Մամուլի տեսություն 19-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95791-Մամուլի_տեսություն_19_07_2018
ԱՄՆ-ում էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնատար ասաց, որ Վաշինգտոնում ոմանք այն կարծիքին են, որ Չինաստանն իր կողմն է գրավելու Իրանի նավթի արտահանումների այն խոշոր բաժինը, որից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվելու են մյուս երկրները և այդպիսով պատժամիջոցներն անազդեցիկ են դառնալու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2018 07:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-07-2018

ԱՄՆ-ում էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնատար ասաց, որ Վաշինգտոնում ոմանք այն կարծիքին են, որ Չինաստանն իր կողմն է գրավելու Իրանի նավթի արտահանումների այն խոշոր բաժինը, որից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվելու են մյուս երկրները և այդպիսով պատժամիջոցներն անազդեցիկ են դառնալու:

Էղթեսադ-ե Մելի

Չինաստանը գլխավոր արգելք ԱՄՆ-ի պատժամիջոցների ճամբին

 

ԱՄՆ-ում էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնատար ասաց, որ Վաշինգտոնում ոմանք այն կարծիքին են, որ Չինաստանն իր կողմն է գրավելու Իրանի նավթի արտահանումների այն խոշոր բաժինը, որից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվելու են մյուս երկրները և այդպիսով պատժամիջոցներն անազդեցիկ են դառնալու: «Ուալսթրիթ Ժուռնալ»-ի ընդգծմամբ Իրանի նավթի խոշոր բաժնի գնումը Չինաստանի կողմից թուլացնելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը և այն պայմաններում, երբ առևտրի ոլորտում Պեկինի ու Վաշինգտոնի միջև լարվածությունները սրվել են, Իրանին առավել մոտեցնելու է Չինաստանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիս ամսին լքեց միջուկային միջազգային համաձայնությունը և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հրահանգ արձակեց: Այդ որոշման մասին հայտարարվելուց անմիջապես հետո նավթի գները թռիչքային աճ արձանագրեցին: Բրոքերներն ասում են, որ եթե Չինաստանն ավելի խոշոր չափերով նավթ գնի Իրանից նավթ գները կհայտնվեն առավել ճնշման ներքո և կկրճատվեն: ԱՄՆ-ի պատժամիջոցների նշույլները երևան գալով արտասահմանյան նավթային ընկերությունները դադարեցրել են Իրանում իրենց գործունեությունը, իսկ միջազգային բանկերը պատժամիջոցների սարսափից հրաժարվում են նավթային առևտրական գործարքները ֆինանսավորելուց: Այն պայմաններում, երբ ԵՄ-ն չի ընդառաջել պատժամիջոցների վերականգնումը, Հունաստանի նման երկրներ կրճատել են Իրանից գնվող նավթի ծավալը: Այդուհանդերձ բարձարաստիճան մի պաշտոնատարի ընդգծմամբ Չինաստանը լինելով Իրանի նավթի ամենախոշոր ներկրողը պատրաստվում է առավել խոշոր ծավալներով նավթ գնել Իրանից: Իրանցի տեղյակ մի պաշտոնատար ասել է. «Անհրաժեշտ երաշխիքներ ստանալու համար Թեհրանն այս պահին բանակցում է չինական ընկերությունների հետ: Մենք Չինաստանին նավթ վաճառելու հետ կապված որևէ խնդիր չունենք»: Սպիտակ տունը, Չինաստանի ԱԳ նախարարությունը և Չինաստանի նավթային երկու խոշոր ընկերությունները համարվող Չինաստանի նավթի ազգային ընկերությունն ու «Չայնափեթրոքեմիքալ»-ը պատրաստ չեն եղել այս մասին կարծիք հայտնել: Պեկինն ավելի վաղ դատապարտել է ԱՄՆ-ի կողմից միակողմանի երկարաժամկետ պատժամիջոցների գործադրումը: ԱՄՆ վարչակազմը սկզբում հայտարարեց, որ նպատակ ունի զրոյի հասցնել Իրանից նավթի արտահանման ծավալը, սակայն վերջին օրերին նահանջեց այդ դիրքորոշումից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցած շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պարագայաբար կքննարկի որոշ երկրներին Իրանի նավթային պատժամիջոցներից բացառելու դիմումները: 2012 թվականից 2015 թվականի կտրվածքում գործադրված պատժամիջոցների ժամանակ Հարավային Կորեան, Հնդկաստանն ու մի քանի այլ երկրներ ազատվել էին Իրանից նավթ գնելու համար սահմանված պատժամիջոցից: Այդուհանդերձ Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանից նավթ գնելու դեպքում պատժելու է ԱՄՆ-ում գործունեություն ծավալած չինական ընկերություններին: Այն պայմաններում երբ Չինաստան նավթ արտահանող մյուս երկու խոշոր երկրներ՝ Լիբիան ու Վենեսուելան ներքին խնդիրներ են դիմագրավում, պատժամիջոցների պատճառով պահանջարկի նվազումը Չինաստանի համար առավել շահավետ է դարձնելու Իրանի նավթը:

 

Քեյհան

Ինչպե՞ս Թրամփն Ամերիկան վերածեց հիմարների երկրի. «Վաշինգտոն Փոստ»

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն բլուրի վրա գտնվող լուսավոր քաղաքի տպավորություն էր ստեղծում, որին պիտի նմանվեին երջանկության ձգտող մյուս երկրները, բայց պարզվում է, որ ամերիկացիների մոտ տպավորությունը նույնը չէ: Թրամփի շրջանի Ամերիկան խիստ կերպով հիշեցնում է հիասթափված ու հոգնած մի Ամերիկա, որոնց բոլորը հիմարի տեղ են դնում: Թրամփի վերաբերմունքի պատճառով ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները հեռացել են նրանից և ամերիկյան մամուլն ու այդ երկրի պաշտոնատարներ խիստ զայրացած են նրանից, որ իրենց երկիրը Թրամփի հիմարությունների պատանդն է դարձել: «Վաշինգտոն Փաստ»-ը պատրաստել է Դոնալդ Թրամփի արտահայտությունների մի ցանկ, որտեղ նա իր մերձավորներին հիմար, իսկ իրեն՝ խելացի անձնավորություն է ներկայացնում: Օրաթերթն ապա հավելում է. «Մենք խիստ հիմար մի երկիր ենք»:

Հոդվածագիր Դանա Միլբանքն այդ խորագրի ներքո հոդվածում կողմնակի ակնարկ է կատարել Դոնալդ Թրամփի մի առ ժամանակ առաջ կատարած հայտարարությանը, որտեղ նա իրեն «չափազանց կայուն տաղանդ» էր անվանել և գրել է. «Ես վստահ եմ, որ այդպես է, քանի որ նախագահ Թրամփն անգամներ մեզ հիշեցրել է, որ մենք հիմար երկիր ենք: Իր քարոզարշավը սկսելուց հետո նա առնվազն ինն անգամ դա կրկնել է»: Նա այնուհետև մեջբերում կատարելով Թրամփի այն արտահայտություններից, որտեղ նա Ամերիկան հիմար է ներկայացրել հավելել է. «Հիմար մարդիկ են մեզ իշխում: Մեր օրենքները կոռումպացված ու հիմար են: Այլ երկրների հետ առևտրական գործարքներում մենք հիմարություն ենք թույլ տվել և հիմար գործարքներ ենք կնքել Իրաքի, Իրանի, Չինաստանի, Մեքսիկայի, Կանադայի, Եվրոպայի ու մուսուլմանների հետ: Միգրացիայի կապակցությամբ ամենահիմար օրենքներն ունենք: Թրամփը նաև հայտնաբերել է, որ հիմար են Սպիտակ տան աշխատողները, FBI-ը, Ֆուտբոլի ազգային միությունը, դեմոկրատականները, ֆիլիբասթերն ու լրագրողները»:

 

Ալիք

Ողջունում ենք խնդրի կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ. Զախարովան մեկնաբանել է Մնացականյանի և Մամեդյարովի բրյուսելյան հանդիպումը

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև կայացած հանդիպումը:

«Ցանկացած կառուցողական շփում, որը կողմերը նախաձեռնում են, պետք է նպաստի գլխավոր նպատակի իրագործմանը և այդ իրավիճակի, այդ խնդրի կարգավորմանը», - ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով Trend գործակալության՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում նախարարների հանդիպման արդյունավետության մասին հարցին:

Զախարովան ընդգծել է, որ հանդիպման արդյունքների մասին մեկնաբանություն, թե որքանով է այն արդյունավետ, օգտակար և հեռանկարային եղել, պետք է անեն հանդիպման մասնակից կողմերը: «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կողմերն անում են ի նպաստ խնդրի կարգավորման կամ երկխոսության շարունակությանը», - հավելել է Զախարովան:

 

 

Արմենպրես

ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հուլիսի 18-ին հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին` Անտոնիու Գուտերեշը ընդգծեց, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը` մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը և վերահաստատեց մեր երկրի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունն էլ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կոռուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: