Ռիադում սիրիացի ընդդիմադիրների նիստն ավարտվեց առանց արդյունքի
Սիրիացի ընդդիմադիր խմբերը միասնական ճակատ ստեղծելու նպատակով նիստ էին գումարել Ռիադում: Նրանք պատրաստվում են մասնակցել Սիրիայի խաղաղության հարցով կայանալիք առաջիկա բանակցություններին: Սակայն նիստն ավարտվել է առանց որոշակի արդյունքի:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Ռիադում Սաուդյան Արաբիայի և Կահիրեյի ու Մոսկվայի կողմից հովանավորվող սիրիացի ընդդիմադիր խմբերի բարձրաստիճան պատվիրակությունների նիստում, կողմերը համաձայնության չեն եկել քաղաքական հարցերի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը և Եգիպտոսը համատեղ ջանքեր են գործադրում, որպեսզի Ժնևում կայանալիք բանակցություններին սիրիացի ընդդիմադիրները միատարր պատվիրակություն ներկայացնեն:
Վերջերս Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան սիրիացի ընդդիմադիր խմբերին կոչ էր արել միավորվել և որոշակի ռազմավարություն ճշտել ավելի ակտիվ բանակցություն անցկացնելու համար:
2017 թվականի սեպտեմբերին Ժնևում կայանալու է Սիրիայի հարցով բանակցությունների 8-րդ փուլը: