Իրաքյան Քուրդիստանում սկսվել է անկախության վերաբերյալ հանրաքվեն
Երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 08:00-ին, Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանում մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեն: Ամբողջ շրջանում, ներառյալ՝ վիճահարույց տարածքներում բացվել են ընտրատեղամասերը, հայտնում է Kuridstan 24-ը:
Քուրդիստանի ընտրությունների և հանրաքվեի հարցով անկախ հանձնաժողովի համաձայն՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն մարդ:
Ընտրատեղամասերը բաց են լինելու առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 18:00-ն՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգման հնարավորությամբ:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ եթե «այո» քվեաթերթիկները հաղթեն, Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը Բաղդադի հետ լուրջ և կառուցողական երկխոսություն կսկսի ապագայում որպես երկու անկախ հարևան իրենց երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Անկախ Քուրդիստանը երկար սպասված երազանք է եղել ամբողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն քրդերի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը: Երկու առաջնորդներն էլ մտահոգություն են հայտնել առ այն, որ հանրաքվեի անցկացումը տարածաշրջանային քաոսի առիթ կդառնա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով հանրաքվեի մասին, դրա կայանալու դեպքում չի բացառել Թուրքիայի ռազմական միջամտությունը: Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ իրենց երկրի սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ իրենք պատրաստ են չեզոքացնել՝ առանց երկմտելու: Նա նաև հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի դեմ կարող են կիրառվել տնտեսական և քաղաքական մի շարք պատժամիջոցներ:
Բացի այդ, Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկու երկրների առաջնորդները շեշտել են, որ դեմ են Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը՝ հաշվի առնելով, որ դա Իրաքի տարածքային ամբողջականության խախտում է, ինչպես նաև կարող է վնասել Իրաքի տարածքում հակաահաբեկչական պայքարի համակարգված աշխատանքին: Թրամփն ու Էրդողանը զգուշացրել են իրաքցի քրդերին, որ նման հանրաքվեն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը:
Tert.am