Սիրիայում ԱՄՆ-ի քայլերը գաղութարարական բնույթ են կրում. Մոսկվա
ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի ու Ռուսաստանի մշտական ներկայացուցիչները անօրինական են համարել Սիրիայի տարածքում ամերիկացի զորայինների ներկայությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ՄԱԿ-ի ԱԽ-ում նշել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը գաղութարարական բնույթ է կրում:
Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարն ընդամենը պատրվակ է Սիրիայում ԱՄՆ-ի կոալիցիայի ներկայության համար, հավելելով, որ Վաշինգտոնի աջակցությունը վայելող և Սիրիայում քիմիական հարձակումներում դերակատարություն ունեցած «Սպիտակ սաղավարտակիրներ» խումբը պիտի հեռանա Սիրիայից:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին նույնպես ԱԽ-ի նիստում ընդգծել է. «ԱՄՆ-ի կոալիցիան, Սիրիայում կռվում է բոլոր կողմերի դեմ, բացառությամբ՝ ահաբեկիչների»:
«Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված կոալիցիան նպատակ ունի ոչնչացնել Աստանայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-հայտարարել է Բաշար ալ-Ջաաֆարին, կրկին անգամ անօրինական համարելով Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա գլխավորած կոալիցիայի ուժերի ներկայությունը: