Էրդողանը պնդում է, որ Մոսկվան չպետք է սատարի Ասադին
Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իր աջակցությունն ու այնտեղ գործի ԱՄՆ-ի հետ համատեղ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Նա դրական է գնահատել Հոմսում սիրիական ավիաբազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակումը՝ որպես Իդլիբում քիմհարձակման արժանի պատասխան: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն էլ դրան կմասնակցի, կամ գոնե կդադարեցնի Ասադին սատարել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը ողջունել է ՌԴ այն հայտարարությունը, որ Մոսկվայի կողմից Սիրիայի նախագահին աջակցությունը «պարտադիր չէ»:
Հավելենք, որ Էրդողանը չի կասկածում Դամասկոսում քիմիական զենքի առկայությանը, քանի որ պաշտոնական Անկարան, իր պնդմամբ, տիրապետում է հատուկ տվյալների, որոնք հաստատում են դա:
Tert.am