Հալեպի ազատագրումը` ձեռք բերած մեծագույն հաղթանակ է. Արաբագետ
Երեկ երեկոյան հալեպահայ «Գանձասար» պարբերականը տարածեց, թե Հալեպն ազատագրված է, և ժողովուրդը ցնծում է:
«Գոնե առնվազն մինչև օրվա վերջ ազատագրման գործողույունը կավարտվի, և Հալեպն ամբողջությամբ կազատագրվի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Հալեպի ազատագրումը և այնտեղ ձեռք բերած մեծագույն հաղթանակը, ըստ արաբագետի, սիրիական կառավարական ուժերի, նրանց հարող խմբավորումների և արտաքին դաշնակիցների կողմից մանրամասն ծրագրված և հաջող ռազմական գործողությունների արդյունք է:
Հալեպյան ռազմական օպերացիայի հաջողությունը ունեցել է նաև արտաքին գործոններ, և դրանցից մեկը, Պետրոսյանի ներկայացմամբ, այն էր, որ Հալեպի արևելյան շրջանները վերահսկող ընդդիմադիր ուժերը զուրկ էին արտաքին լուրջ աջակցությունից: Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան բանակցությունների շրջանակում ստանձնեց որոշակի պարտավորություններ և այդ երկրի կողմից հովանավորվող բավական մեծ խմբավորումներ մնացին առանց աջակցության:
«Այս գործոնների ու այլ հանգամանքների արդյունքում Սիրիայի կառավարական ուժերի ու նրանց հարող արտաքին դաշնակիցների ամենանշանակալից, ամենալուրջ- ռազմական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից հաղթանակն է Հալեպի ազատագրումը: Սա բացառիկ իրադարձություն է սիրիական հակամարտության ողջ ընթացքում», -հավելեց փորձագետը:
Մեր դիտարկմանը, թե Հալեպի ազատագրմանը զուգահեռ տեղեկություն տարածվեց, թե ԻՊ զինյալ ահաբեկչները վերագրավել են Պալմիրան և հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հալեպում զինյալները թուլացրել են դիրքերը՝ այլ ուղղությամբ գրոհ ձեռնարկելու համար, արաբագետը արձագանքեց, թե այդ ամենը ցույց է տալիս, որ Հալեպի ազատագրմամբ, սիրիական հակամարտությունը չի ավարտվում:
Սա շատ խորհրդանշական է, և ցանկացած ճակատում իրավիճակը կարող է թեժանալ», -նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ սիրիական հակամարտությունը բազմաշերտ է և «տրամաբանական հանգուցալուծման» պետք է հասնել բոլոր շերտերում:
Ինչ վերաբերում է Հալեպի ազատագրմանն ու դրա հետևանքներին, ապա մեր զրուցակցի խոսքով, առաջիկայում Հալեպ բնակչության ներհոսք սպասելի է: Նրա խոսքով, այժմ բնակչության շրջանում կա մեծ ոգևորություն և դա բնական է, քանի որ երկար տարիներ անց քաղաքն ազատագրվում է ահաբեկիչների ձեռքից:
Կրճատումներով՝ Panorama.am