Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել քրդամետ կուսակցության 5 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու դիմումը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հինգ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դիմումը։
Խոսքը ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի, Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքջյուի, Անկարայից ընտրված պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերի, Հաքքարիից ընտրված պատգամավոր Սելմա Ըրմաքի մասին է։
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը տվյալ հարցով դիմել էր արդարադատության նախարարությանը, իսկ վերջինս էլ՝ վարչապետի ապարատին։ Այժմ այն հասել է Թուրքիայի խորհրդարան։
ԺԴԿ-ի հինգ պատգամավորներին մեղադրում են «ահաբեկչական զինված կազմակերպությանը անդամակցելու» և «ժողովրդի շրջանում հրապարակավ ատելություն ու թշնամանք բորբոքելու» մեջ, ինչի համար պահանջվում է գործել Սահմանադրության 83-րդ հոդվածով և նրանց զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
1in.am
9/3/2016