Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն զգուշացրել է INF պայմանագրի չեղարկման հետևանքների կապակցությամբ
Զգուշացնելով ԱՄՆ-ի կողմից INF պայմանագրի չեղարկման հետևանքների կապակցությամբ, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Եվրամիությանը կոչ է արել միասնական և համակարգված դիրքորոշում որդեգրել այդ հարցի նկատմամբ: Այս մասին հաղորդել է գերմանական Handelsblatt թերթը:
Հաշվի առնելով Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից( INF) ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դուրս գալը, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Եվրոպային կոչ է արել որոշակի ռազմավարություն կիրառել այդ պայմանագրի նկատմամբ:
Իշինգերն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականին ավելի անկանխատեսելի կդառնա»:
Իշինգերի խոսքով՝ սպառազինության վերահսկման գործընթացը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ:
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը նշել է.«Եվրոպան կանգնել է քաղաքական ու անվտանգության լուրջ խնդիրների առջև»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փետրվարի 2-ից կսկսի Ռուսաստանի հետ Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից (INF) դուրս գալու գործընթացը, որը կավարտվի 180 օրվա ընթացքում:
Նշենք, որ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ժամանակի ղեկավարները, 1987 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում ստորագրեցին Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագիրը՝ INF-ը: