Դոհայում տեղի է ունեցել Իսմայիլ Հանիեի հուղարկավորությունը
Դոհայում ավարտվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի հրաժեշտի արարողությունը։ Նա հուղարկավորվել է Դոհայի արվարձաններից մեկում՝ Լուսայիլի գերեզմանոցում։
Սգո արարողությունը սկսվել է առավոտյան Մուհամեդ բեն Աբդել Վահհաբ մզկիթում։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ հրաժեշտ տալու ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդին։ Հիշատակման աղոթքից հետո պաղեստինյան դրոշով ծածկված դագաղն ուղարկվել է Լուսայիլ։
Արարողությանը ներկա են եղել Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թաղման արարողությանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամները, այդ թվում՝ Խալեդ Մաշալը, որը համարվում է քաղբյուրոյի սպանված նախագահի ամենահավանական իրավահաջորդը։
Օգոստոսի 2-ին սգո միջոցառումներ են տեղի ունենում նաև Ինդոնեզիայում, Լիբանանում, Մալայզիայում, Պակիստանում, Թուրքիայում և Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքում։ Օգոստոսի 1-ին հրաժեշտի առանձին արարողություն է տեղի ունեցել Թեհրանում, որտեղ սպանվել էր Հանիեն։ Սգո թափորը գլխավորում էր իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Այնուհետև զոհվածի մարմինը տեղափոխել են Դոհա։ Վերջին տարիներին Հանիեն ապրում էր Դոհայում, որտեղ տեղակայված է շարժման քաղաքական գրասենյակը։