Դավութօղլուն կտրում էր այն ճյուղը, որի վրա կանգնած էր. թուրքագետ
Թուրքիայի ներքաղաքական կյանքը, ամեն դեպքում, առաջիկա մի քանի տարիներին ամենևին էլ անվրդով և միապաղաղ չի լինելու: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նրա ներկայությունը քաղաքական դաշտում երկար չի տևի: Հնարավոր չէ ասել` դա որքան կտևի, բայց պատմական առումով երկար ժամանակ չի ձգվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականին, թուրքագետը նշեց, որ նա քաղաքական մեծ հավակնություններ ունի, և Էրդողանը չի կարողանա նրան ստիպել հենց այնպես անհետանալ քաղաքական դաշտից: Շատ հավանական է, որ Ահմեդ Դավութօղլուն գուցե իր կուսակցությունը կբացի և իր շուրջ կհավաքի Էրդողանի հակառակորդներին. Դա բավականին հեշտ կլինի` հաշվի առնելով Թուրքիայում տիրող ներքաղաքական տրամադրությունները: Մեկ այլ թուրքագետ` Հակոբ Չաքրյանն իր հերթին նկատեց, որ Դավութօղլուն այնքան ձայնազուրկ է, որ նույնիսկը ինքը չի ներկայացրել հրաժարականի դիմում, այլ դա եղել է Էրդողանի ճնշմամբ և պնդմամբ. «Երեկ հայտնի դարձավ, որ էրդողանը կանչել է վարչապետին իր մոտ: Այս հանդիպումը անակնկալ էր, քանի որ պետք է մեկ օր ուշ տեղի ունենար: Թուրքիան խորհրդարանական համակարգ է, Էրդողանն էր կուսակցության նախագահը: Խորհրդարանական համակարգում, եթե նախագահ է ընտրվում, բոլոր կապերը խզում է կուսակցության հետ: Բայց նրա փոխարեն ընտրված, վարչապետի պաշտոնը զբաղեցրած Դավութօղլուն, թեև վարչապետ է կոչվում, կառավարություն չունի, կուսակցության նախագահ է, բայց կուսակցությունը ենթակա չէ նրան: Եվ բնական է, որ նման իրավիճակում տարաձայնություններ պիտի առաջանային: Փաստորեն, վարչապետ Դավութօղլուն, նրա կառավարությունն ու կուսակցությունն ամեն ինչ անում էին, որ Թուրքիայում հաստատվեր նախագահական լիարժեք համակարգ, այսինքն` Դավութօղլուն կտրում էր այն ճյուղը, որի վրա կանգնած էր»: Անդրադառնալոլ Մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքին և այն հարցին, թե ինչ է սպասվում Գարո Փայլյանի համար, թուրքագետն ասաց. «Ոչ մի զարգացում չի լինի: Գարո Փայլյանի կուսակցության անդամներին սպառնում է ձերբակալվելու վտանգը: Էրդողանը մի քանի անգամ նշել, որ այդ կուսակցությունը պառլամենտում տեղ չպետք է ունենա. նրանք ահաբեկիչներ են:
Ankakh.com
5/5/2016