Գողացել են Եվրոպայի ամենաթանկարժեք գանձը
Գերմանիայի Դրեզդենում գողացել են Եվրոպայի ամենաթանկարժեք գանձերից համարվող 18-րդ դարի անգին քարերով զարդերի երեք հավաքածուներ:
Գարդիան օրաթերի հաղորդման համաձայն, գղությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան:
Դրեզդենի Թագավորական պալատի էլեկտրական սնուցման համակարգի հրդեհից հետո, թանգարանի ազդանշանային համակարգն անջատվել է: Սակայն չնայած էլեկտրաէներգիայի անջատմանը, հսկողության տեսախցիկը նկարահանել է Դրեզդենի Թագավորական պալատում գտնվող Կանաչ գանձարանի թանգարան մուտք գործող երկու տղամարդկանց:
Ոստիկանությունը հայտարարել է, որ գողերը նախ կոտրել են թանգարանի թանկարժեք քարերի սենյակի պատուհանները, կտրել ճաղերը և այնուհետև կոտրելով ցուցասրահի ցուցափեղկը, գողացել զարդերը: Հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության ուժերը հանցագործության մասին տեղեկացել են առավոտյան ժամը 5-ից մի քանի րոպե առաջ, և շտապել դեպքի վայր, սակայն գողերին հաջողվել է դիմել փախուստի:
Ավելի ուշ քաղաքում հայտնաբերված այրված ավտոմեքենան, ըստ երևույթին, եղել է տրանսպորտային միջոցը, որով գողերը դիմել են փախուստի: Ոստիկանությունը փակել է ճանապարհները, որպեսզի գողերը չկարողանան դուրս գալ քաղաքից, սակայն քանի որ թանգարանը գտնվում է մայրուղու հարևանությամբ, գողերին ամենայն հավանականությամբ կհաջողվի փախչել: