Յահյա Ռասուլ.«Դամասկոսյան եռակողմ նիստը հաջող անցավ»
Իրաքի Զինված ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է.«Դամասկոսում Իրանի իսլամական հանրապետության, Իրաքի ու Սիրիայի Զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների եռակողմ նիստը, բավական հաջող անցավ»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, բրիգադային գեներալ Յահյա Ռասուլն «Ալ-Մաալումա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Եռակողմ նիստի ժամանակ երեք երկրի ներկայացուցիչները համաձայնության են եկել անվտանգության ոլորտում տեղեկությունների փոխանակման բնագավառում համագործակցությունը շարունակելու և Իրաքի ու Սիրիայի սահմանները պաշտպանելու համար համադրումներ կատարելու շուրջ»:
Իրաքի Զինված ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է.«Հանդիպման արդյունքում ընդունված որոշումների շրջանակում, կընդլայնվի Իրաքի ու Սիրիայի բանակների միջև համագործակցությունը՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տարրերի ներթափանցումը կանխելու և այդ խմբի տեղաշարժերին հետևելու համար»:
Երեկ Դամասկոսում տեղի է ունեցել Իրանի, Իրաքի ու Սիրիայի Զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների նիստը:
Նիստի նպատակներն են հայտարարվել՝ պաշտպանական ու ռազմական համագործակցության ընդլայնումը, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցությունը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման մեխանիզմների քննարկումը: