Էրդողան. Թուրքիայում հաղթել է ժողովրդավարությունը
Թուրքիայում հունիսի 24-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել են ժողովրդի կամքն ու ժողովրդավարությունը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ելույթ ունենալիս: Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ նախօրեին Թուրքիան ընտրություն է կատարել բոլոր հանցավոր կառույցների, այդ թվում՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) և Ֆեթուլլահ Գյուլենի «FETÖ» շարժման դեմ պայքարի օգտին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ առաջիկա տարիներին Անկարան առավել վճռական պայքար կմղի ահաբեկչական կազմակերպությունների դեմ, իսկ Թուրքիայի հեղինակությունը միջազգային ասպարեզում կաճի: Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենան հայտարարել է, որ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 24-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է քվեների բացարձակ մեծամասնությունը: Ըստ տեղեկության՝ դիտարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը, ինչից հետո պարզ է դարձել, որ Էրդողանը ստացել է ձայների 52,6 տոկոսը: Թուրքիայում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար մրցել են իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև Ազգայնական շարժում կուսակցությունները ներկայացնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիամադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջեի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, «Երջանկություն» կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը: Հունիսի 24-ին Թուրքիայում կայացել են արտահերթ նախագահական և խորհրդարանակն ընտրություններ: Դա Թուրքիայում անցկացված առաջին ընտրություններն են սահմանադրական հանրաքվեից հետո, որի արդյունքների հիման վրա կառավարման խորհրդարանական ձևը երկրում փոխարինվել է նախագահականով: Փոփոխությամբ նախատեսվում է, որ երկրում վերացվելու է վարչապետի պաշտոնը, իսկ խորհրդարանի պատգամավորների թիվն ավելացվելու է:
Ankakh.com