Իրանը պահանջում է օտարերկրյա զորուժի դուրսբերում Սիրիայից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները և հայտարարել, որ բոլոր օտար ուժերը, որոնց ներկայությունը թույլատրված չէ Սիրիայի կառավարության կողմից, պետք է լքեն երկիրը:
Հինգշաբթի օրը, «Միջին Արևելքը և Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում, Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է. «Աստանայի գործընթացի ղեկավարները, ներառյալ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Սիրիայի դեմ ուղղված Իսրայելի ռազմական գործողություններն ապակայունացնում են այդ երկիրը և խախտում Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքիշխանության սկզբունքը»:
Ընդգծելով Սիրիայից բոլոր արտասահմանյան ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը, Թախթ Ռավանչին ասել է. «Միացյալ Նահանգները, գրավելով Սիրիայի տարածքի մի մասը, թալանում է այդ երկրի նավթն ու հարստությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ աջակցում ահաբեկչական խմբավորումներին»:
Նա հավելել է, որ սիրիական հակամարտության համար ռազմական լուծում չի կարող լինել: