Թուրքիան աջակիցներ է փնտրում Սիրիա մտնելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4480-Թուրքիան_աջակիցներ_է_փնտրում_Սիրիա_մտնելու_համար
Թուրքիան միջազգային աջակցություն է փնտրում` հարևան Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն սկսելու համար, հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը: «Մենք կոալիցիայի մեր գործընկերներին ասում ենք, որ ցամաքային գործողությունն անհրաժեշտ է: Մենք այս հարցը քննարկում ենք դաշնակիցների հետ», - Reuters գործակալությանն ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 15:42 Asia/Tehran
  • Թուրքիան աջակիցներ է փնտրում Սիրիա մտնելու համար

Թուրքիան միջազգային աջակցություն է փնտրում` հարևան Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն սկսելու համար, հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը: «Մենք կոալիցիայի մեր գործընկերներին ասում ենք, որ ցամաքային գործողությունն անհրաժեշտ է: Մենք այս հարցը քննարկում ենք դաշնակիցների հետ», - Reuters գործակալությանն ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյա:

«Առանց ցամաքային գործողությունների անհնար է կանգնեցնել պատերազմը: Մենք ամենամոտն ենք գտնվում Սիրիային, և ավելի շատ ենք զգում պատերազմի բացասական ազդեցությունը, քան մյուսները», - Agence France-Presse-ը մեջբերում է մեկ այլ թուրք պաշտոնյայի խոսքերը:

Ընդ որում, Թուրքիան, ինչպես և Սաուդյան Արաբիան, ցանկանում են ցամաքային միջամտությունն իրականացնել ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շրջանակներում՝ ներգրավելով կոալիցիայի անդամ երկրներին, այդ թվում` Միացյալ Նահանգներին:

Ո՞րն է ցամաքային գործողությունների նպատակը:

Պաշտոնապես Թուրքիան հայտարարում է, որ նպատակը «բոլոր ահաբեկչական խմբերի ոչնչացումն է»: Ի դեպ, Թուրքիայի համար Սիրիայում գործող բոլոր ուժերն ահաբեկիչներ են: Վերոնշյալ թուրք պաշտոնյան, թվարկելով «ոչնչացման ենթակա ահաբեկիչներին», նշել է ԻՊ-ի, Ասադի կառավարության և քրդական ուժերի մասին:

Բնական է, որ Թուրքիայի մոտեցումը չի կարող աջակցություն գտնել սիրիական ճգնաժամում ներգրավված ուժերի շրջանում: Նույն Միացյալ Նահանգները վերջին օրերին մի քանի անգամ Թուրքիային կոչ է արել դադարեցնել քրդական ուժերի ռմբակոծումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը ևս հայտարարել է, որ ԱԽ-ն թուրքական գործողությունների հարցում որևէ կոնսենսուս չունի:

Իրականում հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերն էլ հասկանում են, որ ցամաքային գործողություններ սկսելու հրատապությունը Թուրքիայում առաջացավ Սիրիայի հյուսիսում սիրիական բանակի և քրդական ուժերի առաջխաղացման արդյունքում: Որոշ աղբյուրների համաձայն՝ քրդական ուժերը սիրիական կառավարական ուժերի աջակցությամբ պատրաստվում են ահաբեկիչներից մաքրել Ազազ քաղաքը, որը գտնվում է թուրքական սահմաններից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա: Այս քաղաքը կարևոր հանգույց է Թուրքիայից ահաբեկչական խմբավորումների մատակարարման տեսանկյունից: Ե՛վ Թուրքիան, և՛ Սաուդյան Արաբիան չեն ցանկանում կորցնել այն:

Հետևաբար, Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն միայն թուրքական արկածախնդրության համար դժվար թե համաձայնվեն ցամաքային գործողության անցկացմանը:

armedia.am/

17/2/2016