Մամուլի տեսություն 19-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97053-Մամուլի_տեսություն_19_08_2018
Եթե իրանցիներին հարցնեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներից ո՞ր մեկին էք ճանաչում գուցե նրանց մեծամասնությունը մեկ պատասխան տա՝ Կուֆի Անան: Պարզ չէ թե ինչո՞ւ նույնիսկ Իրանի պարզ քաղաքացիների մոտ ճանաչված անուն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2018 08:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-08-2018

Եթե իրանցիներին հարցնեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներից ո՞ր մեկին էք ճանաչում գուցե նրանց մեծամասնությունը մեկ պատասխան տա՝ Կուֆի Անան: Պարզ չէ թե ինչո՞ւ նույնիսկ Իրանի պարզ քաղաքացիների մոտ ճանաչված անուն է:

Էըթեմադ

Խաղաղության ու արդարության մարդու վախճանը

 

Եթե իրանցիներին հարցնեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներից ո՞ր մեկին էք ճանաչում գուցե նրանց մեծամասնությունը մեկ պատասխան տա՝ Կուֆի Անան: Պարզ չէ թե ինչո՞ւ նույնիսկ Իրանի պարզ քաղաքացիների մոտ ճանաչված անուն է: Վատ հուշերից ավելի շատ նրանից մեզ հիշատակ են մնացել բարի հուշեր: Հիմա անկախ մեր կամքից նա պատմություն դարձավ: Երեկ Կուֆի Անանի վախճանման լուրը շատերին տխրեցրեց: Անանը 1997-ից 2006 թվականների ընթացքում երկու շրջան վարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը և առաջին սևամորթ դիվանագետն էր, որ աֆրիկյան մի երկրից ստանձնեց այդ պաշտոնը:

Անանը ծնվել էր 1938 թվականին Գանայում: Իր ծննդավայրում ուսանում է տնտեսագիտության ճյուղում, այնուհետև Շվեյցարիայի Ժնև քաղաքում հաճախում է միջազգային ուսումնասիրությունների հաստատություն: Իր մագիստրոսական կրթությունը ստանում է ԱՄՆ-ի MIT  համալսարանին կից Սլոնի կառավարման համալսարանում: 1962 թվականին սկսում է Համաշխարհային առողջապահության կազմակերպության հետ իր համագործակցությունը: Մի առ ժամանակ վերադառնում է իր հայրենիքը և ապա 1980 թվականից կրկին աշխատանքի է անցնում ՄԱԿ-ի կառույցում: Այդ շրջանում, որպես դիվանագետ և ՄԱԿ-ի կոմիսար իր ժամանակի խոշոր մասն անց է կացնում Ադիս Աբեբայում, Կահիրեում և Ժնևում:

ՄԱԿ-ի դերակատարության ամրագրմանը սատարելու պատճառով 2001 թվականին արժանանում է Խաղաղության Նոբելյան մրցանակի: ՄԱԿ-ում Անանկի գլխավոր քարտուղարության շրջանը զուգադիպեց համաշխարհային մի շարք ճգնաժամերի, այդ թվում ՍՊԻԴ-ի տարածմանը և ամերիկյան, բրիտանական ու դաշնակից ուժերի կողմից Իրաքի բռնազավթմանը:

Ռուանդայի ցեղասպանության և Բոսնիայի պատերազմի ժամանակ Անանը ՄԱԿ-ի խաղաղարարական գործողությունների պատասխանատուն էր և այդ պատճառով մեծ քննադատությունների թիրախ դարձավ: Նա այն պայմաններում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինեց Բուտրուս Ղալիին, երբ ՄԱԿ-ը գտնվում էր սնանկացման սեմին:  

Բոսնիայի պատերազմին միջամտության արտոնություն տալու պատճառով ԱՄՆ-ի վարչակազմի հետ սերտ կապեր ունեցող Անանը, ԱՄՆ-ից պահանջեց վճարել ՄԱԿ-ին ունեցած պարտքը: Սակայն համակործան զենքերի պատրվակով Իրաքի դեմ Ջորջ Բուշի հարձակումը պատճառ դարձավ, որ խաթարվեն ԱՄՆ-ի հետ Կուֆի Անանի նախկին կապերը: Մի առ ժամանակ անց ներքաշվեց սննդի դիմաց նավթ ծրագրում ծագած կոռուպցիայի գործում: Իրաքի նավթային պատժամիջոցների ընթացքում Իրաքին ցուցաբերվող ՄԱԿ-ի օժանդակություններում կոռուպցիայի գործ բացահայտվեց, որին ուղղակի մասնակցություն ուներ Կուֆի Անանի որդին: Վերջին շրջանում նա որոշ ժամանակ վարեց Սիրիայի հարցում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի պաշտոնը, սակայն այդ գործում ձախողելով իր տեղը զիջեց Ստեֆան Դի Միստուրային: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան մի գրառման մեջ իր վաղեմի բարեկամ՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կուֆի Անանի կորստի կապակցությամբ ցավ հայտնելով նրան եզակի առաջնորդ և խաղաղության, արդարության ու օրենքի իշխանության չեմպիոն անվանեց:

 

Քեյհան

Եմենում սաուդացիների գրանցած 90 ոճրագործությունները և ամերիկյան ռումբերի ուղղակի դերակատարությունը

 

Եմենի բռնահարված ժողովրդի դեմ ոճրագործություններում սաուդացիների հետ ԱՄՆ-ի համագործակցությունն այլևս ոչ-ոք չի մերժում: Ալ-Հուդայդայի գործողության սենյակում ամերիկացի սպաների ներկայության մասին վկայող պատկերների բացահայտումից շաբաթներ անց Մարդու իրավունքների դիտորդը հրապարակ իջավ և այդ երկուսի միասնական ոճրագործության մասին զեկույց հրապարակեց: Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության մեջ Եմենի ու Էմիրությունների հարցերով փորձագետն ուրբաթ օրը մի հարցազրույցում ասաց, որ այս կազմակերպությունը կարողացել է փաստագրել Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի գլխավորած անօրինական հարձակումների 90 դեպք, որոնք կարող են պատերազմական ոճրագործություն համարվել և դրանցից 24-ն իրականացվել են ամերիկյան ռումբերի միջոցով:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության փորձագետ Քրիստիան Բեքրլին այս հարցազրույցում հիշյալ հարձակումներում ԱՄՆ-ի դերակատարության մասին ասում է. «Իմ համոզմամբ հարցը, որի վրա պիտի շեշտը դնել այն է, որ միջազգային իրավունքի դիտանկյունից սաուդացիների գլխավորած կոալիցիային ցուցաբերած օժանդակության ծավալների պատճառով ԱՄՆ-ն այս պատերազմի կողմերից մեկն է համարվում»:

«Այս հարձակումներից 24-ի պարագային հարձակման վայրում հայտնաբերել ենք ամերիկյան արտադրության զենքեր: Հետևաբար մենք գիտենք, որ կոալիցիայի անօրինական հարձակումների ժամանակ պարբերաբար օգտագործվում են ամերիկյան զենքեր»:

 

Ալիք

Սիրիահայ 21-ամեայ Շուշի Բակարյանը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար

 

Սիրիական պատերազմի հետեւանքով Կանադա տեղափոխված սիրիահայ Շուշի Բակարյանն ինքնաթիռների համար սարք է ստեղծել, որն աշխատում է վերականգնվող էներգիայի միջոցով:

«Ventus» կոչվող սարքը, որը նախատեսված է փոքր ինքնաթիռների համար, քամու ուժի միջոցով հնարավորություն է տալիս օդանավի ներսում լիցքավորել բջջային հեռախոսներ, պլանշետներ, «GPS» սարքեր եւ նավիգացիոն այլ միջոցներ, ինչպես նաեւ 3-5 աստիճանով սառեցնել օդը: Հաղորդում է «Հորիզոն» պարբերականը:

Շուշին ծնվել եւ մեծացել է Հալեպում, որտեղից ստիպված հեռացել է՝ 2016 թվականին հիմնական բնակության հնարավորություն ստանալով Կանադայում: Այստեղ նա ընդունվել է Կոնկորդիայի համալսարանի տիեզերական ճարտարագիտության բաժին, որտեղ սկսել է ուսումնասիրել ավիացիոն, վերականգնւող էներգիայի եւ էներգետիկ շարժիչային համակարգերը:

 

 

Արմենիա Սպուտնիկ

Փաշինյանի կառավարությանն էլ կմեղադրեն սահմանադրական կարգը տապալելու մեջ, եթե...

 

Արդյո՞ք երկրում այնպիսի ճգնաժամ է, որ իշխանությունն այլ ճանապարհ չունի և պետք է գնա Փաշինյանի հայտարարած «անցումային արդարադատության» ճանապարհով։ Փաստաբանների պալատի նախագահը զգուշացնում է` որոշակի նորմեր խախտելու դեպքում Փաշինյանի քաղաքական հակառակորդները նրան սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելու հնարավորություն կստանան։

Եթե գործադիր իշխանությունը փորձի երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն 4 հանգամանք։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Փաստաբանն առաջին կետով նշել է ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետևաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ։

Այնուհետև Զոհրաբյանը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Փաստաբանների պալատի նախագահի հիշեցրած երրորդ նորմը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին, որի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։

Զոհրաբյանը նշել է նաև` արդյո՞ք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) և մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, և որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:

«Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով և առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ»:,- գրել է Զոհրաբյանը` հիշեցնելով, որ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ: