, ասաց. «Այս հսկա նախագծում զտարանի կառուցման համար պատրաստվեցին 10 հազար մասնագետ ուժեր»: 

 

 

   

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն նահանջեց Իրանի նավթի արտահանումը 100 տոկոսով բոյկոտելու գաղափարից

 

Մինչ փորձագետները գործնականում հնարավոր չեն համարում շուկայից Իրանի նավթի լիարժեք  կրճատման հնարավորությունը, ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնատար կողմնակի կերպով հաստատեց, որ Թրամփի վարչակազմը հնարավոր է որոշ բացառություններ նկատի ունենա Իրանի նավթը գնողների համար:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, այն պայմաններում, երբ Վաշինգտոնը պատրաստվում է նոյեմբերին Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնատար ասաց, որ այդ երկիրը պատրաստ է պարագայաբար համագործակցելով տարբեր երկրների հետ նրանց օգնել Իրանից նավթի ներկրման ծավալների կրճատման հարցում: Այս արտահայտությունները վկայում են, որ հնարավոր է Թրամփի կառավարությունը Իրանի նավթի հաճախորդների համար բացառություններ նկատի ունենա:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնատար ավելի վաղ ասել է, որ նոյեմբեր ամսից պիտի զրոյի իջեցվի Իրանից նավթի գնումը, և անհավանական է, որ այդ հարցում որևէ բացառություններ լինեն:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան ասել է. «Մենք կենտրոնացած ենք Իրանից նավթ ներկրող երկրների վրա, որպեսզի նրանց խոշոր մասին պարտադրենք մինչև նոյեմբերի 4-րը դադարեցնել Իրանից նավթի գնումը: Մենք պատրաստ ենք պարագայաբար համագործակցել այն երկրների հետ, որոնք կկրճատեն Իրանից նավթի ներկրման ծավալները»:

Թրամփի վարչակազմի ավագ պաշտոնատարներ մեկնել են եվրոպական երկրներ, որից հետո կուղևորվեն Միջին Արևելք ու Ասիա և կփորձեն Իրանից նավթի գնումը կրճատելու հարցում ճնշում գործադրել տարբեր երկրների վրա:

ԱՄՆ վարչակազմի պաշտոնատարները նաև հայտարարել են, որ Արաբիայի ու Պարսից ծոցի ափամերձ երկրների վրա ճնշում կգործադրվի վստահություն ձեռք  բերելու համար այն մասին, որ Իրանի պատժամիջոցների լիարժեք գործադրման դեպքում բավարար ծավալով նավթ կարտահանվի համաշխահային շուկաներ:

Դա ի տես այն բանի, որ համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, չնայած Իրանի նավթի արտահանման ծավալների կրճատման համար ԱՄՆ-ի ջանքերին Իրանի նավթի արտահանումները մայիս ամսին 15 տոկոս աճ են արձանագրել և վերջին ութ ամիսների ընթացքում ամենամեծ ծավալով նավթն է վաճառվել ասիացի հաճախորդներին:

 

Ալիք

ՀՀ ՍԱՊԾ պետն ընդունել է Իրանի դեսպանատան առեւտրային կցորդին

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ պարոն Ռահիմին, շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը տարիներ ի վեր ունեն առևտրատնտեսական լավ հարաբերություններ, պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերություննրի զարգացման և առաջացող խնդիրներն արագ կարգավորելու հարցում:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված իր տեսլականը, ընդգծել սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրի աջակցության կարևորությունը:

«Նոր Հայաստանում հարաբերություններն ու գործընթացները ենթադրում են առավելագույն պարզեցում ու թափանցիկություն, ինչը նշանակում է անհանդուրժողականություն ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ»,- հավաստիացրել է Ծառայության պետը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ծառայության ենթահսկման ապրանքների արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական և կանոնակարգային ցանկացած փոփոխության մասին փոխադարձաբար տեղեկացնելու մասին:

 

Փաստ

ՀՀԿ համագումարը՝ սեպտեմբերի վերջին. Սերժ Սարգսյանը 15 տոկոսի ակնկալիք ունի

 

«Փաստ» թերթը գրում է. «Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ–մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր–ինչ կարգավորել, առավել ևս, որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի:

«Փաստ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24–27–ն ընկած ժամանակահատվածում: Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետի ընտրությունը, մեր աղբյուրներն առայժմ լռում են: Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաև հատկապես կուսակցության երիտասարդացմանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե՛ կուսակցության խորհրդի, թե՛ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» և օդիոզներից:

Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշեց մեր զրուցակիցը»: