Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունների անտեսումը ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում է
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ահաբեկիչների ու նրանց պաշտպանների ոճրագործությունների անտեսումն ու քողարկումը ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում է:
Համաձայն Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման, այդ երկրի ԱԳ նախարարությունը երկու առանձին նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին և ԱԽ նախագահին կիրակի օրը Դամասկոսում իրականացված ահաբեկչական պայթյունների և Սիրիայի հարավային Դարաաի բնակելի շրջանների դեմ ահաբեկիչների հրասանդային հարձակման կապակցությամբ հայտարարել է. «Այս ոճրագործությունների դիմաց լռությունն ահաբեկչության և համաշխարհային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դիմակայման կապակցությամբ ԱԽ-ի բոլոր բանաձևերի կոպիտ ոտնահարում է համարվում»:
«Միջազգային հանրությունը պետք է միավորվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում և որևէ պատրվակով չի կարելի անտեսել այն երկրների գործունեությունը, որոնք վարժեցնում, ֆինանսապես, նաև ռազմական ու սպառազինական տեսակետից պաշտպանում ու ապաստան են տալիս ահաբեկիչներին»,-ասված է Սիրիայի ԱԳ նախարարության նամակում:
Կիրակի առավոտյան Դամասկոսի «Ալ-Թահրիր» հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 15 և վիրավորվեց ավելի քան 20 մարդ: