Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ Գարո Փայլանին վտանգ է սպառնում Թուրքիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15601-Հրանտ_Դինքի_սպանությունից_հետո_Գարո_Փայլանին_վտանգ_է_սպառնում_Թուրքիայում
Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում հայերի հետ կապված ամենամեծ աղմուկ հանած պատմությունը Գարո Փայլանի վրա հարձակումն էր խորհրդարանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2016 15:31 Asia/Tehran
  • Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ Գարո Փայլանին վտանգ է սպառնում Թուրքիայում

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում հայերի հետ կապված ամենամեծ աղմուկ հանած պատմությունը Գարո Փայլանի վրա հարձակումն էր խորհրդարանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նա ընդգծեց, որ տեսագրությունները ցույց են տալիս` հարձակման թիրախը հենց Փայլանն է եղել. նա էր այդ ընթացքում խոսում: Թուրքագետի խոսքով` Էրդողանի քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը նախագահ դառնալն է, ինչի համար նրան անհրաժեշտ է մեծամասնություն խորհրդարանում, ինչպես նաև քուրդ պատգամավորներից ազատվել: Դրան հասնելու համար նրա հրահանգով խորհրդարան մտցվեց պատգամավորներին աձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը, որը քրդերի դեմ էր, քանի որ հենց նրանց դեմ են ամենից շատ հարուցված քրեական գործեր` PKK-ի հետ կապի ունենալու մեղադրանքով. «Այս օրինագիծը քննարկելու ժամանակ 3 օր շարունակ բախումներ տեղի ունեցան: Դրանք հրահրված էին: Երբ խոսում էր քուրդ պատգամավորը, նրա վրա հարձակվում էին: Երրորդ օր խոսում էր Փայլանը: Հետաքրքիրն այն է, որ նա ոչ մեկին չվիրավորեց. պատգամավորներից մեկը ինչ-որ բան ասաց, իսկ նա պատասխանեց` այդպես չէ: Դա ուղղակի առիթ էր: Նա էլ հետո հայտարարեց, որ այդ բախումը կապված էր իր հայ լինելու և ապրիլի 24-ից առաջ իրականացրած ակցիայի հետ: Պատկերացնո՞ւմ եք` հայ պատգամավորը հարգում է 1915 թվականին զոհված պատգամավորների հիշատակը և հայերեն ասում` «Աստված հոգիները լուսավորի»: Սա բավականին վատ ընկալվեց Թուրքիայում: Նույնիսկ սոցցանցերում ռասիստական, ազգայնամոլական մեկնաբանություններ էին թողնում, ինչպես, օրինակ` «նրան պետք է սպանել Հրանտ Դինքի պես»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում քաղաքական ուղղորդմամբ սպանությունները տեղի են ունենում թիրախավորումից, մամուլում ուղղորդումից հետո. Հրանտ Դինքի սպանությունը տեղի ունեցավ այն բանից, հետո երբ նա թիրախավորվեց «Հուրիյեթ» թերթի կողմից. «Գարո Փայլանին վտանգ է սպառնում, մանավանդ Թուրքիայի համար այս խառը ժամանակներում: Այլ պատրվակներով, այլ տեղում նա կարող է հարձակման ենթարկվել, ինչպիսի դեկտեմբերին սպանվեց «քրդերի Հրանտ Դինքը»` Թայիր Էլչի անունով փաստաբանը, որը մեծ վարկանիշ ուներ և բնույթով խաղարար էր: Նրան «պատահաբար» սպանեց մի ոստիկան, որը այլ հանցագործների էր հետապնդում: Այնպես որ Թուրքիայում «պատահաբար» սպանությունների ավանդույթ կա, և Գարո Փայլանը նույնպես թիրախավորված է: Հուսով եմ` ԱՄՆ-ի կամ եվրոպական կառույցների զգուշացումները գոնե կանխարգելիչ գործոն կհանդիսանան»,- եզրափակեց թուրքագետը:

Ankakh.com

2016/5/6