Լոնդոնում արդեն 7-րդ օրը շարունակվում են բնապահպան ակիտիվիստների բողոքի ակցիաները
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ անցկացվող ցույցերի 7-րդ օրը շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարի ոլորտում աշխարհահռչակ պատանու ներկայությունն ավելի մեծ թափ հաղորդեց այդ հասարակական շարժմանը:
Շվեդացի 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն անցյալ տարվա սեպտեմբերին իրեն հռչակել էր դեռահասների՝ «դպրոցական գործադուլ հանուն կլիմայի» համաշխարհային շարժման առաջնորդ, և դարձել շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային ակտիվիստ, կիրակի օրը Լոնդոնում ընթացող հանրահավաքում ունեցած ելույթում ասել է.«Ձեր քայլը ակնառու ազդեցություն է ունեցել, քանի որ կլիմայական ճգնաժամը տասնյակ տարիներ ի վեր արժանացել է անուշադրության և երկրների պետայրերն իրենց ուսերից թոթափել են պատասխանատվության բեռը»:
Այս աշխարհահռչակ բնապահպան-ակտիվիստն ընդգծել է.«Հանուն ավելի լավ ապագայի և հանուն երկիր մոլորակի պահպանության պայքարը շարունակվելու է»:
Թունբերգն անցած շաբաթ ևս մասնակցել է Իտալիայում անցկացված նմանատիպ ակցիաների և այնուհետև հանդիպել է աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Երկու տարի առաջ Թունբերգն առաջին անգամ Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ նստացույց արեց բողոքելով կլիմայական փոփոխությունների դեմ, իսկ ավելի ուշ սկսել է ակցիաներ կազմակերպել այլ երկրներում: Նշվում է, որ այնուհետև ամեն շաբաթ մոտ 70 հազար աշակերտներ ողջ աշխարհում բողոքի ակցիաներ են անցկացնում այդ հարցով:
Լոնդոնում բնապահպան-ակտիվիստների ցույցերն սկսվել են ապրիլի 15-ին: Ակցիայի մասնակիցները բողոքում են քաղաքական գործիչների կողմից երկրագնդի գլոբալ տաքացման հարցն անուշադրության մատնվելու դեմ: