Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Անկարայում նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կառավարության նոր կազմը, հայտնում է ТАСС-ը:
Երկրի պատմության մեջ առաջին փոխնախագահ է նշանակվել Ֆուաթ Օքթայը: Նոր կառավարության կազմում իրենց պաշտոններն են պահպանել երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Պաշտպանության նախարար է նշանակվել Հուլուսի Աքարը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը:Էրդողանը ֆինանսների նախարար է նշանակել իր փեսային՝ Բերաթ Ալբայրաքին, որն ավելի վաղ գլխավորում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, նոր կառավարության կազմում ընդգրկվել է 16 նախարար՝ 10-ով պակաս, քան նախորդ կազմում:Թուրքիայի սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն՝ երկրում վերացվել է վարչապետի պաշտոնը, իսկ կառավարությունն այժմ ղեկավարելու է նախագահը:
Երեկ՝ հուլիսի 9-ին, վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Թուրքիայի խորհրդարանում՝ կառավարության անդամների և պատգամավորների ներկայությամբ:Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 24-ին: Երկրի գործող նախագահը հաղթանակ է տարել առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 52,59 տոկոսը:
tert.am