Պաղեստինը կարող է սառեցնել Իսրայելը ճանաչելու մասին պատմական որոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81435-Պաղեստինը_կարող_է_սառեցնել_Իսրայելը_ճանաչելու_մասին_պատմական_որոշումը
Պաղեստինյան ղեկավարությունը հունվարի 14-ին կմշակի վերջնական դիրքորոշում՝ ի պատասխան Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 17:47 Asia/Tehran
  • Պաղեստինը կարող է սառեցնել Իսրայելը ճանաչելու մասին պատմական որոշումը

Պաղեստինյան ղեկավարությունը հունվարի 14-ին կմշակի վերջնական դիրքորոշում՝ ի պատասխան Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

Այդ նպատակով Ռամալայում կհրավիրվի Պաղեստինի ազատագրման կազմակերպության(ՊԱԿ) կենտրոնական խորհրդի արտահերթ նիստ, որին կմասնակցեն 120 պատվիրակներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ֆելաստին» հեռուստալիքը:

Նիստի բացման խոսքով հանդես կգան Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եւ Պաղեստինի Ազգային Խորհրդի նախագահ  Սելիմ Զանունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր պատասխան միջոցներից մեկը կարող է լինել 1988 թ. Ալժիրում ընդունված Իսրայելը ճանաչելու Պաղեստինի ազգային խորհրդի պատմական որոշման սառեցումը: Այս դիրքորոշումը հաստատվել է 1993 թվականին Օսլոյում խաղաղության համաձայնագրերի կնքման ժամանակ:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «ՀԱՄԱՍ» իսլամական շարժումը եւ «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորումը հրաժարվել են մասնակցել  Պաղեստինի կենտրոնական խորհրդի նիստին: Իսլամիստները առաջարկել են Աբբասին ֆորումն անցկացնել Բեյրութում, որպեսզի «խուսափեն Իսրայելի ազդեցությունից»:

ՊԱԿ-ը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես պաղեստինյան ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Կենտրոնական խորհուրդը նրա ընդլայնված կառավարման մարմինն է, որի նիստերը հրավիրվում են Ազգային խորհրդի նիստերի միջեւ: Ընթացիկ հանդիպումը կանցկացվի «Ղոդսն Պաղեստինի հավերժական մայրաքաղաքն է» կարգախոսով:

News.am