Իրաքը Եվրոպա-Մերձավոր Արեւելք երկաթուղու եւ ավտոճանապարհների հավակնոտ նախագիծ է ներկայացրել
Իրաքը շաբաթ օրը տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի վերածվելու հավակնոտ նախագիծ է ներկայացրել ավտոճանապարհների եւ երկաթուղային ենթակառուցվածքի միջոցով, որը Եվրոպան կկապի Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ, տեղեկացրել է AFP-ն։
17 մլրդ դոլար արժողությամբ նախագծի ավարտից հետո, որը հայտնի է որպես «Զարգացման երթուղի», այն կձգվի 1 200 կիլոմետր ամբողջ երկրի տարածքով՝ Թուրքիայի հետ հյուսիսային սահմանից մինչեւ Պարսից ծոց հարավում։
Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա ալ-Սուդանին նախագծի մասին տեղեկացրել է Իրանի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների համաժողովում։
«Մենք նախագիծը համարում ենք կայուն նավթային տնեսության հենարան, կապող օղակ, ինչպես նաեւ որպես ավանդ տնտեսական ինտեգրման ջանքերում»,- ասել է Սուդանին։
Յուրաքանչյուր ցանկացող երկիր «կարող է իրականացնել նախագծի իր մասը», ասել են Իրաքի խորհրդարանի տրանսպորտի կոմիտեում՝ ավելացնելով, որ նախագիծը կարող է ավարտվել երեքից հինգ տարում»։
Նավթով հարուստ Իրաքը տառապում է հնացած ենթակառուցվածքով, որն ավերվել է պատերազմի հետեւանքով, երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ։ Նրա ճանապարհները սարսափելի վիճակում են, իսկ մայրաքաղաք Բաղդադը հյուսիսի հետ միացնող ճանապարհները հատում են այն շրջանները, որտեղ «Իսլամական պետության» մնացորդները շարունակում են հարձակումներ գործել։
Սուդանին առաջնահերթ է համարում երկրի ճանապարհային ցանցի վերակառուցումը, ինչպես նաեւ էլեկտրամատակարարման ավերված ենթակառուցվածքի արդիականացումը։
Ավտոճանապարհների եւ երկաթուղային միջանցքի զարգացումը թույլ կտա Իրաքին օգտվել իր աշխարհագրական դիրքից եւ երկիրը վերածել տրանսպորտային հանգույցի Պարսից ծոցի, Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ։
Արդեն սկսվել են Պարսից ծոցում Ալ-Ֆաու առեւտրային նավահանգստի թողունակությունն ավելացնելու աշխատանքները, որտեղ կբեռնաթափվեն բեռնարկղները նոր ավտոճանապարհներով եւ երկաթուղով առաքվելուց առաջ։
Նախագիծը ներառում է նաեւ երթուղու երկայնքով մոտ 15 կայանի կառուցում, այդ թվում Բասրա, Բաղդադ եւ Մոսուլ խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ մինչեւ թուրքական սահմանը։