ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի արձագանքները
ԱՄՆ Կոնգրեսում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը տարաձայնություններ է առաջացրել ու տարաբնույթ արձագանքների տեղիք տվել։
Նեթանյահուն Կոնգրեսում ելույթ է ունեցել հուլիսի 24-ին, առանց ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ներկայության։ Նա իր ելույթը սկսել է Իրանի դեմ ուղղված մեղադրանքներով։
Կոնգրեսի 128 ներկայացուցիչներ բոյկոտել են Նեթանյահուի ելույթը։
Միչիգանի դեմոկրատ ներկայացուցիչ, մուսուլման Ռաշիդա Թլայբը դատապարտել է Կոնգրեսում Նեթանյահուի ներկայությունը, նրան անվանելով «ցեղասպանություն գործող և պատերազմական հանցագործ»։
Նեթանյահուի ելույթին զուգահեռ, հազարավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Կոնգրեսի մոտ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, արձագանքելով ՆԵթանյահուի ելույթին, ասել է․ «Այս ելույթն ամենավատն էր Կոնգրեսում ներկա գտնվելու պատիվ ունեցած օտարերկրյա պաշտոնյաների ելույթներից»։
Նա հավելել է․ «Հենց հիմա Գազայում իսրայելցի բանտարկյալների ընտանիքները հրադադար են պահանջում և գերիների վերադարձը, ուստի մենք հուսով ենք, որ Նեթանյահուն իր ժամանակը կծախսի այդ հարցի լուծման վրա»։
Վերմոնտ նահանգի անկախ սենատոր Բեռնի Սանդերսն արձագանքելով ԱՄՆ Կոնգրեսում Սիոնիստական ռեժիմի վարչապետի ելույթին, ասել է. «Բենիամին Նեթանյահուն ոչ միայն պատերազմական հանցագործ է, այլև ստախոս»։
Նա նշել է․ «Բոլոր մարդասիրական կազմակերպությունները խոստովանել են, որ տասնյակ հազարավոր պաղեստինցի երեխաներ Գազայի հատվածում սովի են մատնված, քանի որ Նեթանյահուի ծայրահեղական կառավարությունը խոչընդոտում է նրանց հումանիտար օգնության տրամադրելուն»։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ, Սանդերսն Իսրայելի վարչապետ Նեթանյահուին անվանել էր «ռազմական հանցագործ» և դատապարտել նրա առաջիկա ելույթը ԱՄՆ Կոնգրեսում։
Դեմոկրատական սենատոր Քրիս Մերֆին Նեթանյահուի ելույթն անվանել է հետընթաց ռեժիմի և ԱՄՆ-ի հարաբերություններում և Նեթանյահուի քաղաքական դիրքի ամրապնդում։
Նա ասել է․ «Ավելի լավ կլիներ, որ Նեթանյահուն իր ժամանակը ծախսեր գերիների փոխանակման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու և պատերազմն ավարտելու վրա»:
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրն արձագանքելով Նեթանյահուի ելույթին, ասել է.«Այս ելույթը լի էր ստերով։ Միջազգային դատարաններում դատապարտվելուց հետո, Նեթանյահուն ավելի է մեկուսանում»։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Օսամե Համդանը հայտարարել է. «Նեթանյահուի խոսքերը բազմաթիվ ստեր էին պարունակում գերիների վերադարձի մասին, և նա փորձում էր այնպես ներկայացնել, թե Սիոնիստական ռեժիմը նորմալ վիճակում է, ինչը սուտ է»։
Նա հավելել է, որ Գազայի հատվածին օգնություն տրամադրելու մասին Նեթանյահուի հայտարարությունը նույնպես սուտ էր։
ՀԱՄԱՍ-ը նույնպես արձագանքել է Նեթանյահուի ելույթին, հրապարակելով հայտարարություն, որում ասված է․ «Շարունակելով ռազմական և քաղաքական աջակցությունը Սիոնիստական ռեժիմին և ոճրագործ Նեթանյահուին հնարավորություն տալով խոսել ու մաքրել անմեղ երեխաների արյունով ներկված ձեռքերը՝ Վաշինգտոնը հաստատեց իր մասնակցությունը Գազայի հատվածի դեմ պատերազմում և հանցագործություններում»:
ՀԱՄԱՍ-ը նշել է, որ փոխանակ Նեթանյահուին հնարավորություն տրվեր խոսել և բարելավել իր հեղինակությունը, նրան պետք է ձերբակալեին ու որպես ռազմական հանցագործի հանձնեին Միջազգային դատարան։
Հայտարարության մեջ ասված է․ «Գազայի ապագայի մասին պատերազմական հանցագործ Նեթանյահուի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պատրանքներ։ Պաղեստինցիներն իրենց են ընտրել օկուպանտ թշնամուն դիմադրելու տարբերակը»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջազգային հետաքննությունները ապացուցում և հաստատում են այն փաստը, որ Սիոնիստական բանակը Գազայում ցեղասպանություն է իրականացրել։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է․ «Նեթանյահուի ելույթը ցույց է տալիս ռազմական և միջազգային ասպարեզում նրա ճգնաժամի խորությունը, որը նա փորձում է թաքցնել՝ մի շարք գերիների ազատ արձակումը ներկայացնելով որպես հաղթանակ։ Մինչդեռ պատերազմը դադարեցնելու և գերիների փոխանակման համաձայնագիր կնքելուն ուղղված միջնորդների ջանքերը ձախողվել են»։
Պաղեստինի ազատագրման ժողովրդական շարժումը այս կապակցությամբ հայտարարել է․ «Սիոնիստ թշնամի և պատերազմական հանցագործ Բենիամին Նեթանյահուի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում լի էր կեղծիքով։ Ելույթի ընթացքում նա փորձում էր արդարացնել Գազայի հատվածում իր վախկոտ բանակի կատարած հանցագործություններն ու ցեղասպանությունը»։
Հայտարարության մեջ ասվում է․ «ԱՄՆ Կոնգրեսում պատերազմական հանցագործ Նեթանյահուի ներկայությունը հաստատում է, որ ԱՄՆ-ը Գազայում ահաբեկչության և Իսրայելի վարած պատերազմի հիմնական աջակիցն է և անմիջականորեն ներգրավված է պատերազմի մեջ»։
Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը նույնպես հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում լի էր ստերով ու զրպարտություններով և հերթական անգամ վկայեց, որ նա մտադիր չէ վերջ տալ Գազայի պատերազմին։
Հայտարարության մեջ ասվում է․ «Նեթանյահուն Կոնգրեսում իր ելույթում ապացուցեց, որ իր փխրուն գոյությունը կախված է պատերազմներից Իսկ այն հայտարարությունը, թե Ռաֆահի վրա հարձակման ժամանակ ոչ մի խաղաղ բնակչի չի սպանվել, սուտ է»։
Այս հայտարարության վերջում ասվում է.- Նեթանյահուի արտահայտությունները հստակորեն ցույց են տալիս, որ նա մտադիր չէ դադարեցնել իր ագրեսիաները Գազայում, այլ նա փորձում է ԱՄՆ-ից կանաչ լույս ստանալ ընդլայնելու պատերազմի շրջանակը և ընդգրկելու ողջ տարածաշրջանը։ .
Նեթանյահուի ԱՄՆ կատարած այցը բողոքի ալիք է բարձրացրել գրավյալ տարածքներում։ Տարբեր խմբավորումներ , ինչու չէ նաև բռնազավթիչ ռեժիմի նախկին պաշտոնյաներն ու իսրայելցի բանտարկյալների ընտանիքները բողոքել են Նեթանյահուի այցի դեմ։
Վերջերս իսրայելցի գերիների ընտանիքները, անդրադառնալով Գազայի դեմ 10 ամիս շարունակվող պատերազմից հետո բանտարկյալներին ազատ չարձակելու փաստին, «մեծ մեղք» են համարել բռնազավթիչ ռեժիմի վարչապետի այցն ԱՄՆ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով ավելի քան 39 հազար պաղեստինցի է նահատակվել, և ավելի քան 90 հազարը վիրավորվել է: