ԱՄՆ-ն փորձում է ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում հիասթափեցնել Եվրոպային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99577-ԱՄՆ_ն_փորձում_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_հարցում_հիասթափեցնել_Եվրոպային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես բացասական է արտահայտվել 2015 թվականի հուլիսին Իրանի և «5+1» խմբի միջև կնքված միջուկային համաձայնագրի՝ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ և այն համարել է ամենավատ համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 15:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում հիասթափեցնել Եվրոպային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես բացասական է արտահայտվել 2015 թվականի հուլիսին Իրանի և «5+1» խմբի միջև կնքված միջուկային համաձայնագրի՝ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ և այն համարել է ամենավատ համաձայնագիրը:

Ի վերջո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. մայիսի 8-ին, հանդես գալով հատուկ ուղերձով, հայտարարեց Իրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և 2018 թվականի օգոստոսին ու նոյեմբերին երկու փուլերով Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելու իր որոշման մասին:

Սակայն Եվրոպան իր շահերի շրջանակում պնդում է պահպանել Համատեղ գործողությունների համապարձակ ծրագիրը: Իրանը և Եվրամիությունը վերջին քանի ամիսների ընթացքում բանակցություններ են անցկացրել  ՀԳՀԾ-ն պահպանելու շուրջ: Իրանը «առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ն» պահպանելու համար, եվրոպացիներին հնարավորություն է տվել ստեղծել մեխանիզմ:

Եվրամիությունը, տարբեր ոլորտներում  մեխանիզմներ կիրառելով, ջանքեր է գործադրել ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ: Այս ջանքերը մտահոգել են Վաշինգտոնին: ԱՄՆ կառավարության պաշտոնյաները բազմիցս իրենց հայտարարություններում փորձել են եվրոպացիներին հիասթափեցնել և նրանց հրաժարեցնել ՀԳՀԾ-ն պահպանելու մտադրությունից: ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնլենդը չորեքշաբթի օրը հայտարարել է.«ԱՄՆ-ն դեմ է  Իրանի նկատմամբ ԵՄ-ի կողմնորոշմանն ու ԱՄՆ-ի հեռանալուց հետո ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված այդ միության ջանքերին»:

Վաշինգտոնն ի դեպ հայտարարում է, թե Իրանի պատժամիջոցները շրջանցելու համար Եվրոպայի նախատեսած հատուկ մեխանիզմները չեն աշխատելու, քանի որ ընկերություններից շատերը չեն համագործակցի այս կառույցի հետ:

Թրամփի վարչակազմի կարծիքով, արտասահմանյան ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի կամ ԱՄՆ-ի հետ առևտուր ունենալու միջև, քանի որ չեն կարող երկու երկրի հետ էլ առևտրական գործարքներ իրականացնել:

Եվրամիությունը, որի երեք կարևոր երկրներ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան  4+1 խմբի անդամներ են , աջակցում են միջուկային համաձայնագրին և ընդգծում են այս համաձայնագիրը չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու անհրաժեշտությունը:

Եվրամիությունը Իրանի հետ բանակցություններում հանձնառու եղավ Թեհրանին ներկայացնել հովանավորչական փաթեթ ՀԳՀԾ-ն պահպանելու և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին դիմակայելու համար: Որոշ ժամանակ առաջ  Եվրոպական հանձնաժողովը Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական  ընկերությունները պաշտպանելու համար սկսեց «արգելափակման մասին կանոնակարգի» ակտիվացման գործընթացը: Թեև վերլուծաբանները համոզված են, որ այդ կանոնակարգը չի կարող կանխել եվրոպական խոշոր ընկերությունների Իրանից դուրս գալը:

Եվրոպայի հովանավորչական մյուս քայլն է՝ նախքան նոյեմբեր ամիսը, այսինքն՝ մինչ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրումը, ստեղծել ԱՄՆ-ից անկախ ֆինանսական կառույց, որպեսզի եվրոպացիները կարողանան պահպանել իրենց առևտրային հարաբերություններն Իրանի հետ: Մոգերինին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակում հայտարարել  է. «Այժմ Եվրոպան աշխատում է  Հատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վրա: Մտահղացումն այն է, որ ստեղծվի մի մեխանիզմ, որը թույլ կտա Իրանի հետ փոխհաշվարկներ իրականացնել, և հնարավոր կլինի շարունակել բիզնեսն Իրանի հետ»,-ասել  է բարձրաստիճան դիվանագետը:

Անկասկած, այս համաձայնության խափանումը բազում բացասական հետևանքներ է ունենալու միջազգային խաղաղության ու անվտանգության համար ու միաժամանակ հարցականի տակ  է տանելու Եվրոպայի դիվանագիտական վարկը: Այս նկատառումները պատճառ են դարձել, որ ԵՄ-ի ավագ պաշտոնյաները, այդ թվում՝ Ֆեդերիկա Մոգերինին ու մի խումբ եվրոպացի ղեկավարներ, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի արդյունավետությունը, ձգտեն պահպանել այս համաձայնությունը: Ուստի չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին ու հոգեբանական պատերազմին, Բրյուսելն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ իր քայլերը շարունակելու անհրաժեշտությունը: