Պաղեստինցիների կոտորածը՝ Նաքբայի օրվա 70-րդ տարելիցին
Մայիսի 14-ին, Պաղեստինի բռնազավթման 70-րդ տարելիցի օրը, որի ընթացքում տեղի ունեցավ ԱՄՆ-ի դեսպանության փոխադրումը Թել Ավիվից Ղոդս, Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումներն ի ցույց դրեցին Պաղեստինի անպաշտպան ժողովրդի առավել քան երբևե իրավազրկված լինելը:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 59-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 2771-ի: Վերջին շաբաթների ընթացքում ևս Սիոնիստական ռեժիմը սաստկացրել է իր ոճրագործությունները, հրի ու սրի մատնելով հազարավոր պաղեստինցիների:
Պաղեստինի բռնազավթման 70-րդ տարելիցի օրն այդ երկրում տեղի ունեցած զարգացումները վկայում են այն մասին, որ Իսրայելի և նրա արևմտյան հովանավորների ոճրագործություններն ու պաղեստինցիների տառապանքները ոչ միայն չեն դադարում, այլ աճում են:
Նաքբա կամ աղետ բառը երկու դառը հիշողություններ է արթնացնում պաղեստինցիների ու հանրային կարծիքի մոտ: Առաջինը՝ 1948թ. Իսրայելի ռեժիմի հաստատվելն է և երկրորդը՝ ավելի քան 800 հազար պաղեստինցիներին իրենց հայրենիքից վտարելը: Այսօր պաղեստինցի գաղթականների թիվը շուրջ վեց միլիոնի է հասնում:
Իրականում «Նաքբայի օրը» մարդկային ողբերգություն է, որի հետևանքով ոչնչացել են պաղեստինցիների իրավական, քաղաքական, տնտեսական ու մշակութային հիմքերը և այդպիսով ճանապարհ է հարթվել ապօրինի վարչակազմի գոյության համար:
Նաքբայի օրն անդրադառնում է նաև սիոնիստների կողմից հազարավոր պաղեստինցի կանանց, տղամարդկանց ու երեխաների վայրագ սպանությանը: Որպես օրինակ, կարելի է նշել Քաֆար Ղասեմում և Դեյր Յասինում սիոնիստ բանակայինների իրականացրած ոճրագործությունները: 1956թ. հոկտեմբերի 29-ին, Հորդանան գետի արևմտյան ափի Քաֆար Ղասեմ գյուղում, սիոնիստների իրականացրած հրաձգության հետևանքով զոհվեցին 48 պաղեստինցիներ, այդ թվում՝ վեց կանայք ու 23 երեխաներ:
1948 թ. ապրիլի 9-ին, սիոնիստական երկու ահաբեկչական խմբավորումները գրոհելով Ղոդսի արևմուտքում գտնվող Դեյր Յասին գյուղի վրա, սպանեցին գյուղի 360 անպաշտպան բնակիչներին:
Սիոնիստական ռեժիմը պաղեստինյան տարածքներում իր կազմավորման օրից ի վեր չի դադարեցրել ոճրագործությունները և դրա ամենավերջին օրինակն էր երկուշաբթի օրը ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով պաղեստինցիների կոտորածը:
Լոնդոնում լույս տեսնող Ալ-Ղոդս Ալ-Արաբի օրաթերթը Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանության բացումը նոր աղետ է համարել Պաղեստինի ժողովրդի և միջազգային արդարադատության համար: Օօրաթերթը գրել է, որ զավթողականությամբ և ԱՄՆ-ի հովանավորությամբ տարածաշրջանում ձևավորված Իսրայելը, շարունակում է պաղեստինցիների դեմ բռնությունը:
Ամերիկացիների սադրիչ քաղաքականությունները, հատկապես մայիսի 14-ին ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Ղոդս փոխադրելու Թրամփի որոշումը, վկայում են այն մասին, որ տարածաշրջանի ժողովուրդը դեռ զգում է ԱՄՆ-ի և Սիոնիստկան ռեժիմի նենգ քաղաքականությունների հետևանքները, որը հանգեցրել է մեծ թվով պաղեստինցիների սպանությանը: