Սիրիայում ռուսական գործողություններին կողմ հայ համայնքը խորհրդարանի ընտրություններում 4 թեկնածու ունի
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։
– Սրբազան, Սիրիայում ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Դամասկոսից պաշտոնապես քանի՞ հայ թեկնածու է առաջադրվել և ի՞նչ ակնկալիքներ կան:
– Դամասկոսից առայժմ մենք չորս թեկնածու ունենք, բայց հստակ չէ: Երկուշաբթի կամ երեքշաբթի վերջնականապես կհստականա, ընտրական հանձնաժողովը շատ քննարկումներ է անում: Համայնքի տվյալներով մենք ունենք հինգ թեկնածու, այսինքն՝ չորսն ունենք, 5-րդի մասին էլ լսել եմ, բայց գաղափար չունեմ: Հետևյալը կարող եմ ասել. ընդհանրապես Սիրիայում խորհրդարանական ընտրություններին համայնքային դրվածք չկա, այնպես չէ, որ անպայման մեկը պետք է լինի հայ, որ ներկայացնի հայերի կամ հայ համայնքի շահերը, այդպիսի բան չկա: Պատգամավորն ինքնին Սիրիայի քաղաքացի է: Այնպես որ, եթե պետությունը ինչ-որ համայնքի հետ հարաբերություններ պիտի մշակի, անշուշտ, կարող է օգտվել ծագումով հայ պատգամավորից, ինչպես և մենք: Նաև ասեմ, որ 1928թ. մինչև անցյալ՝ 2011-ի շրջանը մենք միշտ խորհրդարանում ունեցել ենք պատգամավորներ, բայց 2011-ին չունեցանք: Այս անգամ կրկին առիթը կա ընտրության: Հիմա այդպիսի բան չկա, որ անպայման հայը մեկ աթոռ պետք է ունենա, բայց մեր հարաբերությունները՝ համայնքի և պետության, և մանավանդ անցյալ տարվա 100-ամյակի հետ կապված Սիրիա-Հայաստան հարաբերությունները այնքան լավ զարգացան, ինչպես գիտեք, Սիրիայի խորհրդարանի նախագահը՝ ԱԺ նախագահը, եկավ Հայաստան, ամենաբարձր մակարդակով մասնակցեց և այլն: Ես ենթադրում եմ, որ այս բոլորը ինքնին իր արձագանքը կունենա:
– Ըստ էության՝ մենք ունենք իշխանության տեսակետը կիսող ներկայացուցիչներ այս ընտրություններին:
– Այո՛: Այսինքն՝ ես չեմ ուզում ասել ընդհանուր հայկական համայնքը կամ հայոց ղեկավարությունը: Նկատի ունեմ հետևյալը. մենք պետության հետ ենք, իշխանության հետ ենք ընդհանրապես, որովհետև ուրիշ կողմի հետ մենք չենք կարող որևէ բանակցություն ունենալ կամ վարել, մանավանդ՝ դրանք իսլամիստական են, դրանք ծայրահեղական են և ոճրագործներ են: Դա չի նշանակում, որ պետության ամեն ինչը մենք հալած յուղի պես ընդունում ենք, նաև ասում ենք, որ պետության մեջ սրբագրելու բաներ կան և սպասում ենք քաղաքական երկխոսության ճանապարհով ինչ-որ լուծումների գնալ: Լինելով համայնք մի երկրում, մի պետության իրականության մեջ՝ ինձ համար շատ կարևոր է ունենալ կայուն պետություն, որպեսզի դրանով ապահովվի նաև երկրի կայունությունը, դրանով ապահովվի նաև իմ գաղութի կայունությունը:
– Այժմ ժամանակավոր հրադադար է: Ի՞նչ ակնկալիքներ կան. ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է երկարատև լինել:
– Արդեն մոտավորապես երկու շաբաթ է՝ զինադադար է, և ես կարող եմ վկայել, որ Դամասկոսում և Հալեպում մոտավորապես 80 տոկոս զինադադարը գործում է, և Հալեպում ջրի, հոսանքի մատակարարումը կատարվում է: Եվ դա մեզ հույս է տալիս, որ կայունության ենք գնում, միաժամանակ միջազգային գետնի վրա լսում ենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ուրիշ պետություններ հանդիպում են, որպեսզի միասնական ինչ-որ հայտարարի գան և որոշ լուծման գան, և առաջիկայում պիտի հանդիպում լինի՝ ամսի 14-ին, այս երկուշաբթի օրը, սպասում ենք, բայց ընդհանրապես մարդիկ հիմա ավել հանգիստ են, որովհետև ավելի խաղաղ է, մեկ-երկու պայթյուններ լինում են, բայց 80-90 տոկոսով խաղաղ է:
– Այս պահի դրությամբ քանի՞ հայ է մնացել Դամասկոսում:
– Դժվար է ասել, որովհետև իսկապես շատ դժվար է որևէ վիճակագրական տվյալներ կատարել, որովհետև գնում են, մնում են: Եթե մարդիկ որոշել են մեկնել մեր հիմնական քաջալերանքն է ամեն ձևով օգնություն ցույց տալ, որպեսզի իրենք Հայաստանում հաստատվեն: Իսկ թվի առումով միայն կարող եմ ասել, որ մոտավորապես 4000 հայեր դեռևս կան Դամասկոսում:
– Սրբազան, օրերս ՌԴ-ում էր Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը աջակցում է Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
– Իրականությունը հետևյալն է, որ ռուսական միջամտությունն ինքին ավելի ապահովություն բերեց, և դա պայքար է ծայրահեղականների դեմ: Ռուսական միջամտությունը միակն է օտար միջամտություններից, որ համաձայնում և համապատասխանում է Սիրիայի պետության շահերին, և ընդհանրապես Ռուսաստանը գործում է Սիրիայում հարգելով Սիրիայի պետության կարծիքը: Իսկ մյուս պետությունների միջամտություններն այսպես չեն լինում: Եվ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի:
– Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հայտարարում է, որ Սիրիայում խաղաղության գործընթացին պետք է մասնակցեն բոլոր համայնքները: Արդյոք համամի՞տ եք, որ, ներսից՝ խորհրդարանից ազգային փոքրամասնությունները կկարողանան այս առումով ձեռքբերումներ ունենալ:
– Անշուշտ, փոքրամասնություններն իրենց կշիռն ունեն: Ես ուրախ եմ, որ մեր համայնքից, մեր գաղութից մարդիկ ունենք, որոնք քաջություն ունեն, պատասխանատվություն ունեն իրենց թեկնածությունը դնելու և իրենց ձայնն ունենալու քաղաքական կյանքի մեջ, և իրենց ներկայությամբ ապացուցելու և այս բոլոր խառնաշփոթության մեջ նաև ինչ-որ տեղ հասկացնելու և պահանջելու, որ նայե՛ք՝ մենք ունենք փոքրամասնություններ կամ մենք ունենք հայկական գաղութ, որի շահերն այսպիսին են, անշուշտ:
1in.am
13/3/2016