Թալիբները մերժել են բանակցություններ վարելու Ահմադ Մասուդի առաջարկը
«Թալիբան» -ի քաղբյուրոյի խոսնակը մերժել է «Փանջշիրի պաշտպանների ճակատի» հրամանատար Ահմադ Մասուդի՝ բանակցությունների առաջարկը:
«Թալիբան» -ի քաղբյուրոյի խոսնակ Մոհամմադ Նիիմը մերժել է «Փանջշիրի պաշտպանների ճակատի» հրամանատարի ՝ բանակցությունների առաջարկը ՝ նշելով, որ բանակցելու համար որևէ բան չի մնացել:
«Այն բանից հետո, երբ Ահմադ Մասուդը մերժեց մեր խաղաղության առաջարկը, բանակցելու ոչինչ չի մնացել», - ասել է նա:
Մեկ ժամ առաջ Ահմադ Մասուդը հայտարարել էր, որ եթե թալիբները դադարեցնեն հարձակումները Փանջշիրում, Կապիսայում, Փարվանում և Անդարաբում, Դիմադրության ճակատը նույնպես կդադարեցնի մարտերը:
Վերջին օրերին թալիբները հայտարարել էին, որ Փանջշիրի ճակատի հետ բանակցությունները տապալվել են և ոչ մի արդյունք չեն տվել:
Փանջշիր նահանգում բախումները շարունակվում են արդեն հինգերորդ օրը: Կիրակի երեկոյան, «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ նահանգը գրեթե ամբողջությամբ գտնվում է խմբավորման վերահսկողության տակ:
Հերքելով այս հայտարարությունը, «Փանջշիրի պաշտպանների ճակատի» խոսնակ Ֆահիմ Դաշտին ասել է, որ «Թալիբանի» ուժերը դուրս են մղվել նահանգից, իսկ շատերը գերի են ընկել: