Հռոմի պապը կոչ է արել հարգել ՄԱԿ-ի խաղաղապահներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձագանքել է իսրայելական զորքերի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի զորակազմի բազաների գնդակոծմանը՝ կոչ անելով հարգել խաղաղապահներին և դադարեցնել բռնությունը:
«Տագնապով շարունակում եմ հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում։ Թող խաղաղությունը լինի երկխոսության և Ժողովրդավարական ջանքերի միջոցով: Ես Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի տուժած բնակիչների հետ եմ և խնդրում եմ հարգել ՄԱԿ-ի ուժերին», - հայտարարել Է Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո:
Ավելի վաղ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել էին, որ իրենց շտաբը և հենակետերը գնդակոծվել են իսրայելական բանակի կողմից: Հոկտեմբերի 11-ի գնդակոծության հետևանքով Նակուրա բնակավայրում վիրավորվել էր երկու խաղաղապահ: Չնայած իսրայելցի զինվորականների պահանջներին՝ խաղաղապահները հրաժարվել են լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում, շարունակելով նաև ավիահարվածներ հասցնել հարևան պետության տարածքին: Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական։