Իսրայելում կառավարության դեմ ցույցին մասնակցել է կես միլիոն մարդ
(last modified Mon, 02 Sep 2024 08:01:31 GMT )
Սեպտեմբեր 02, 2024 11:31 Asia/Tehran
  • Իսրայելում կառավարության դեմ ցույցին մասնակցել է կես միլիոն մարդ

Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ հոկտեմբերից ի վեր պահվող պատանդներից վեցի մարմինները։

Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան վիրավորներ։

Կազմակերպիչների տվյալներով՝ Թել Ավիվում փողոց է դուրս եկել 300,000 մարդ, ևս 200,000-ը հավաքվել է այլ քաղաքներում։ Crowd Solutions-ի տվյալներով՝ Թել Ավիվում ցույցին մասնակցել է մոտ 280,000 մարդ։ Սա վերջին 18 ամսվա ընթացքում ամենազանգվածային բողոքի ակցիան է։

Ցուցարարները Իսրայելի կառավարությունից և վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջել են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար, գրում է The Times of Israel-ը։

Հանրահավաքին ելույթ են ունեցել պատանդների հարազատները։ Համաձայնեցված բողոքի ցույցից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել Այալոն մայրուղի և երեք ժամով արգելափակել երթևեկությունը։ Ոմանք իրեր են այրել, ցանկապատեր են կանգնեցրել ճանապարհին, քարեր ու մետաղական իրեր տեղադրել։ Ոստիկանությունն այս գործողությունն անօրինական է ճանաչել և միջոցներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Օգտագործվել են ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Մոտ 30 մարդ ձերբակալվել է Թել Ավիվում, հինգը՝ Երուսաղեմում։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև այլ բնակավայրերում։